Tue, 4 March
3.1 C
Yerevan
USD: 393.69 RUB: 4.40 EUR: 411.09 GEL: 141.36 GBP: 497.94
spot_img

Հայաստանի բանկերի համար Բազել III համաձայնագրի չափորոշիչներին անցնելը սահուն կլինի

«ԱՌԿԱ» լրատվական գործակալության բացառիկ հարցազրույցը ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանի հետ

«ԱՌԿԱ» 2014 թ.–ին նախատեսվում է սկսել Բազել–III–ի սկզբունքներին անցնելու գործընթացը։ Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում Հայաստանի բանկային համակարգում Բազելի III–ի պահանջները ներդնելու ուղղությամբ։ Մասնավորապես, ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում կապիտալի կառուցվածքի և որակի խստացման, կապիտալի պահպանման բուֆերի և հակացիկլիկ բուֆերի ներդրման, կարճաժամկետ և երկարաժամկետ իրացվելիության  նորմատիվների, ինչպես նաև  լևերիջի գործակցի ներդրման ուղղությամբ։ Ի՞նչ միջոցառումներ են արդեն ձեռնարկվել նոր բազելյան համաձայնագրին անցնելու հարցում։

Մհեր Աբրահամյան. Բազել 3 համաձայնագրին միանալու գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկսվել է դեռևս 2011 թվականին:  Մեր կողմից արդեն պատրաստվել եւ շրջանառության մեջ են դրվել կապիտալի նկատմամբ նոր պահանջները, որոնց շուրջ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել ԿԲ-ի, Հայաստանի բանկերի միության եւ բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարելի է ասել, որ նախագծի ընդունման գործընթացն արդեն վերջնական փուլում է գտնվում:

Բազել 3-ով չի նախատեսվում բանկերի նորմատիվային կապիտալի չափի փոփոխություն (8%), ինչը նաև կպահպանվի մեր դեպքում (12%): Միևնույն ժամանակ, կապիտալի կառուցվածքի և որակի բարելավման նպատակով սահմանվում են ավելի խիստ պահանջներ: Կապտալի մասով հիմնական նորությունը Բազելի կողմից առաջարկվող երկու նոր` կապիտալի պահպանման եւ կապիտալի հակացիկլիկ բուֆերներն են: Սրանց հիմնական նպատակն է մի կողմից բանկի համար ապահովել լրացուցիչ կապիտալ` հնարավոր կորուստները կլանելու համար, մյուս կողմից` սահմանափակել վարկավորման ծավալները տնտեսական վերելքի շրջանում, իսկ տնտեսության անկման պարագայում ընձեռել լրացուցիչ վարկավորման հնարավորություն: Սակայն այս պահանջների խախտումը չի կարող հանգեցնել բանկերի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Ընդամենը կսահմանափակվի բանկերի կողմից որոշակի գործառույթների իրականացումը, մասնավորապես` կարող է սահմանափակում լինի բանկերի կողմից շահաբաժինների վճարման կամ աշխատակիցներին տրվող պարգեւավճարների եւ լրացուցիչ վարձատրության ուղղությամբ:

Միաժամանակ ուսումնասիրման և մշակման փուլում են գտնվում համակարգային բանկերի բացահայտման և կարգավորման սկզբունքները, ինչպես նաև աշխատանքներ են տարվում գնահատելու բազելյան կոմիտեի կողմից սահմանված իրացվելիության նորմատիվների ներդրման անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է լևերիջի գործակցի սահմանափակմանը, կապիտալի պահպանման և հակացիկլիկ բուֆերների ներդրմանը, ապա վերջիններիս ներդրման համար անհրաժեշտ են որոշակի օրենսդրական փոփոխություններ, ինչի շուրջ համապատասխան աշխատանքներ նույնպես իրականացվում են:

«ԱՌԿԱ». Բազելյան համաձայնագրի նոր սկզբունքների համաձայն` համակարգային նշանակություն ունեցող բանկերի սահմանում և կանոնակարգում է նախատեսվում։ Հսկողության ի՞նչ միջոցներ է մտադիր օգտագործել ՀՀ ԿԲ–ն այդ բանկերի նկատմամբ։

Մհեր Աբրահամյան. Ներկայում մշակման փուլում են գտնվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից համակարգային բանկերի բացահայտման և կարգավորման սկզբունքները: Նույնիսկ Բազելյան կոմիտեի կողմից դեռ վերջնական մոտեցում չի ձևավորվել համակարգային նշանակության բանկերի հատուկ կարգավորման և վերահսկողության հարցի շուրջ: Ուստի, այս փուլում դեռևս վաղ է խոսել ՀՀ կենտրոնական բանկի կողմից նախատեսվող հետագա քայլերի վերաբերյալ:

Նոր սկզբունքների համաձայն, առաջարկվում է համակարգային նշանակության բանկերի նկատմամբ լրացուցիչ կապիտալի պահանջների սահմանում և առավել խիստ վերահսկողության ռեժիմ:

«ԱՌԿԱ». Բազելի III–ի նոր չափորոշիչների համաձայն` նախատեսվում է նաև ռիսկ–մենեջմենթի պահանջներ ներդնել։ Ի՞նչ պահանջներ կներդնի ՀՀ ԿԲ–ն հայկական բանկերի համար կառավարման այս համակարգում։

Մհեր Աբրահամյան. Բազել III համաձայնագրում ուղղակիորեն անդրադարձ չի կատարվում բանկի ռիսկերի կառավարմանը. կոմիտեի կողմից ընդգծվում է արդյունավետ կորպորատիվ կառավարման դերն ու նշանակությունը և այդ համատեքստում նաև ռիսկերի կառավարման գործընթացի կարևորությունը: Բազելյան առաջարկների շրջանակներում մեր կողմից ներդրվել են և շուտով ուժի մեջ կմտնեն կապիտալի համարժեքության գնահատման ներքին գործընթացների նկատմամբ նվազագույն պահանջները: Այդ պահանջների նպատակն է ապահովել բանկերի կողմից ռիսկերի կառավարման արդյունավետ ներքին գործընթացների առկայություն:

«ԱՌԿԱ». Հայաստանի բանկային հատվածի վրա ինչպե՞ս կազդի Բազելի III–ի ներդրումը։ Գոյություն ունե՞ն, արդյոք, ռիսկեր այս հարցում հայկական բանկերի համար, այսօրվա դրությամբ ինչպիսի՞ն է իրավիճակը կապիտալի համարժեքության, իրացվելիության և լևերիջի ցուցանիշների հարցում։

Մհեր Աբրահամյան. ՀՀ բանկային համակարգը 2013 թվականի վերջին ապահովել է կապիտալացվածության և իրացվելիության բավարար մակարդակ:

2013 թվականի վերջի դրությամբ կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմել է 16.7% (պահանջվող նվազագույն սահմանաչափը 12%): Ինչպես բազմիցս նշվել է, ՀՀ կենտրոնական բանկը  Բազել II համաձայնագրի համեմատ սահմանել է կապիտալի տարրերի և կապիտալի համարժեքության ավելի խիստ պահանջներ, ինչը այսօր հնարավորություն է տալիս սահուն անցում կատարել Բազել III համաձայնագրի կապիտալի բաղադրիչին:

2013 թվականի վերջի դրությամբ ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 29% և 142% (պահանջվող նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանաբար 15% և 60%): Այսինքն՝ ՀՀ բանկային համակարգում իրացվելիության մակարդակը ավելին, քան բավարար է, ինչը կարող է դյուրինացնել  անցումը իրացվելիության նոր ստանդարտներին:

2013 թվականի վերջի դրությամբ բանկային համակարգի ընդհանուր կապիտալի և ակտիվների հարաբերակցությունը (լևերիջի ցուցանիշ) կազմում է մոտ 16% (ինչը զգալիորեն գերազանցում է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների բանկային համակարգերի նույն ցուցանիշը), ինչը ավելի քան 4 անգամ գերազանցում է Բազել 3-ով պահանջվող նվազագույն 3% սահմանաչափը:

Մեր կողմից տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ են իրականացվել` գնահատելու Բազել III–ի ներդրման ազդեցությունը: Արդյունքները ցույց են տալիս, որ ներդրումը էական ազդեցություն չի ունենա ՀՀ բանկերի վրա, ինչպես կապիտալի պահանջների պահպանման, այնպես էլ վարկավորման ծավալների առումով: Մեր բանկային համակարգը, մյուս երկրների համեմատ, առավել պատրաստ է Բազել III–ի ներդրմանը, քանի որ մենք ի սկզբանե որդեգրել ենք առավել արդյունավետ կարգավորման մեխանիզմներ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը մեկնաբանել է 2003թ․–ին լուծարված Արդշինբանկը պետական գրանցումից հանելու վերաբերյալ տարընթերցումները

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մեկնաբանել է ԿԲ խորհրդի որոշումը՝ լուծարված «Արդշինբանկ» ԲԲԸ-ին պետական ռեգիստրից հանելու մասին

Հայկական բանկերի շահույթի ռեկորդային աճը թույլ կտա 2025 թվականին հասնել տնտեսական ակտիվության պլանավորված մակարդակին․ Գալստյան

Հայաստանի բանկերը շահույթի ռեկորդային աճ են գրանցել 2024 թվականին, ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՌԴ–ից  Հայաստան 2024թ․–ին կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքի ցուցանիշը նվազել է 52,3%–ով․ Ֆիննախ

Անցյալ տարվա դեկտեմբերին տարեկան կտրվածքով ՌԴ-ից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է մոտավորապես 5,6%-ով, մինչդեռ այլ երկրներից գրանցվել է 2,5%-ով աճ

Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով

Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով

0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img