Sat, 14 June
22.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Հայաստանի բանկային համակարգը 2011 թվականին արագ տեմպերով կաճի

«ԱՌԿԱ» Պարոն Ջավադյան, Հայաստանի բանկային համակարգը համաշխարհային ճգնաժամի հավանական կրկնվող հետևանքներից պաշտպանող կանխարգելիչ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Հայաստանի Կենտրոնական բանկը:

Ա.Ջավադյան Թե 2007-2008թթ. ճգնաժամից առաջ, թե հատկապես ճգնաժամից հետո աշխատանքներ են իրականացվում ապագայում հավանական ճգնաժամերին առավել արագ ու արդյունավետ արձագանքելու հնարավորությունների զարգացման, ֆինանսական վերահսկողության նպատակայնությունը բարձրացնելու ուղղությամբ:

Սթրես թեսթերի միջոցով պարբերաբար գնահատվում է ընդհանուր ֆինանսական համակարգի և առանձին ֆինանսական հաստատությունների կայունությունը, որոշակի սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակությունն ու ճկունությունը: Մշակվել են արագ արձագանքման գործողությունների ծրագրեր` որոշակի իրավիճակների, իրադարձությունների դրսևորվելու դեպքում ֆինանսական հաստատությունների իրացվելիության, վճարունակության խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ժամանակին նախաձեռնման համար:

Ֆինանսական վերահսկողության տեսանկյունից առանձնակի ուշադրություն է հատկացվում առանձին ֆինանսական հաստատությունների ռիսկերի ընթացիկ մոնիտորինգին և մանրամասն վերլուծությանը:

«ԱՌԿԱ» Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային համակարգի 2010 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքները: Ինչպիսի՞ն են կանխատեսումները տարեվերջի, ինչպես նաև 2011 թվականի համար՝ պետբյուջեի կողմից 2010 թվականին նախատեսված 1,2 տոկոսի դիմաց տնտեսական 4,6-տոկոսանոց աճի ցուցանիշի բարելավման համատեքստում:

Ա.Ջավադյան Տնտեսական աճի տեմպերի ակնկալվող մեծացման համատեքստում 2011թ. սպասվում է հաշվետու տարվա համեմատ բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների ավելի բարձր աճի միտումներ` առավելապես վարկավորման ոլորտում:

ՀՀ բանկային համակարգը 2010թ. ընթացքում բավականաչափ աշխուժացել է վարկային շուկայում` պայմանավորված ինչպես հետճգնաժամային պայմաններում տնտեսությունում կայունության դրական միտումներով, բանկերի և վարկառուների մոտ եկամուտների կայունացման ու ավելացման լավատեսական սպասումներով, այնպես և ԿԲ կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությամբ:

Ընդհանուր առմամբ 2010թ. առաջին ինն ամիսների ընթացքում բանկային համակարգը ապահովել է ակտիվների 7%, պարտավորությունների 8% և կապիտալի 10% աճեր: Բանկային համակարգը 2010թ. ինն ամիսներին աշխատել է 21 մլրդ դրամ շահույթով և ապահովել է շահութաբերության բարձր մակարդակ` շահութաբերությունն (տարեկանացված) ըստ ակտիվների (RoA) կազմել է 2.1%, ըստ կապիտալի (RoE)` 9.5%:

Ի համեմատություն ակտիվների աճի տեմպի` բանկային համակարգի կողմից տնտեսությանը տրամադրած վարկերը 2010թ. ինն ամիսներին ապահովել են առաջանցիկ աճի տեմպ. վարկերն աճել են 15%-ով կամ 107 մլրդ դրամով: Վարկերի աճին զուգահեռ արձանագրվել է վերջիններիս որակի լավացում. ստանդարտ դասի լավորակ վարկերի տեսակարար կշիռը ընդհանուր վարկերում կազմում է 95.5%՝ 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արձանագրված 95,2 տոկոսի դիմաց:

Բանկերի գործունեության ռիսկայնության տեսանկյունից հատկանշական է, որ վերջիններիս ստանձնած ռիսկերը գտնվում են կառավարելի շրջանակներում, և բանկերը գործում են նորմատիվային պահանջների շրջանակներում. բանկային համակարգի կապիտալի համարժեքության ցուցանիշը 26.9% է (պահանջվող նորմատիվային նվազագույն մեծությունը 12% է), ընթացիկ և ընդհանուր իրացվելիության նորմատիվային ցուցանիշները, համապատասխանաբար, 30.1% և 129.3% (պահանջվող նորմատիվային նվազագույն մեծությունները` համապատասխանաբար՝ 15% և 60%):

Որպես կանոն՝ տարվա չորրորդ եռամսյակում, ի համեմատություն նախորդ եռամսյակների, բանկային համակարգն ապահովում է ամփոփ ցուցանիշների (ակտիվներ, կապիտալ, պարտավորություններ, վարկեր, ավանդներ) ամենաբարձր աճի միտումները, և ԿԲ սպասումներով՝ իրական հատվածի դրական զարգացումների միտումների ներքո, բանկային համակարգը 2010թ. չորրորդ եռամսյակում դարձյալ կպահպանի նախկինում ձևավորված վերոնշյալ միտումները և էլ ավելի կակտիվացնի գործունեությունը վարկային շուկայում:

Տնտեսական աճի տեմպերի ակնկալվող մեծացման համատեքստում 2011թ. սպասվում է հաշվետու տարվա համեմատ բանկային համակարգի ամփոփ ցուցանիշների ավելի բարձր աճի միտումներ` առավելապես վարկավորման ոլորտում:

«ԱՌԿԱ» Ինչո՞վ կարելի է բացատրել Հայաստանի բանկային հատվածում դեպոզիտների և վարկերի շուկայի աճը վերջին ժամանակներս:

Ա.Ջավադյան2009թ. չորրորդ եռամսյակում և 2010թ. բավականաչափ աշխուժացավ վարկային շուկան: 2008թ. չորրորդ եռամսյակից (երբ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև ՀՀ բանկային համակարգի վրա) մինչ 2009թ. երրորդ եռամսյակը Հայաստանի վարկային շուկան բավականին պասիվ էր:

2009թ. տարեսկզբին բանկերը սկսեցին գործել ավելի զգույշ, մասնավորապես վարկային քաղաքականության առումով (վարկառուների ֆինանսական միջոցների ավելի մանրակրկիտ ուսումնասիրություն ու վերլուծություն): Միաժամանակ զգուշություն էր նկատվում նաև վարկառուների կողմից, քանի որ վարկառուների մի մասը ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում երկարաժամկետ հատվածում իրենց ապագա եկամուտների կանխատեսումներում անորոշություններ ունեին:

2009 թվականի երրորդ եռամսյակից արդեն վարկային շուկան էապես աշխուժացավ, ինչին նպաստեցին բանկերի և վարկառուների մոտ վարկառուների եկամուտների կայունության որոշակի սպասումների ձևավորումը, ԿԲ կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությունը և պետության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերը:

Վերջին ամիսներին վարկային շուկայի ակտիվացմանը, ի լրումն վերոնշյալների, նպաստել է նաև տրանսֆերտների և բնակչության եկամուտների աճը, ՀՀ դրամ – ԱՄՆ դոլար փոխարժեքի համեմատաբար կայուն մակարդակը և իրական հատվածի դրական զարգացումները:

2010թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է ավանդների 3.7%-ով կամ 22.3 մլրդ դրամով աճ` որն ամբողջովին պայմանավորված է ֆիզիկական անձանց ավանդների այդչափ աճով: Ֆիզիկական անձանց ավանդների աճը փաստում է  բանկերի նկատմամբ վերջիններիս վստահության ամրապնդման մասին:

Այս միտումը  նպաստում է բանկային համակարգի` տնտեսության միջնորդության դերի բարձրացմանը հետևաբար նաև իրական հատվածի վարկավորման ընդլայնման հնարավորություններին:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 2010թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ավանդների 4.9% նվազում` հիմնականում ի հաշիվ իրավաբանական անձանց ցպահանջ ավանդների նվազման: Սա պայմանավորված էր արտարժութային ավանդների վերագնահատմամբ (այս ժամանակահատվածում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվել է 11 դրամով, և, եթե բացառենք վերագնահատման արդյունքը, ապա կարձանագրվեր ավանդների 2.8% նվազում) և տնտեսվարողների կողմից դեռևս 2009թ. ներդրած ցպահանջ ավանդների (իրենց կողմից կուտակված ազատ դրամական միջոցների հաշվին) կրկին բիզնես ուղղելու փաստով:

Ընդ որում, 2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով կտրուկ` 36%-ով, աճել էին իրավաբանական անձանց ավանդները, և այս տարի հետճգնաժամային պայմաններում այդ միջոցների ուղղումը բիզնես` տնտեսության տեսանկյունից առողջ զարգացում էր:

«ԱՌԿԱ» – Ինչպիսի՞ն է Հայաստանի լիզինգային շուկայի վիճակը 2010 թվականի ինն ամիսների տվյալներով և զարգացման ի՞նչ հեռանկարներ կան 2011 թվականին։ Միջազգային ինչպիսի՞ ծրագրերում են ներգրավված լիզինգով զբաղվող հայկական ֆինանսավարկային կազմակերպությունները։

Ա. Ջավադյան – ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2010թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված լիզինգի ծավալը կազմել է 6.6 մլրդ դրամ` ի համեմատություն տարեսկզբի 5.8 մլրդ դրամի: Համեմատության համար՝  2009թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ նույն ցուցանիշը կազմել է 6.0 մլրդ` ի համեմատություն 2008թ. դեկտեմբերի 31-ի 5.0 մլրդ դրամի:

Չնայած նրան, որ լիզինգային շուկան դեռևս թույլ է զարգացած ՀՀ-ում, կան վարկային կազմակերպություններ, որոնք ՀՀ ԿԲ-ի կողմից ստացել են լիզինգային վարկային կազմակերպության լիցենզիա և բավականին ակտիվ գործունեություն են ծավալում այս ոլորտում: Ուստի լինելով լավ մասնագիտացված այս ասպարեզում և քաջատեղյակ շուկայի զարգացումներից` նրանք իրենց հաճախորդներին առաջարկում են համագործակցության առավել լայն սպեկտր և հարմար պայմաններ:

2010 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆինանսական համակարգի ընդհանուր լիզինգային պորտֆելի մոտ 73%-ը բաժին է ընկնել հենց վարկային կազմակերպություններին: Վերջիններիս մեջ կան այնպիսինները, որոնք համագործակցում են մի շարք միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչպիսիք են օրինակ` EBRD, IFS, Financial Planets:

2011թ. այս ոլորտում կտրուկ զարգացումներ չեն ակնկալվում, սակայն ֆինանսական ինստիտուտների տրամադրվածությունն ու այս շուկայում միջազգային փորձի աստիճանական ներդրումն ու զարգացումը կապահովեն բոլոր նախապայմանները բնականոն աճի համար:

«ԱՌԿԱ» – Ի՞նչ գործիքներ կգործարկվեն գնաճի հնարավոր կտրուկ թռիչքների կարգավորման համար՝ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի այն արտահայտության համատեքստում, որ գնաճը 2011 թվականի գլխավոր մարտահրավերներից կլինի։

Ա.Ջավադյան – ԿԲ-ի գերակա խնդիրը 2011թ. համար պահպանվող գնաճային ներուժը վերացնելու և գնաճային սպասումները խարսխելու նպատակի իրագործումն է: Վերջինիս, բնականաբար, նպատակաուղղված կլինեն ԿԲ զինանոցում եղած բոլոր գործիքները՝ ակնկալելով նաև Կառավարության ակտիվ օժանդակությունը:

Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ Կենտրոնական բանկի գլխավոր նպատակը գների կայունության ապահովումն է, և ԿԲ-ն պատրաստ է իրագործել գնաճի նպատակային ցուցանիշը իր գործիքակազմում առկա բոլոր գործիքներով: Սակայն երբեմն կարող են լինել գնաճի այնպիսի կտրուկ տատանումներ, որոնք հնարավոր չէ հարթել ԿԲ գործիքակազմի միջոցով (օրինակ՝ առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի դեպքում):

2010 թվականին ձևավորվել է գնաճային միջավայր, որը պայմանավորվել է նախորդ տարվա վերջին արտաքին և ներքին տնտեսությունների որոշակի աշխուժացման, ինչպես նաև 2009թ-ին տնտեսական աճի խթանման նպատակին ուղղված հարկաբյուջետային և դրամավարկային ընդլայնողական քաղաքականությունների իրագործման ազդեցությամբ: Դրան 2010թ. երրորդ եռամսյակում գումարվել է նաև դրսևորված առաջարկի ցնցումի՝ գյուղատնտեսության ճյուղի խորը անկմամբ և միջազգային շուկաներում ցորենի գնի կտրուկ աճով պայմանավորված գնաճային գործոնի ազդեցությունը: Արդյունքում, սեպտեմբերի վերջին 12-ամսյա գնաճը կազմել է 8.6%, որին միայն 3.3 տոկոսային կետով նպաստել է «Միրգ», «Բանջարեղեն և կարտոֆիլ» և 1.5 տոկոսային կետով` «Հացամթերք» ապրանքախմբերի գների աճը:

Միևնույն ժամանակ տարեսկզբից դրամավարկային պայմանների խստացումը` արտահայտված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ, որոշ չափով մեղմել է բարձր գնաճային միջավայրը:

«ԱՌԿԱ» – Մտադի՞ր է, արդյոք, Հայաստանի Կենտրոնական բանկն ավելի խստացնել տարվող դրամավարկային քաղաքականությունը, և եթե այո, ապա ինչո՞վ է դա պայմանավորված։

Ա.Ջավադյան – ՀՀ ԿԲ կողմից առաջիկա մեկ տարվա համար արված վերջին կանխատեսումների համաձայն, որոնք հրապարակված են ԿԲ կայքում տեղադրված «Դրամավարկային քաղաքականության 4-րդ եռամսյակի ծրագիր» պարբերականում, 2010 թ. սեպտեմբերին հաջորդող մեկ տարվա հորիզոնում կանխատեսված մակրոտնտեսական միջավայրի պայմաններում սպասվում է, որ 12-ամսյա գնաճը կշարունակի աստիճանաբար նվազել, իսկ հաջորդ տարվա երկրորդ կեսից, առաջարկի շոկերի ազդեցության վերջնական մարման արդյունքում, այն կձևավորվի նպատակային միջակայքում:

Այսպիսով, տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի վարկածի պայմաններում, կանխատեսվել են տարեվերջին գնաճի 8.1%, իսկ 2011 թ. երրորդ եռամսյակի ավարտին՝ տ/տ 3.7% մակարդակներ: Հաշվի առնելով գնաճի կանխատեսվող նման զարգացումները՝ առավել հիմնավորված է դրամավարկային քաղաքականության պահպանողական բնույթը: Սակայն, կախված գնահատված ռիսկերի դրսևորումներից, չի բացառվում քաղաքականության տոկոսադրույքի ճշգրտումը:

«ԱՌԿԱ» – Ի՞նչ կախվածության մեջ է Հայաստանի գների աճը միջազգային շուկաներում արձանագրված գնաճից։

Ա.Ջավադյան – ՀՀ կենտրոնական բանկը շարունակաբար հետևում է ինչպես համաշխարհային տնտեսությունում ընդհանուր գնաճային զարգացումներին, այնպես էլ մի շարք հիմնական ապրանքատեսակների (հացահատիկ, բրինձ, շաքարավազ, նավթ և այլն) գների` միջազգային շուկաներում ձևավորման գործընթացներին: Այս առումով պետք է նշել, որ ՀՀ ներքին տնտեսությունում գնաճային զարգացումները հիմնականում համադրելի են և համընկնում են միջազգային գների շարժին, իսկ դրանում առաջացած հնարավոր շեղումների և դրանց պատճառների բացահայտման նպատակով Կենտրոնական բանկը սերտորեն համագործակցում է պետական մյուս կառույցների, այդ թվում` ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ:

«ԱՌԿԱ» – Տարածվու՞մ են, արդյոք, Հայաստանի՝ որպես բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեի անդամի վրա Բազել III մասով բանկային գործունության կարգավորման նոր կանոնները։

Ա.Ջավադյան – Ներկայումս Կենտրոնական բանկի համապատասխան մասնագետների կողմից մանրամասն ուսումնասիրվում են բանկային գործունեության կարգավորման դաշտում Բազել III-ով (որը դեռևս վերջնականապես հաստատված չէ միջազգային համապատասխան կառույցների կողմից) առաջարկվող փոփոխությունները և դրանց ներդրման հնարավորությունն ու նպատակահարմարությունը մեր երկրում:

ՀՀ բանկային գործունեության կարգավորման կանոնները բավականին խիստ են` Բազել II-ի համեմատ, և իրենց բնույթով ավելի մոտ են Բազել III-ով նախատեսվող դրույթներին: Անհրաժեշտ ուսումնասիրություններից ու քննություններից հետո Կենտրոնական բանկը որոշում կկայացնի նոր կանոնների ներդրման նպատակահարմարության վերաբերյալ:

«ԱՌԿԱ» – Բազել III նորարարություններից մեկը կապիտալի բավարարության մակարդակի բարձրացումն է ներկայիս 4 տոկոսից մինչև 6-8 տոկոսի։ Առաջարկվել է նաև բանկերի ակտիվներից մինչև 3 տոկոս հատուկ պահուստներ ներդնել, որոնք կոչված կլինեն նոր ճգնաժամի դեպքում կայունության պահուստ ապահովել։ Սակայն մի շարք փորձագետներ կարծում են, որ նոր կանոնները կարող են սահմանափակել վարկավորումը և բացասաբար անդրադառնալ տնտեսական աճի վրա։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այդ կանոնների փաստը, և ի՞նչ ազդեցություն կարող են դրանք ունենալ երկրի բանկերի և տնտեսության վրա։

Ա.Ջավադյան – Նախքան նորմատիվների նոր սահմանաչափերի հայտարարումը Բազելյան կոմիտեի և Ֆինանսական կայունության խորհրդի կողմից իրականացվել է Քանակական ազդեցության գնահատում` կապիտալի և իրացվելիության նոր ստանդարտների ազդեցությունը ՀՆԱ-ի վրա քանակապես չափելու նպատակով: Գնահատման արդյունքները վկայում են, որ նոր ստանդարտների ներդրման սկզբնական շրջանում ազդեցությունը տնտեսական աճի վրա կլինի փոքր-ինչ սահմանափակող, սակայն միջնաժամկետում ստացված օգուտներն ավելի մեծ կլինեն, քան դրանց համար կատարված ծախսերը:

Հայաստանի համար նման քանակական գնահատում դեռևս չի կատարվել, սակայն հաշվի առնելով, որ անցումային տնտեսություն ունեցող երկրներում, այդ թվում Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակը համեմատաբար ցածր է զարգացած երկրների համեմատ, հետևաբար հնարավոր փոփոխությունների ազդեցությունը նույնպես ավելի փոքր կլինի:

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս կարելի է գնահատել Բանկիրների և ֆինանսիստների առաջին համահայկական համաժողովի արդյունքները, և նման համաժողովներն ավանդական կդառնա՞ն։

Ա.Ջավադյան – 2010 թ. հոկտեմբերի 17-19-ը տեղի ունեցած Համահայկական ֆինանսիստների և բանկիրների համաժողովը կարևոր միջոցառում էր ՀՀ ֆինանսական համակարգի համար, որին մասնակցեցին բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից, մասնավորապես` Լիբանանից, Ռուսաստանից և Ֆրանսիայից: Նմանատիպ միջոցառումների կազմակերպումը նպատակ ունի ներմուծել նշված ոլորտում կուտակված հսկայական փորձն ու գիտելիքը:

Համաժողովի արդյունքում ստեղծվեց նախաձեռնող խումբ, որի աշխատանքները կկոորդինացնի ՀՀ Բանկերի միությունը:  Նախաձեռնող խումբը ձեռնամուխ է եղել հայ ֆինանսիստների տեղեկատվական շտեմարանի ստեղծմանը և ֆինանսական ոլորտին առնչվող խնդիրների բացահայտմանը, որից հետո պետք է կազմակերպվեն տարբեր նպատակային միջոցառումներ:

Առաջին Համահայկական ֆինանսիստների և բանկիրների համաժողովը համարում ենք հաջողված և կարծում ենք, որ նմանատիպ միջոցառումները պետք է կրեն շարունակական բնույթ, ինչը թույլ կտա արդյունավետ օգտագործել համահայկական ներուժը Հայաստանի ֆինանսական համակարգի զարգացման, Հայաստանի և Սփյուռքի միջև ֆինանսական ոլորտում պետական և ազգային ծրագրերի իրականացման, ինչպես նաև բնագավառի մասնագետների փոխգործակցության ակտիվացման գործում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img