Tue, 4 March
1.1 C
Yerevan
USD: 393.69 RUB: 4.40 EUR: 411.09 GEL: 141.36 GBP: 497.94
spot_img

ArCa–ն 2018 թ.–ին նախատեսում է գործարկել նոր կայք ու բջջային հավելված

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. 2017 թ.–ի արդյունքում «Armenian Card» ազգային վճարային համակարգը գործարկել է իր ամենախոշոր նախագիծը` հայկական և ռուսական վճարային համակարգերի փոխգործակցություն, ինչը թույլ տվեց ապահովել «ArСa»  և «ՄԻՐ» քարտերի փոխադարձ ընդունում և սպասարկում։ Իրականացվեցին նաև այլ նախագծեր։ «Armenian Card» հայկական վճարային համակարգի գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է ընկերության աշխատանքի արդյունքների, 2018 թ.–ի ծրագրերի, կիբերգրոհների սպառնալիքների ու դրանցից պաշտպանվելու տեխնոլոգիաների մասին։

«ԱՌԿԱ». Պարոն Մխիթարյան, ինչպե՞ս եք գնահատում Armenian Card ընկերության աշխատանքի արդյունքները 2017 թ.–ին, նախանշված նպատակներից որո՞նց եք հասել։

Ի. Մխիթարյան. 2017 թ.–ին նախանշված բոլոր հիմնական խնդիրները մենք կատարել ենք։ Առաջին հերթին` ամենախոշոր նախագիծը, հայկական և ռուսական վճարային համակարգերի փոխգործակցությունը, որն ապահովում է «ArСa» և «ՄԻՐ» քարտերի փոխադարձ ընդունում և սպասարկում։ Այս նախագծի շրջանակում մենք սկսել ենք թողարկել «ArСa» բազմապրոցեսորային չիպային քարտերը։ Բացի այդ, մենք իրականացրել ենք մի շարք խնդիրներ, որոնք ուղղված են բանկերին և քարտապաններին տրամադրվող գործառույթների զարգացմանը։ Մասնավորապես, ներդրվել են մոդուլներ, որոնք ավելացնում են բանկերի և պրոցեսինգային կենտրոնի փոխգործակցության հնարավորությունն ու արդյունավետությունը, որոնք իրենց հերթին ուղղված են սպասարկողներին տրամադրվող գործառույթների  կատարելագործմանը, կատարվել են պրոցեսինգային կենտրոնի արդյունավետության ընդհանուր բարձրացմանն ուղղված աշխատանքներ։

«ԱՌԿԱ». Տարեց տարի ավելանում է առցանց գնումների թիվը, սակայն միաժամանակ աճում են նաև խարդախության ռիսկերը։ Այս տեսանկյունից ի՞նչ եք ձեռնարկում ինտերնետային գործարքներ իրականացնելիս անվտանգության ապահովման համար ։

Ի. Մխիթարյան. Մեր համակարգին միացված բոլոր սպասարկման կետերում  կարելի է իրականացնել գործառնություններ «ArCa» քարտերով։ Ավելին, նախորդ տարի իրականացված խնդիրներից մեկը նոր` «Armenian Card» վճարային համակարգի քարտերով` «ArCa» – ով ինտերնետային գործառնությունների ավելի անվտանգ մեխանիզմի ներդնումն է` միաժամանակ օգտագործելով գործառնության հաստատման մեխանիզմը քարտապանի կողմից SMS – հաղորդագրության կամ email–ով ուղարկվող մեկանգամյա գաղտնաբառի օգտագործման միջոցով։ Հայաստանում տարեց տարի աճում են ինտերնետային գործառնությունները, այդ թվում` մեր ընկերության կողմից տրամադրվող գործառույթների հաշվին, որոնք մշտապես արդիականացվում են։ Օրեցօր աճում է մեր ցանցին միացված ինտերնետային սպասարկողների թիվը,  ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս ավելանում են քարտերով իրականացվող գործառնությունների քանակն ու ծավալը։

«Armenian Card» ազգային վճարային համակարգն «ArCa» քարտերը տարածելու համար օգտագործում է ազատ շուկայական կանոններ` չգնալով վարչական քայլերի: Վստահ եմ, որ 2017 թվականին անցկացրած աշխատանքներն ու նախագծերն ազդակ կհաղորդեն ազգային համակարգի զարգացմանը: Այս պահին մեր պրոցեսինգի շրջանակում շրջանառության մեջ դրված քարտերի գրեթե կեսը, իսկ դա ավելի քան 700 հազար քարտ է, ArCa ազգային վճարային համակարգի քարտեր են:

ԱՌԿԱ . Հուլիսից սկսվել է ArCa հայկական քարտերի սպասարկումը Ռուսաստանում և «ՄԻՐ» ռուսական քարտերի սպասարկումը Հայաստանում: Քանի՞ բանկ է այսօր զբաղվում համատեղ քարտերի թողարկմամբ և ընդհանուր առմամբ քանի՞ այդպիսի քարտ է թողարկվել:

Ի.Մխիթարյան.  Սկսեմ նրանից, որ դրանք համատեղ քարտեր չեն, այլ սովորական ArCa քարտեր ArCa 9051xx ԲԻՆ-ով, միայն չիպով: Քարտի հակառակ երեսին տեղադրված է «ՄԻՐ» վճարային համակարգի տարբերանշանը, այսպես կոչված, acceptance mark-ի տեսքով, որպեսզի վաճառքի կետերում հարցեր չառաջանան: Արդեն երեք հայկական բանկեր այդպիսի քարտեր են թողարկում, սկսել են միանալ նաև մնացած բանկերը: ArCa քարտերն արդեն այսօր սպասարկվում են «ՄԻՐ» վճարային համակարգի ողջ ենթակառուցվածքի շրջանակում, իսկ դա գործնականորեն ողջ Ռուսաստանն է: Այս պահին «ՄԻՐ» քարտերը սպասարկվում են բոլոր բանկոմատներում և մեր պրոցեսինգին միացված առևտրային կետերի ճնշող մեծամասնությունում: Տարվա կեսին այդ թիվը կաճի: Աշխատանքներ են տարվում նաև սեփական պրոցեսինգ ունեցող բանկերի ենթակառուցվածքում «ՄԻՐ» քարտերի սպասարկումն ապահովելու ուղղությամբ: Նշեմ, որ Ռուսաստանում ArCa քարտերի օգտագործումն ավելի շահավետ է դրամ-ռուբլի ուղիղ փոխարժեքի շնորհիվ ինչպես տրանզակցիաների, այնպես էլ միջոցների կանխիկացման համար:

ԱՌԿԱ. Ի՞նչ տեխնոլոգիաներ են կիրառվում ArCa վճարային համակարգի քարտապանների պաշտպանության համար: Որքանո՞վ լուրջ է քարտերի հետ կապված կիբերգրոհների և խարդախությունների վտանգը Հայաստանում:

 Ի.Մխիթարյան.Վտանգներ գոյություն ունեն միշտ: Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց կիբերգրոհների մեթոդները նույնպես ավելի խորամանկ են դառնում: Տեղեկատվական համակարգերի պաշտպանությունը մշտական ջանքեր և ռեսուրսներ պահանջող գործընթաց է:

Իրենք` քարտապանները, նույնպես պետք է հետևեն քարտեր պահելու և դրանց հետ կապված տեղեկատվության հայտնի կանոններին: Օրինակ, վերջերս մեզ տեղեկություն է հասել, որ որոշ քարտապաններ զանգեր են ստացել ինտերնետ-տրանզակցիաների իրականացման համար միանգամյա գաղտնաբառով ստացվող կարճ հաղորդագրությունների կոդը հայտնելու խնդրանքով` իբր ստուգումների համար: Այդ պատճառով մենք տրանզակցիաների գործառնությունների կոդով կարճ հաղորդագրությունների տեքստում ավելացրել ենք տեղեկություն այն մասին, որ կոդը երրորդ անձանց փոխանցելը խստիվ արգելվում է:

Օգտվելով առիթից ուզում եմ նշել, որ երբեք, ոչ մի դեպքում չի կարելի փոխանցել կամ հայտնել որևը մեկին քարտի PIN կոդը քարտով կամ առանց դրա, կամ մեկամգամյա գործարքի կոդը, որը գալիս է SMS հաղորդագրության միջոցով կամ էլեկտրոնային փոստով, քարտի նկարը, որտեղ երևում է քարտի ամբողջ համարը, ինչպես նաև քարտի դարձերեսի նկարը, որտեղ պատկերված է CVV/CVC կոդը:

ԱՌԿԱ. Ինչպիսի՞ խնդիրներ է իր առջև դնում Armenian Card–ը 2018 թ.–ին ու միջնաժամկետ հեռանկարում:

Ի. Մխիթարյան. Այսօր մենք աշխատում ենք մեր նոր ինտերնետ կայքի ու հավելվածի ստեղծման վրա: Չնշեմ հիմա մանրամասները, սակայն ասեմ, որ սա շատ հետաքրքիր նախագիծ է: Մենք կպատմենք դրա մասին այն թողարկելուց առաջ: 2018 թ.-ին մենք նախատեսում ենք նաև հնարավորություն ընձեռել «Արմենիան քարտ» ենթակառուցվածքում ճապոնական JCB համակարգի քարտերի սպասարկման համար: Սերտիֆիկացման աշխատանքները եզրափակիչ փուլում են: Այս տարի նախատեսում ենք նաև սկսել սպասարկել չինական Union Pay International համակարգի քարտերը:

ԱՌԿԱ. Այսօր ֆինանսական ոլորտի ամենատարածված թեման բլոկչեյն տեխնոլոգիան է: Նախատեսու՞մ եք, արդյոք, այս տեխնոլոգիայի կիրառումը Armenian Card վճարային համակարգում:

Ի. Մխիթարյան. Մենք ուսումնասիրում ենք այս թեման, սակայն դեռ վաղ է խոսել մեր ընկերությունում բլոկչեյնի օգտագործման մասին: Այսպես թե այնպես, սա էվոլյուցիա է տվյալների փոխանցման  և պահպանման համակարգում, և, մեծ հաշվով, կարծում եմ, որ այս ոլորտի ապագան բլոկչեյն տեխնոլոգիայում է։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով

Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով

0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով

Հայաստանի բանկային համակարգի շահույթը պետք է ուղղվի ներդրումներին․ ՀԲՄ նախագահ

Բանկային համակարգի կուտակված շահույթն ու միջոցները պետք է ուղղվեն ներդրումներին

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ին ավելացրել է շահույթը 61%–ով՝ մինչև 363 մլրդ դրամ․ ՀԲՄ

60 մլրդ դրամը բաշխվել է բաժնետերերի միջև, իսկ 300 մլրդ դրամը մնացել է բանկերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img