ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Ինչպե՞ս է փոխվում հայերի վերաբերմունքը փողի, ներդրումների և ռիսկի նկատմամբ: Ինչո՞ւ են երիտասարդներն ավելի ակտիվորեն հետաքրքրվում ֆոնդային շուկայով, իսկ ավագ սերունդի ներկայացուցիչները մասնակցում են անձնական ֆինանսների կառավարման դասընթացների:
Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ:
«ԱՌԿԱ»․ այսօր շատ է խոսվում ֆինանսական կրթվածության մասին, բայց յուրաքանչյուրն ունի իր ընկալումն այս եզրույթի վերաբերյալ։ Ինչպե՞ս եք սահմանում, թե ինչ է նշանակում լինել ֆինանսապես կրթված 2025 թվականին։
Գ. Մելքոնյան․ այո, ճիշտ է, ֆինանսական կրթվածությունը կարող է մեկնաբանվել տարբեր կերպ։ Ֆինանսական կրթվածության հիմնական նպատակն այն է, որ մարդը հասկանա փողի ծագման էությունը, դրամական հոսքերի աղբյուրները և սկզբնապես ճիշտ վերաբերմունք դրսևորի փողի նկատմամբ։
Փողը պարզապես ամենաիրացվելի ապրանքն է, ուրիշ ոչինչ, և մենք պետք է հասկանանք, թե ինչ անել դրա հետ։ Ֆինանսապես կրթված մարդը նա է, ով գիտի, թե ինչ է փողը և պատկերացում ունի, թե ինչպես պետք է այն օգտագործել։
«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս կգնահատեք ֆինանսական կրթվածության ներկա մակարդակը Հայաստանում։ Կա՞ արդյոք դրական դինամիկա՝ վերջին տասնամյակի համեմատ։
Գ. Մելքոնյան․ անկասկած, առաջընթաց կա։ Ֆինանսական կրթվածության բարելավման լրջագույն գործոն մենք համարում ենք մեր Ակադեմիան, որը հատուկ այս նպատակով իրականացվող նախաձեռնություն է։
Նշեմ, որ մեզնից բացի և մեզնից առաջ այս հարցը եղել է հանրապետության ներկա և նախորդ կառավարությունների օրակարգում։ Կառավարության համար միշտ էլ ձեռնտու չէ, որ լինեն ֆինանսապես չկրթված մարդիկ. օրինակ՝ պետությունը թողարկում է պարտատոմսեր, և եթե մարդիկ չեն հասկանում, թե ինչ է դա, կգնե՞ն դրանք, պարտքով փող կտա՞ն պետությանը։ Ոչ, չեն անի։
Հետևաբար, մենք ունենք բազմաթիվ նախաձեռնություններ։ Կենտրոնական բանկը նույնպես զբաղվում է ֆինանսական կրթվածության հարցով՝ բավականին արդյունավետ, բայց շատ թիրախավորված ձևով։ Նրանք խոսում են բանկային համակարգի, ավանդների, ներդրումների, բանկից վարկ վերցնելու և այլնի մասին։
Եթե ֆինանսական կրթվածությունը դիտարկենք ֆինանսների կառավարման և բանկերի հետ աշխատանքի տեսանկյունից, մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել։ Սկզբունքորեն հաղթահարել ենք «փողը բարձի տակ պահելու» խնդիրը։ Այժմ, մարդկանց մեծամասնության համար «բարձը» բանկային ավանդն է։ Սա լուրջ առաջընթաց է։
Եթե խոսքը ներդրումների մասին է, մենք փաստացի սկսել ենք զրոյից։ Այսինքն մարդկանց շատ փոքր տոկոսն է ծանոթ ներդրումային գործիքներին. մեծամասնության համար դա մութ անտառ է։ Իրականում, ներդրումները մի բան են, որը պետք է իմանա յուրաքանչյուր ֆինանսապես կրթված անձ, ով ունի միջին կամ միջինից բարձր եկամուտ։
«ԱՌԿԱ»․ ինչո՞ւ Freedom Broker Armenia-ն որոշեց ներդրում կատարել քաղաքացիների կրթության մեջ։
Գ. Մելքոնյան. մեր նպատակն էր խթանել կրթության նկատմամբ պահանջարկը։ Կրթական միջոցառումների՝ դասընթացների, վարպետության դասերի ժամանակ մենք պատմում ենք ներդրումների աշխարհի մասին, թե ինչպես է այն կառուցված, ինչպես է աշխատում, ինչ են բաժնետոմսերն ու պարտատոմսերը, և որքան է հնարավոր վաստակել։ Անպայման խոսում ենք ռիսկերի մասին։ Ակադեմիայի նպատակն է ապահովել, որ հասարակությունը Հայաստանում առավելագույնս ռացիոնալ հասկանա, թե ինչ է ներդրումը, առանց միֆի, վատատեսության, լավատեսության։ Ներդրումներն այնպիսին, ինչպիսին կան։
«ԱՌԿԱ»․ Freedom Academy Armenia-ն կրթում է շատ տարբեր լսարանի։ Բնակչության ո՞ր խմբերն են այսօր ամենաշատը հետաքրքրված ներդրումներով և անձնական ֆինանսների կառավարմամբ։
Գ. Մելքոնյան. հիմնական խումբը, իհարկե, երիտասարդներն են։ Ուսանողների շրջանում կա հսկայական ակտիվություն. նրանք ոչ միայն հետաքրքրվում են ներդրումներով՝ որպես ապագա ներդրողներ, այլև ներդրումային ընկերությունները դիտարկում են որպես գործատուներ։ Ուսանողները տեսնում են այդ ընկերությունները, ոգեշնչվում են իրենց դասախոսներով. մեր բուհերում կան մարդիկ, ովքեր կամ իրենք են զբաղվում ներդրումներով, կամ սովորել են արտասահմանյան հաստատություններում։
Մենք երբեմն խորհուրդ ենք տալիս մեր Ակադեմիայի ուսանողներին դիտել ֆիլմեր ներդրումների մասին։ Դա աշխատում է։ Օրինակ՝ «Իջեցման խաղ»–ը («The Big Short») դասական ֆիլմ է 2008 թվականի ճգնաժամի մասին, և շատ հետաքրքիր է, երբ մարդը ֆիլը դիտելիս սկսում է հետաքրքրվել, որոնել Google-ում և հարցեր է ունենում։ Ընդհանուր առմամբ, ֆինանսական կրթվածության խնդրի լուծումը նախ սկսվում է անհատից. տեղեկատվության հոսքը միշտ կա, մենք պարզապես փորձում ենք այն ուղղորդել։
Այսպիսով, թիրախային լսարանը 25 տարեկան և բարձր երիտասարդներն են, ովքեր, ըստ էության, արդեն գումար են վաստակում և ունեն ներդրումներ կատարելու հնարավորություն, ուստի ավելի շատ են հետաքրքրված դասընթացներով։ Սակայն մեր միջոցառումների ժամանակ ես հաճախ տեսնում եմ ավագ սերնդի մարդկանց՝ 60+, ովքեր, երբ հարցնում են. «Դուք պարզապես հետաքրքրվա՞ծ եք, թե՞ պատրաստվում եք ներդրում կատարել», պատասխանում են. «Մենք դեռ սովորում ենք, բայց հետաքրքրված ենք»։ 60 տարեկանից բարձր հաճախորդները, իհարկե, մեծամասնություն չեն, բայց նրանք քիչ էլ չեն, և դա առաջընթաց է. նույնիսկ հասարակության ամենապահպանողական մարդիկ բաց են սեփական ֆինանսական գիտելիքներն ընդլայնելու հարցում։
«ԱՌԿԱ»․ ձեր կարծիքով, ի՞նչն է խանգարում հայերին հասկանալ ֆինանսները՝ գիտելիքների, սովորությունների, թե՞ ֆինանսական հաստատությունների նկատմամբ վստահության պակասը։
Գ. Մելքոնյան․ ձեր նշած ամեն ինչը ճիշտ է։ Մեր մտածելակերպը նույնպես դեր է խաղում. մենք միշտ զգուշանում ենք ամեն նոր բանից։ Պարզապես պետք է հասկանանք, որ այսօր կապիտալի շուկան Հայաստանում նույն մակարդակի վրա է, ինչ զարգացած երկրներում՝ 15-20 տարի առաջ։
Նաև հարկ է նշել, որ անկախության առաջին օրերին մենք ֆոնդային բորսա չունեինք. մասնավորեցումը տեղի էր ունենում վաուչերների, ոչ թե ֆոնդային բորսայի միջոցով։ Ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում գրանցված է հրապարակային առևտրով զբաղվող ընդամենը 12 ընկերություն, ինչը շատ քիչ է՝ հաշվի առնելով գրանցված իրավաբանական անձանց մեծ թիվը։ Այո, մենք ունենք պարտատոմսերի շուկա, որն ավելի զարգացած է, քան բաժնետոմսերի շուկան։ Այնուամենայնիվ, շուկայական տնտեսության, ֆոնդային շուկայի արդյունավետության մասին իրականում վկայում է հրապարակային առևտրով զբաղվող բաժնետիրական ընկերությունների թիվը։
Կան շատ գրագետ մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է արժեթուղթը, բայց չգիտեն, թե ինչպես տնօրինել այն։ Մարդիկ ի վիճակի չեն հաղթահարել որոշակի հոգեբանական խոչընդոտը։ Նրանք սխալ են մեկնաբանում ֆինանսական շուկաներում ներդրումներ կատարելու ռիսկը, քանի որ բորսաներում կարելի է ներդրումներ կատարել ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ բավականին պահպանողական ձևով։
«ԱՌԿԱ»․ ֆինանսական կրթվածության ուղին պե՞տք է սկսվի հիմնական հասկացությունների ուսումնասիրությունից, թե՞ գործնական քայլերից, ինչպիսիք են բյուջետավորումը և առաջին ներդրումները։
Գ. Մելքոնյան․ մեր սկզբունքը հիմնված է տեսական հիմքերի և գործնական հմտությունների համադրման վրա։ Եթե մենք անմիջապես սկսում ենք գործնական հմտություններից, լսողի մոտ հարցեր են առաջանում, զգացվում է, որ նա ամուր չի կանգնած հողի վրա։ Բայց երբ ուսումնասիրվում է միայն տեսությունը, առաջանում է մեկ այլ հարց. այո, գեղեցիկ է, հետաքրքիր, բայց ո՞րն է հաջորդ քայլը։ Այսպիսով, մեր մոտեցումը համակցված է. բացատրել, պատմել, ուսումնասիրել տեսական մակարդակում և միաժամանակ ապացուցել գործնականում։
«ԱՌԿԱ»․ կարելի՞ է համարել, որ ներդրումները ֆինանսական կրթվածության մի մասն են, թե՞ դա արդեն հաջորդ մակարդակն է այն բանից հետո, երբ մարդը սովորել է կառավարել սեփական փողերը։
Գ. Մելքոնյան. կարծում եմ՝ մարդը ներդրումներ կատարելուն հասնում է ֆինանսական կրթվածության միջոցով։ Եթե դուք ֆինանսապես կրթված չեք, կանեք որոշ ներդրումներ և, ամենայն հավանականությամբ, կորուստներ կունենաք։
Դրանից հետո երբեք չեք ցանկանա կրկին ներդրումներ կատարել, քանի որ կորցրել եք գումար։ Կամ, ամենայն հավանականությամբ, ներդրումներ կկատարեք ինչ-որ ֆինանսական բուրգի մեջ։
Ներդրումներն աշխատում են այսպես. կա ռիսկ և կա շահութաբերություն, դրանք միշտ փոխկապակցված են։ Եթե ձեզ խոստանում են աննշան ռիսկ, բայց հսկայական եկամուտներ, ապա ձեզ, ամենայն հավանականությամբ, խաբում են։ Միշտ՝ թե՛ բիզնեսում, թե՛ ներդրումներում, մեր եկամուտը, շահույթը, մեր վաստակած գումարը մեր պարգևն է որոշակի ռիսկի դիմելու համար։ Փոքր ռիսկ ենք ստանձնում, ստանում ենք փոքր եկամուտ։ Երբ մեծ ռիսկ ենք ստանձնում, մեծ եկամուտ ենք ունենում, բայց այն կարող է նույնիսկ չլինել։
«ԱՌԿԱ», որո՞նք են Հայաստանում սկսնակ ներդրողների կողմից թույլ տրված ամենատարածված սխալները, և ինչպե՞ս կարելի է դրանցից խուսափել կրթական պատրաստվածության տեսանկյունից։
Գ. Մելքոնյան․ հիմնական սխալն այն է, որ մարդիկ ոչ միշտ են ընկալում ռիսկի և շահույթի հարաբերակցությունը։ Չափազանց հավակնոտությունը ստիպում է մարդկանց սխալ ընկալել ֆոնդային բորսան և դրա գործընթացները։ Նրանց թվում է, որ եթե գիտեն, թե ինչ են բաժնետոմսերն ու պարտատոմսերը և կարդացել են մի քանի նորություններ, ապա արդեն կարող են լավ գումար վաստակել։
Նրանք, անշուշտ, կարող են գումար վաստակել. հիմնարար ներդրումային ռազմավարությունների համար ինչ–որ նորությունների հիման վրա բաժնետոմսեր գնելն իրականում աշխատում է։ Այսպես, եթե Թրամփը վատ բան է ասում, բաժնետոմսերն ընկնում են, նշանակում է, որ կարելի է գնել, որոշ ժամանակ անց աճում են, կարելի է վաճառել։ Սա հասկանալու համար նույնիսկ տնտեսագետ լինելու կարիք չկա։ Այսպես կարելի է լավ գումար աշխատել, նույնիսկ շատ ավելի, քան, օրինակ, ավանդներից՝ հաշվի առնելով Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքները։ Հայաստանում կարելի է գումար վաստակել լավ մարժինալ բիզնեսի մակարդակում, հատկապես, եթե այն փոխարկեք դրամի, քանի որ մենք ներդրումներ ենք կատարում դոլարով և այլ արժույթներով։
Բայց ասել, որ մենք դառնում ենք միլիոնատերեր կամ միլիարդատերեր, այդպես չի լինում ո՛չ արժեթղթերի շուկայում, ո՛չ էլ որևէ այլ շուկայում: Իրականում, այստեղից է սկսվում մեր ուսուցումը: Իմ առաջին սլայդը «Ֆոնդային շուկայի մասին միֆերն են», որտեղ ես նախ փորձում եմ ցրել այդ միֆերը, հետո արդեն անցնում եմ ավելի մանրամասն, խորը ուսուցման։
«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները, այդ թվում՝ նեյրոցանցերն, օգնում Freedom Academy Armenia–ին սովորեցնել մարդկանց ֆինանսական գրագիտության։
Գ. Մելքոնյան. տեխնոլոգիաների օգտագործումը լսարանը մեծացնելու համար այսօրվա իրականությունն է: Ես չէի ասի, որ մենք արհեստական բանականությունը դիտարկում ենք որպես մարդկային աշխատանքը փոխարինող գործիք, ինչը մենք անում ենք ամեն օր: Սակայն տեխնոլոգիայի ներուժը կարող է օգտագործվել մեր լսարանը մեծացնելու, մեր պրոդուկտի որակը բարելավելու համար:
Մենք ներկայումս անցնում ենք առցանց ուսուցման՝ պահպանելով օֆլայն տարբերակները, մշակելով հատուկ էջ՝ բազմաթիվ ձայնագրված դասընթացներով։ Մենք կփորձենք դրանք ավելի հասանելի դարձնել։ Պլանավորում ենք դասընթացների ավարտից հետո առաջարկել ավտոմատ հավաստագրում։ Կարծում եմ՝ սա կօգնի մեզ ավելի շատ ընդլայնվել։
«ԱՌԿԱ»․ կա՞ն արդյոք հայերի կողմից փողի նկատմամբ վերաբերմունքի մշակութային առանձնահատկություններ, որոնք ազդում են մարդկանց ֆինանսական որոշումներ կայացնելու վրա։
Գ. Մելքոնյան. մենք՝ հայերս, շատ ենք փող սիրում։ Երբեմն ոչ ադեկվատ վերաբերմունք ունենք փողի նկատմամբ. երբեմն այն ֆետիշացնում ենք, բայց դա սխալ է։ Փողը գոյություն ունի ճիշտ օգտագործելու համար։ Կան մարդիկ, որոնց համար շատ դժվար է բաժանվել իրենց փողից, նույնիսկ եթե դրա կարիքը իսկապես ունեն։ Նրանք իրենց լավ են զգում միայն այն ժամանակ, երբ իրենց փողը կամ ոսկու ձուլակտորները պահվում են տանը, և նրանք կարող են դիպչել դրանց։ Ես նույնպես ոսկի եմ գնում արժեթղթերի շուկայում. դա լավ ներդրում է։ Բայց ինչո՞ւ է ինձ տանը ոսկքւ ձուլակտոր պետք։ Ի՞նչ եմ անելու դրանով։ Ես գիտեմ, որ ունեմ ոսկու արժեթուղթ, որը կարող եմ շատ ավելի հեշտ, արագ և արդյունավետ վաճառել մեկ քլիքով։
Ռացիոնալության և ֆինանսական արդյունքի առումով դա նույն բանն է, մեկ տարբերությամբ. ես ունեմ ավելի ցածր գործարքային ծախսեր, այսինքն՝ ինձ պետք չէ պահել դրանք սեյֆում: Իմ արժեթղթերը, որոնք գրանցված են մեր Կիպրոսի դեպոզիտային հաշվին, չեն կարող գողանալ, դրանց համար պետք չէ անվտանգության կամ ազդանշանային համակարգ, իսկ եթե ես ցանկանամ դրանք վաճառել, կարող եմ դա անել շատ ավելի արագ, քան մեկը, ով ինչ-որ բան պահում է տանը՝ սեյֆում:
Մենք սովոր չենք վիրտուալին։ Այսինքն, եթե մարդը գնում է բաժնետոմս և նրան թուղթ չեն տալիս, նա մտածում է. «Արդյո՞ք այս բաժնետոմսը իսկապես իրական է»։ Ոչինչ հնարավոր չէ անել. մեր խնդիրը չէ փոխել այն մարդու աշխարհը, ով դա չի ուզում։ Մարդն ինքն է որոշել, որ ուզում է այսպես ապրել, այսպես ներդրումներ կատարել։ Եվ իմաստ չունի փորձել նրան հակառակը համոզել. դա նրա ընտրությունն է։
«ԱՌԿԱ»․ ֆինանսական կրթվածությունը հաճախ ասոցացվում է անձնական շահի հետ։ Բայց ավելի լայն իմաստով, ի՞նչ դեր է այն խաղում երկրի տնտեսական զարգացման մեջ։
Գ․ Մելքոնյան․ տնտեսությունը, որտեղ մարդիկ ֆինանսապես կրթված են, ճիշտ է աշխատում, ինչպես և պետք է աշխատի։
Անկեղծորեն կարող եմ ասել, որ ԱՄՆ-ում մարդիկ ֆինանսապես ավելի կրթված են, քան Հայաստանում: Ահա մի օրինակ. երբ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը ելույթ է ունենում, բոլորը լսում են, ապա վերլուծում՝ ցանկանալով հասկանալ, թե ինչ է նա ասել և ինչ է նկատի ունեցել: Կա նույնիսկ կատակ. նա իր ելույթը սկսում է «Good Afternoon» խոսքերով, և մարդիկ ասում են. «It’s the most expensive «Good Afternoon» in the world»:
Երբ ելույթ է ունենում Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, նրան ևս բոլորը պետք է լսեն։ Մենք պետք է իմանանք՝ տոկոսադրույքը կնվազի՞, թե՞ ոչ։ Բայց եթե սովորական մարդուն հարցնենք, թե ինչ է մտածում տոկոսադրույքի մասին, նա կպատասխանի. «Ի՞նչ նշանակություն ունի դա ինձ համար։ Դա ինձ վրա չի ազդի…»։ Բայց իրականում՝ ազդում է։ Մարդիկ ապրում են տնտեսությունից դուրս։
«ԱՌԿԱ»․ այստեղ նաև մեծ դեր է խաղում շուկայի զարգացվածությունը։
Գ. Մելքոնյան․ այստեղ առաջնայինի հարցն է՝ «ձու կամ հավ»։ Եթե բոլորը ֆինանսապես կրթված լինեին, շուկան էլ կցանկանար զարգանալ։ Իսկ եթե կա զարգացած շուկա, ապա, ուզես թե չուզեզ, կլինես ֆինանսապես կրթված։
Ինչո՞ւ մեզ մոտ բոլորը գիտեն, թե ինչպես են աշխատում բանկերը, բայց չգիտեն, թե ինչպես ներդրումներ կատարել։ Որովհետև Հայաստանն ունի բավականին լավ զարգացած բանկային համակարգ. մարդիկ դա գիտեն, հասկանում են և օգտվում են դրանից։
«ԱՌԿԱ»․ այս համատեքստում ի՞նչ դեր են խաղում լրատվամիջոցները և սոցիալական ցանցերը ներդրումների և ֆինանսական հաստատությունների նկատմամբ հանրային վստահության ձևավորման գործում։
Գ. Մելքոնյան․ հսկայական դեր, եթե ոչ հիմնական։ Մենք ակտիվորեն աշխատում ենք մեդիայի հետ։ Freedom Holding–ը հանրային ընկերություն է, և մենք ցանկանում ենք առավելագույնի հասցնել մեր հանրայնացումը։ Մենք միշտ պատրաստ ենք, որպեսզի մեր մասին գրեն։
Մի բան է, երբ մենք ինքներս ենք մեզ գովազդում, խոսում միայն լավ բաների մասին, և բոլորովին այլ բան է, երբ այլ աղբյուրները, հատկապես ներկայացուցչական աղբյուրները, մեր մասին խոսում են որպես լավ ընկերության։ Այդ ժամանակ մարդիկ սկսում են վստահել։
«ԱՌԿԱ». ի՞նչ դեր են խաղում դպրոցներն ու համալսարանները ֆինանսական մտածողության ձևավորման գործում։
Գ. Մելքոնյան. դպրոցները պետք է ապահովեն ֆինանսական հիմնարար կրթություն՝ փողի, բանկերի, ներդրումների վերաբերյալ գիտելիքներ սերմանելու համար: Որպեսզի դպրոցի ցանկացած շրջանավարտ, անկախ ընտրած մասնագիտությունից, կարողանա դառնալ բազային ներդրող, գոնե գաղափարի մակարդակում իմանա, թե ինչ է բաժնետոմսը, ինչից է կախված շուկայում գների փոփոխությունը։
Եվ համալսարաններում կրթությունը պետք է ավելի խորացված լինի: Հայկական բուհերի հիմնական խնդիրն այն է, որ շեշտը դրվում է տեսական գիտելիքների վրա, մինչդեռ մենք օգնում ենք ներդնել գործնական բաղադրիչը: Մենք աշխատում ենք բազմաթիվ հայկական բուհերի հետ: Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպես են փայլում ուսանողների աչքերը, երբ հասկանում են, որ այն, ինչ սովորել են, իսկապես աշխատում է։ Սա փոխշահավետ գործընթաց է։ Ակադեմիան նույնպես մեծապես շահում է այս համագործակցությունից, մասնավորապես այն պատճառով, որ երիտասարդները դառնում են ֆինանսապես կրթված։
Կրթության մեջ ներդրումներ կատարելը հիմնական առաջնահերթություն է՝ հատկապես հաշվի առնելով մեր երկարաժամկետ նպատակները։ Մենք ընդունել ենք կրթության ռազմավարություն, ծավալուն փաստաթուղթ, և հենց դա է մեր տեսլականը հիմա։
«ԱՌԿԱ»․ Ակադեմիայի ո՞ր նախագծերն եք համարում ամենահաջողվածը։
Գ. Մելքոնյան. քանի որ շատ նախագծեր ունենք, կցանկանայի առանձնացնել առաջինը, որը մեկնարկեցինք դեռ անցյալ տարի։ Դա մեր բաց, բազային վեբինարներն են՝ «Say Hello to Investments», որոնք անցկացնում ենք ամիսը երկու անգամ։ Երբ սկսում էինք, յուրաքանչյուր վեբինարին մասնակցում էր 10-20 մարդ, ինչի համար ես անկեղծորեն ուրախ էի։ Հիմա մենք ունենք եթերներ՝ 500-800 մասնակիցներով, և ամեն անգամ նոր մարդիկ են միանում։
Սա մեր պրոդուկտն է, որով մուտք ենք գործել շուկա, և նրա հաջողված լինելը հույս է ներշնչում, որ մյուս նախագծերը ևս կհաջողվի իրականացնել։
«ԱՌԿԱ»․ և վերջում, ձեր անձնական խորհուրդը յուրաքանչյուր հայի. որտեղի՞ց սկսել ֆինանսական անկախության ճանապարհը, և ո՞ր առաջին քայլը վաղը մարդուն մի փոքր ավելի ֆինանսապես կրթված կդարձնի։
Գ. Մելքոնյան․ ճիշտ հարց է։ Սկսեք ինքներդ ձեզնից և հասկացեք, որ ինչ-որ բանի հասնելը հեշտ է, երբ պարզապես չես խոսում դրա մասին, այլ գործում ես։ Մենք շատ ենք խոսում և շատ քիչ ենք անում։ Գիտելիքների աճին զուգընթաց հնարավորությունները նույնպես կաճեն։
Գլխավոր խորհուրդն է չվախենալ առաջին քայլը կատարելուց։ Դրանից հետո մնացածն ավտոմատ ստացվում է։






