ՀՀ ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%:

14.05.2013 19:09
ՀՀ ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. 2013 թ. մայիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է  անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2013 թ. ապրիլին արձանագրվել է 0.1% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.9%՝ գրեթե համընկնելով գնաճի նպատակային ցուցանիշի հետ:

ՀՀ ԿԲ գնահատումների համաձայն, մինչև երկրորդ եռամսյակի վերջ 12-ամսյա գնաճը կավելանա՝ գտնվելով տատանման թույլատրելի միջակայքի վերին հատվածում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ:

Խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային պահանջարկը մնում է ցածր, և հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում երկրորդ եռամսյակի սկզբին նկատվել են գնանկումային դրսևորումներ:

Խորհուրդը գնահատել է, որ կարճաժամկետ հատվածում ակնկալվում է գյուղատնտեսական ապրանքների գների որոշակի աճ՝ պայմանավորված նախորդ տարում դրսևորված գյուղատնտեսության առաջարկի շոկի մարմամբ, ինչը կչեզոքացնի գնաճի վրա արտաքին հատվածից սպասվող գնանկումային ազդեցությունը:

Միևնույն ժամանակ, 2013թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում տնտեսական ակտիվությունը շարունակել է մնալ բավականին բարձր՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայությունների (հատկապես առևտրի ծավալների) բարձր աճերով, ինչն էլ այս եռամսյակ ևս ուղեկցվել է մասնավոր սպառման բարձր աճով: Նշենք, որ վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա հիմնականում մեղմվել է առաջին եռամսյակում Կառավարության կողմից իրականացված Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը: Այդ պարագայում գնահատվում է, որ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը կպահպանվի 4.0% նպատակային ցուցանիշի շրջակայքում:

«Այդուհանդերձ, Խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում հնարավոր են գնաճային ռիսկեր՝ կապված վերջին օրերին եղանակային վատ պայմանների՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության և էներգակիրների սակագների հավանական վերանայման հետ: Այս ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Վերջին անգամ ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է 2011թ.–ի սեպտեմբերի 6–ին` այն 8,5 տոկոսից նվազեցնելով մինչև 8 տոկոս։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև