Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ, իսկ ռիսկերը` կառավարվող. ԿԲ

18.04.2014 14:37
Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ, իսկ ռիսկերը` կառավարվող. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է կայուն մնալ, իսկ ռիսկերը` կառավարվող, հայտնեց հանրապետության Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը։

«Մեր ֆինանսական համակարգը շարունակում է բավականին կայուն և տարբեր սթրեսների և շոկերի դիմակայելու ընդունակ մնալ»,– ասաց Գրիգորյանը «Հայաստանի Հանրապետության 2013 թ.–ի ֆինանսական կայունության մասին» ԿԲ հաշվետվությունը ներկայացնելիս։

Նա ավելացրեց, որ այդ մասին վկայում են ինչպես ֆինանսական համակարգի ներկայիս ցուցանիշները, այնպես էլ եռամսյակը մեկ կարգավորիչի կողմից կանոնավոր կատարվող սթրես–թեստերը։

Գրիգորյանի խոսքով` ֆինանսական համակարգի բոլոր հիմնական ցուցանիշները 2013 թվականին աճ են գրանցել, որը շարունակվում է վերջին մի քանի տարիներին։

ԿԲ ներկայացուցիչը միաժամանակ հայտնեց, որ Հայաստանի ֆինանսական կայունության վրա այս կամ այն աստիճանով կարող են ազդել համաշխարհային տնտեսության տնտեսական զարգացումները և աշխարհաքաղաքական զարգացումները։

Կենտրոնական բանկի տվյալներով` Հայաստանի բանկային համակարգի վարկերը 2013 թվականի դեկտեմբերի վերջին կազմել են 1 798.2 մլրդ դրամ` 5 տարվա ընթացքում ավելանալով գրեթե կրկնակի, ավանդներն աճել են 2.5 անգամ` մինչև 1 612.4 մլրդ դրամ։ Հայաստանի առևտրային բանկերի վարկերը երկրի ՀՆԱ–ում 5 տարիների ընթացքում աճել են 23.4 տոկոսից մինչև 42.1 տոկոս 2013 թվականին, իսկ ՀՆԱ–ում բանկերի ակտիվներն աճել են 42,2% –ից մինչև 69% 2013 թվականին ($1 – 413,68 դրամ)։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև