Հայկական դրամի արժեզրկումը շարունակվում է` չնայած ԿԲ–ի ինտերվենցիաներին

06.03.2014 18:45
Հայկական դրամի արժեզրկումը շարունակվում է` չնայած ԿԲ–ի ինտերվենցիաներին

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն այս տարվա հունվար–փետրվարին արժեզրկման ակնհայտ միտում է դրսևորել` չնայած ազգային արժույթին աջակցելու ԿԲ բոլոր ջանքերին։

Պաշտոնական տվյալներով` հունվարի 8–ի (տարվա առաջին աշխատանքային օրը) դրությամբ արժութային շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը կազմել է 405.95 դրամ մեկ դոլարի դիմաց, փետրվարին այն հասել է մեկ դոլարի դիմաց 411.5 դրամի` հունվարի համեմատ ավելանալով 1.1 տոկոսով (իսկ 2013 թվականի դեկտեմբերի համեմատ` 1.5 տոկոսով)։ Միաժամանակ մարտի 6–ին հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հասել է մեկ դոլարի դիմաց 414.66 դրամի` 2014 թվականի սկզբից ավելանալով 2.1 տոկոսով։

Ձգտելով կայունացնել իրավիճակը և աջակցել դրամին ինտերվենցիաների ճանապարհով` Կենտրոնական բանկը փետրվարին արժութային շուկայում վաճառել է շուրջ 61.5 մլն դոլար, ընդ որում, ամսվա միայն վերջին շաբաթվա ընթացքում ներարկումը կազմել են մոտ 23.9 մլն դոլար։

Հարկ է նշել, որ 2013 թվականին, չնայած արժութային փոխարժեքների տատանողականությանը, նկատվում էր նաև ազգային արժույթի արժեզրկում։ ԱՎԾ տվյալներով` դոլարի միջին կշռված փոխարժեքը դրամի նկատմամբ 2013 թվականին կազմել է 409.63 դրամ մեկ դոլարի դիմաց` 2012 թվականի 401.76 դրամի դիմաց։ Դրամի նման թուլացումը կարող էր բխել նաև ԿԲ–ի ինտերվենցիաներից, որոնք կարգավորիչն իրականացրել է արժութային շուկայում նախորդ տարվա ընթացքում։ Մասնավորապես, նա գնել է 121 մլն դոլար և վաճառել է 48.8 մլն դոլարի արտարժույթ։

Վերլուծաբանների գնահատականներով` հայկական դրամի արժեզրկման միտումը պայմանավորված է վճարային հաշվեկշռի սեզոնային շտկումներով և ռուսական ռուբլու արժեզրկման սպասելիքներով, որն Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին կտրուկ արժեզրկվել է դոլարի և եվրոյի նկատմամբ` մարտի երեքին հասնելով իր պատմական նվազագույնին։

Հարկ է նշել, որ դրամի նկատմամբ ռուբլու փոխարժեքի նվազման միտումը նկատվել է ընթացիկ տարվա սկզբից։ Առաջին երկու ամիսներին ռուսական ռուբլին արժեզրկվել է 6.3 տոկոսով (հունվարի 8–ին ռուբլու փոխարժեքը կազմում էր 12.26 դրամ մեկ ռուբլու դիմաց)։ Սակայն Ռուսաստանի դրամավարկային քաղաքականության խստացումից և արժութային ներարկումներից հետո ռուբլին սկսել է դանդաղ աճել` մարտի 6–ի դրությամբ կազմելով 11.48 դրամ մեկ ռուբլու դիմաց։

Հայաստանի կառավարությունը միաժամանակ մտահոգություն ունի, որ ռուսական ռուբլու արժեզրկումը կարող է բացասաբար ազդել հայկական տնտեսության վրա։ Նախևառաջ, դա վերաբերում է տրանֆերտներին, քանի որ արժեզրկված ռուբլու դեպքում ավելի քիչ տրանսֆերտներ են մտնելու հանրապետություն։ Կարող են նաև արտահանման խնդիրներ լինել, քանի որ թույլ ռուբլին չի նպաստում արտահանման աճին։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև