Tue, 16 December
5.1 C
Yerevan
USD: 381.76 RUB: 4.81 EUR: 448.80 GEL: 141.71 GBP: 512.40

2026 թվականը կլինի բեկումնային. Freedom Broker Armenia-ի տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Հայաստանի կապիտալի շուկան թևակոխում է որակական փոփոխությունների փուլ. աճում է հետաքրքրությունը պարտատոմսերի նկատմամբ, ակտիվանում են օտարերկրյա ներդրողները, և ձևավորվում է պահանջարկ նոր գործիքների նկատմամբ՝ սկսած IPO-ից մինչև թվային ակտիվներ։ Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն թեմային, թե ինչ միտումներով է պայմանավորված եղել ներդրումային վարքագիծը 2025 թվականին, շուկայի որ հատվածների համար 2026 թվականը կարող է բեկումնային դառնալ, և ինչ մարտահրավերների առջև է կանգնած Հայաստանի կապիտալի շուկան մոտ ապագայում։

 «ԱՌԿԱ». ի՞նչ առանցքային միտումներ են ձևավորել Հայաստանի կապիտալի շուկան 2025 թվականին, և ո՞րն է եղել ներդրողների ակտիվության գլխավոր շարժիչ ուժը։

Հ Հովակիմյան 2025 թվականին հաճախորդների համար առանցքային հետաքրքրությունը կենտրոնացած էր ֆիքսված եկամտաբերությամբ գործիքների՝ կորպորատիվ և պետական պարտատոմսերի վրա։ Դա մանրածախ ներդրողի համար առավել հասկանալի գործիք է. նա գիտակցում է, որ ներդրում է կատարում և ստանում է հասկանալի տարեկան տոկոս։

«ԱՌԿԱ». կապիտալի շուկայի ո՞ր հատվածներն են գրանցել ամենամեծ աճը և ինչո՞ւ։

Հ Հովակիմյան ընդհանուր առմամբ, 2025 թվականին կորպորատիվ և պետական պարտատոմսերի թողարկումների ծավալի զգալի աճ է գրանցվել։ Պետական պարտատոմսերը, ինչպես միշտ, ֆիքսված եկամտաբերությամբ ամենապահանջված գործիքն են եղել։ Եվ այս տարի կատարված բոլոր թողարկումներով պահանջարկը 20-40%-ով գերազանցել է առաջարկը։ Այսինքն՝ մանրածախ, և առավել ևս ինստիտուցիոնալ ներդրողները՝ բանկերը, ներդրումային ընկերությունները, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, սկսել են հետաքրքրություն ցուցաբերել։

Ընթացիկ կորպորատիվ պարտատոմսերի շուկայական ծավալը կազմում է $1.7 մլրդ։ Եվ հաշվի առնելով այն փաստը, որ 7-8 տարի առաջ այդ թվերը կազմում էին մոտավորապես $300-400 մլն, մենք հետաքրքրության աճ ենք տեսնում հենց այս ուղղությամբ։

Այնուամենայնիվ, Freedom Broker Armenia-ն կարծում է, որ հետաքրքրություն կա նաև հայկական շուկայի համար ավելի քիչ ավանդական գործիքների նկատմամբ, ինչպիսին է մասնաբաժնային մասնակցությունը, երբ ներդրողը դառնում է բիզնեսի սեփականատերը։ Հայաստանի մասնավոր ներդրողների միտումներով, այդ գործիքները նույնպես պահանջարկ ունեն, թեև ոչ այն ծավալով, ինչ ֆիքսված եկամտաբերությամբ գործիքները։

«ԱՌԿԱ». իսկ օտարերկրյա ներդրողների ներկայության տեսանկյունից ի՞նչ միտումներ կարող եք նշել։

Հ Հովակիմյան կարծում եմ, մենք յուրատեսակ «քվանտային ցատկ» ենք կատարել, օրինակ, 2022 թվականի համեմատ։ Freedom Broker Armenia-ն ունի շատ մեծ թվով օտարերկրյա ներդրողներ։

Եթե խոսենք տեղական բիզնեսի մասին, այն աճում է։ Սակայն այստեղ մեծ աշխատանք է անհրաժեշտ, քանի որ ֆինանսական կրթության մակարդակը, թեև բարձրանում է, բայց դեռ ցածր է կապիտալի զարգացած շուկաների համեմատ։ Իսկ օտարերկրյա ներդրողները, տեսնելով հնարավորությունները և գործիքները, որոնք հեշտ մուտք են տալիս դեպի շուկա, ներդրումներ են կատարում, այդ թվում՝ հայկական շուկայում։

Որպես օրինակ՝ Team Holding ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը, որտեղ Freedom Broker Armenia-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող։ Ընդհանուր առմամբ տեղաբաշխվում է $35 մլն, գործընթացը կտևի 3-4 ամիս, բայց ես ակնկալում եմ, որ տեղաբաշխման կեսից ավելին կգնեն օտարերկրյա ներդրողները։ Ես դա համարում եմ լավ ազդանշան այն մասին, որ օտարերկրյա ներդրողները գումար են ներդնում հայկական ընկերություններում։

«ԱՌԿԱ». ինչպիսի՞ն են Հայաստանում բաժնետոմսերի շուկայի զարգացման հեռանկարները։ Հնարավո՞ր է արդյոք հանրային ընկերությունների շրջանակի ընդլայնում կամ նոր բորսայական գործիքների գործարկում 2026 թվականին։

Հ Հովակիմյան մենք տեսնում ենք պահանջարկ, տեսնում ենք հետաքրքրություն։ Հայաստանում բաժնետոմսերի շուկան դեռ փոքր է։ Տեղական հաճախորդները, մտադրվելով բաժնետոմսեր ձեռք բերել, հիմա ավելի շատ դիտարկում են դրանք օտարերկրյա հարթակներում գնելու հնարավորությունը։ Պատճառն այն է, որ այդ մշակույթը դեռ չի ձևավորվել, և գործիքներն էլ այդքան շատ չեն։

Բայց, ինձ թվում է, ժամանակի ընթացքում դա կփոխվի, և 2026 թվականին մի քանի ընկերություններ անպայման դուրս կգան IPO-ի AMX Հայկական բորսայում։

Նաև կարծում եմ, որ այլ պրոդուկտներ ևս կզարգանան, ինչպիսիք են ETF-ները և կառուցվածքային պրոդուկտները, որոնք շատ տարածված են աշխարհում, մասնավորապես՝ JP Morgan-ում կամ Goldman Sachs-ում։ Եվ, ինչպես ինձ է թվում, 2026 թվականին Հայաստանը կզարգանա նաև այդ ուղղությամբ։

Կարծում եմ, որ բաժնետոմսերի շուկան կմեծանա ինչպես քանակական առումով, այնպես էլ բորսայական իրացվելիության տեսանկյունից։ Նաև կհայտնվեն նոր գործիքներ և նոր ներդրումային հնարավորություններ մանրածախ ներդրողների համար։ Կարծում եմ, 2026 թվականը բեկումնային կլինի։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս են ներքին մակրոտնտեսական գործոնները՝ գնաճը, տոկոսադրույքները, արժութային փոխարժեքը, ազդել հաճախորդների ներդրումային որոշումների վրա 2025 թվականին։

Հ Հովակիմյան գնաճի դանդաղումը բարձրացրեց պարտատոմսերի իրական եկամտաբերությունը, քանի որ ցածր գնաճի պայմաններում Կենտրոնական բանկը իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը հանգեցնում է պարտատոմսերի եկամտաբերության նվազմանը և, որպես հետևանք, դրանց գնի աճին։

Հայաստանում այժմ տոկոսադրույքի նվազեցման ցիկլ է, և մենք կանխատեսում ենք, որ 2026 թվականին տոկոսադրույքների բարձրացում չի լինի։ Ուստի պարտատոմսերի շուկան հիմա հետաքրքիր է, և կարծում եմ, որ այդ միտումը կպահպանվի նաև 2026 թվականին։

Արժութային փոխարժեքի համատեքստում կարող եմ ասել, որ դրամը կայուն արժույթ է։ Ավելին, աշխարհում ընդամենը երկու արժույթ կա, որոնք վերջին 10 տարում չեն արժեզրկվել դոլարի նկատմամբ։ Դրանք, որքան էլ տարօրինակ է, հայկական դրամն ու շվեյցարական ֆրանկն են։ Դրամի կայունությունը և դոլարի նկատմամբ ցածր անկայունությունը խթանում են ներդրողների հետաքրքրությունը, ովքեր ցանկանում են ներդրումներ կատարել դրամով, քանի որ եթե դոլարով եկամտաբերությունը 6-8% է, ապա դրամով՝ 10-11%, մասնավորապես՝ 9-11% կորպորատիվ պարտատոմսերով։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս եք գնահատում Կենտրոնական բանկի ընթացիկ կարգավորիչ քաղաքականությունը կապիտալի շուկայի նկատմամբ, և ի՞նչ միջոցներ կարող էին ուժեղացնել այս ոլորտի զարգացումը 2026 թվականին։

Հ Հովակիմյան Կենտրոնական բանկը բավականին կշռադատված և հետևողական քաղաքականություն է վարում ֆինանսական համակարգի կայունության, հատկապես շուկայի թվայնացման և թափանցիկության մասով։ Հայաստանում կապիտալի շուկան բարելավելու համար ես կարող էի կարգավորող մարմնին խորհուրդ տալ խթանել ընկերությունների մուտքը IPO։

Բացի այդ, արժե աշխատել ընկերությունների ցուցակման կարգավորիչ բազայի և նոր գործիքների թույլատրման վրա։ Այս ընթացակարգերը պետք է ավելի թվայնացված և պարզ դառնան, որպեսզի բարձրացնեն այս պրոդուկտի գրավչությունը ընկերությունների համար։ Էապես կօգնի նաև թվային ակտիվների զարգացումն ու կարգավորումը։

Եվ հիմնականը, որով պետք է զբաղվի և զբաղվում է ԿԲ-ն, ինչպես նաև մենք, մյուս ֆինանսական ընկերությունները, բորսան, բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումն է, կրթական պրոդուկտների և հարթակների ներդրումը։ Մոտակա 3-5 տարվա հեռանկարում ես տեսնում եմ Հայաստանում կապիտալի շուկաների զարգացման անհրաժեշտություն հենց ֆինանսական գրագիտության ուղղությամբ։ Այս դիրքերը պետք է ուժեղացվեն։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս կարող է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի ուժի մեջ մտնելն ազդել Հայաստանում թվային ակտիվների ձևավորման և կարգավորման վրա։ Արդյոք շուկան պատրա՞ստ է այդ գործիքների ինտեգրմանը։

Հ Հովակիմյան դա լավ նախաձեռնություն է։ Առաջին հերթին, սահմանվում է ակտիվների տոկենացման իրավական բազան, ինչը շուկային հնարավորություն կտա գործարկել, օրինակ, թվային պարտատոմսեր, ինչ-որ մասնաբաժնային գործիքներ, բաժնետոմսեր, ներգրավել ֆինտեխ ընկերություններ, բլոկչեյն հարթակ։ Հայաստանում դրանցից շատ բան արդեն գոյություն ունի, բայց ես դա ավելի շուտ մոխրագույն գոտի կանվանեի։

Կրիպտոշուկան, որը գնահատվում է մի քանի տրիլիոն դոլար, անհնար է անտեսել։ Հետևաբար, Հայաստանի համար դա միանշանակ պլյուս է, դա կօգնի շատ ծառայությունների թվայնացմանը, որոնք այստեղ դեռևս տրամադրվում են 90-ականների մակարդակով։ Շատ բան դեպի լավը կփոխվի։

2026 թվականի հունվարի 1-ից ներդրումային ընկերությունները կկարողանան դիմել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար, և Freedom Broker Armenia-ն կմասնակցի դրան։ Մենք կարծում ենք, որ սա 21-րդ դարի ֆինանսական գործիք է, և պետք է ժամանակին համահունչ քայլել, համապատասխանաբար, մեզ համար դա պետք է դառնա բիզնեսի կարևոր մասը։

«ԱՌԿԱ» ի՞նչ դեր են 2025 թվականին խաղացել ինստիտուցիոնալ ներդրողները՝ կենսաթոշակային ֆոնդերը, բանկերը, ապահովագրական ընկերությունները, և ինչպե՞ս կարող է փոխվել նրանց մասնակցությունը 2026 թվականին։

Հ Հովակիմյան բանկերը, հիմնականում, ներդրումային պրոդուկտներն օգտագործում են իրացվելիության կառավարման համար։

Կենսաթոշակային ֆոնդերի համատեքստում լուրջ ցատկ է նկատվում կորպորատիվ պարտատոմսերում նրանց մասնակցության մեջ։ Քանի որ Հայաստանում այս շուկան աճում է, կենսաթոշակային ֆոնդերի մոտ նոր գործիքների, և, համապատասխանաբար, պորտֆելի դիվերսիֆիկացիայի հնարավորություն է առաջանում, ինչը կարևոր է նրանց համար։

Ապահովագրական ընկերություններն ընդլայնվում են դեպի երկարաժամկետ արժեթղթերը, և նրանց համար ևս շատ կարևոր է շուկայում որոշակի ժամկետով գործիքների առկայությունը, որպեսզի նրանք կարողանան ճիշտ կանխատեսել իրենց բիզնեսները։ Նրանք եկամտաբերությունը ֆիքսում են 5, 10, երբեմն էլ 20 տարով։ Եվ քանի որ այդ գործիքները զարգանում են Հայաստանում, և 2026 թվականին կզարգանան նույն տեմպերով, ապահովագրական ընկերությունները կօգտագործեն դրանք։

«ԱՌԿԱ» ի՞նչ գլոբալ մակրոմիտումներ՝ ԴԱՀ-ի (ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգ) քաղաքականությունը, աշխարհաքաղաքական գործոնները, հումքային շուկաների դինամիկան, ամենամեծ ազդեցությունն են ունեցել Հայաստանում ներդրողների հետաքրքրության վրա։

Հ Հովակիմյան տեղական և օտարերկրյա ներդրողի վրա ազդում է, առաջին հերթին, գնաճը և տոկոսադրույքների քաղաքականությունը։ Երբ տոկոսադրույքներն աճում են, պարտատոմսերի եկամտաբերությունը տվյալ պահին ընկնում է, համապատասխանաբար, նվազում է դրանց գրավչությունը, և տեղի է ունենում հոսք դեպի բաժնետոմսերի շուկա, այսինքն՝ դեպի մասնաբաժնային մասնակիցների շուկա։ Այս տարի նույնիսկ S&P 500-ը պատմական առավելագույն է գրանցել։

Քանի որ Հայաստանում բաժնետոմսերի շուկան այնքան էլ զարգացած չէ, ամեն ինչ տեղի է ունենում հակառակը. ֆինանսական պրոդուկտների զարգացվածության տեսանկյունից զարգացումը գնում է դեպի ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ։ Տեղական հաճախորդն ավելի շատ նախընտրում է այս գործիքը, իսկ օտարերկրյա ներդրողները նախապատվություն են տալիս ֆոնդային շուկային, քանի որ այն ցույց է տալիս 2-2.5 անգամ ավելի բարձր եկամտաբերություն, քան բաժնետոմսերի շուկան։

Ինչ վերաբերում է ռիսկերին։ Աշխարհում կարող է տեղի ունենալ ամեն ինչ, այդ թվում՝ որոշակի ֆորսմաժորային իրավիճակ, ինչի պատճառով ԴԱՀ-ի քաղաքականությունը, Հայաստանի ԿԲ-ի քաղաքականությունը կտրուկ կփոխվեն։ Մենք ապրում ենք անկայուն ժամանակներում, և աշխարհաքաղաքական ռիսկերը կարող են էական դեր խաղալ։

«ԱՌԿԱ» ի՞նչ դասեր քաղեց մասնավոր ներդրողը 2025 թվականից, և ի՞նչ է փոխվել նրա վարքագծում։

Հ Հովակիմյան Հայաստանում մասնավոր ներդրողներն ավելի կարգապահ են դարձել, նրանք ունեն ավելի շատ հնարավորություններ, սկսել են ավելի շատ կարդալ և հետևել վերլուծությանը, այդ թվում՝ այն տեղեկատվությանը, որը տրամադրում է մեր ընկերությունը։

Մենք տեսնում ենք, որ Հայաստանում հետաքրքրություն է առաջանում կապիտալի շուկայի նկատմամբ։ Դա երևում է ոչ միայն մեր հաճախորդների բազայի աճով, այլև բրոքերային պրոդուկտների առաջխաղացման հետ կապված մյուս ֆինանսական ընկերությունների մարքեթինգային ակտիվությամբ։ Այս բիզնեսում ներգրավված են նաև բանկերը, որոնք մշակել են լավ հարթակներ և տրամադրում են լավ գործիքներ։

Մենք գնում ենք դեպի թվայնացում, ներդրողների համար ամեն ինչ դարձել է շատ ավելի հեշտ, հայտնվել են հետաքրքիր վերլուծական գործիքներ, հետաքրքիր կրթական պրոդուկտներ։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ դիվերսիֆիկացումը կարևոր է, որ երկարաժամկետ մտածողությունն ավելի կարևոր է, քան կարճաժամկետ շահարկումները, որ կարևոր է բրոքերի որակը։

«ԱՌԿԱ» ձեր կարծիքով, ի՞նչ մակրոտնտեսական և շուկայական գործոններ կորոշեն Հայաստանի ներդրումային միջավայրը 2026 թվականին։

Հ Հովակիմյան դրանք տոկոսադրույքների տեղական և գլոբալ մակարդակն են, աշխարհաքաղաքականության և ռիսկերի հետ կապված հարցերը։ Եթե այս միջավայրում կայունություն լինի, մենք լուրջ զարգացում կունենանք ինչպես մեր բիզնեսում, այնպես էլ ընդհանուր առմամբ Հայաստանում կլինի տնտեսական աճ։

 Կարևոր ուղղություն է օտարերկրյա ներդրումների ներհոսքը։ Հայաստանը, ընդհանուր առմամբ, դառնում է շատ ավելի գրավիչ օտարերկրյա ներդրողի համար։ Այս ուղղությամբ բոլորը պետք է աշխատեն։ Հայաստանն առանց օտարերկրյա կապիտալի չի զարգանա։ Պետք է հետաքրքիր պրոդուկտներ ստեղծել, զարգացնել գրավիչ ներերկրային հնարավորություններ, որպեսզի օտարերկրյա ներդրողները ցանկանան ներդրումներ կատարել Հայաստանում, և այդ ներդրումային միջավայրը պետք է ստեղծել երկրում։ Միտումը դրական է այս ուղղությամբ։

Միաժամանակ, մենք դեռ շատ խնդիրներ ունենք։ Կուզենայինք որ սփյուռքը Հայաստանում գտնի կապիտալի ներդրման գործիքներ, որպեսզի դա լինի ոչ միայն բարեգործություն։ Պետք է նրանց առաջարկել ներդրումային նախագծեր, այդ թվում՝ կապված սոցիալական բեռի հետ, թեկուզ ավելի ցածր եկամտաբերությամբ։ Դա թույլ կտա շատ ավելի շատ գումար ներգրավել, քան հիմա ենք ներգրավում։

Հայաստանի զարգացումը հնարավոր է միայն դեպի թվայնացում, պետք է ընկերությունների ենթակառուցվածքները հարմարեցնել թվային ակտիվներին։ Միտումը կա, բայց մենք անցել ենք ճանապարհի ընդամենը 10%-ը։ Մենք չենք կարող գործել և մրցունակ լինել աշխարհում, եթե գործում ենք 90-ականների կանոններով։

«ԱՌԿԱ» շուկայի ո՞ր հատվածներն ունեն աճի ամենամեծ ներուժը 2026 թվականին։

Հ Հովակիմյան ծավալի տեսանկյունից՝ Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերը։ Վերջին մի քանի տարիների միտումը կպահպանվի, և, հնարավոր է, նույնիսկ բազմապատիկ կաճի 2026 թվականին։ Մենք բազմաթիվ բանակցություններ ունենք տարբեր բիզնեսների հետ, որոնք սկսել են դիտարկել հանրային դաշտ դուրս գալու հնարավորությունը, որպեսզի իրենց բիզնեսը ներկայացնեն շատ թափանցիկ ձևաչափով։ Հայաստանի համար սա նոր մտածելակերպ է. հանրային դաշտ դուրս գալու պատրաստակամությունը հիմա ավելի շատ վերաբերում է ՏՏ-ընկերություններին, ֆինտեխ ընկերություններին, բայց նաև ավանդական բիզնեսներին։

Կհայտնվեն նոր պրոդուկտներ, և դրանց գրավչության տեսանկյունից հայկական շուկան ավելի հետաքրքիր կդառնա ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։

Մեծ ներուժ կա ֆինտեխ և ՏՏ ընկերությունների IPO-ի պատրաստակամության գծով, և սա նույնպես բավականին լուրջ խթան է Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Իսկ հաշվի առնելով այն, որ արդեն կհայտնվեն կրիպտո-բրոքերներ, հնարավորություն կլինի տոկենացված ակտիվների թվայնացման համար, ինչը լրացուցիչ հնարավորություն կստեղծի կապիտալի շուկայի զարգացման համար։

«ԱՌԿԱ» ի՞նչ առանցքային մարտահրավերներ կարող են ազդել կապիտալի շուկաների վրա 2026 թվականին՝ ինչպես գլոբալ, այնպես էլ Հայաստանին հատուկ։

Հ․ Հովակիմյան․ ինչ վերաբերում է գլոբալ մարտահրավերներին, ապա դա ԴԱՀ-ի անկայունությունն է, հնարավոր է կարգավորման ուժեղացում համաշխարհային շուկաներում։ Կարող են լինել աշխարհաքաղաքական ցնցումներ, որոնք կարող են ազդել։

Տեղական շուկայի մարտահրավերը նրա փոքր իրացվելիությունն է։ Մեզ մոտ նույնիսկ պարտատոմսերով բորսայում առևտրի ծավալները շատ մեծ չեն, իսկ բաժնետոմսերով ծավալները շատ փոքր են։ Ամերիկայում մեկ քլիքով կարելի է ցանկացած բաժնետոմս վաճառել տասնյակ, հարյուր միլիոնավոր դոլարներով, իսկ Հայաստանում դրա համար անհրաժեշտ է գտնել կոնտրագենտ, բորսայի միջոցով նման ծավալներ չեն անցնում։ Իրացվելիության հետ կապված նման իրավիճակը կարելի է շտկել այն դեպքում, եթե ավելանա մասնակիցների թիվը։ 2026 և 2027 թվականներին շուկայի հիմնական խնդիրը տեղական պրոդուկտների իրացվելիության ավելացումն է։

Բացի այդ, պետք է աշխատել, որ ընկերությունները դուրս գան հանրային դաշտ. շատ բիզնեսների համար ավելի հեշտ է բանկից վարկ վերցնել շենքի գրավով, քան օգտվել շուկայում առկա ներդրումային պրոդուկտներից և հնարավորություններից։

«ԱՌԿԱ» Freedom Broker Armenia–ի ո՞ր պրոդուկտներն ու ծառայություններն են դարձել առավել պահանջված 2025 թվականին, և ի՞նչ նոր լուծումներ է ընկերությունը նախատեսում ներդնել 2026 թվականին, այդ թվում՝ տեխնոլոգիաներն ու ԱԲ գործիքները։

Հ․ Հովակիմյան․ մեզ համար հաճելի անակնկալ էր, որ Հայաստանը սկսեց շարժվել դեպի ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ, այդ թվում՝ Freedom Broker Armenia-ի գործիքները։ Խոսելով սեգմենտավորման մասին, կարելի է ասել, որ հաճախորդների 50%-ը գնում է պետական պարտատոմսեր, իսկ 50%-ը՝ կորպորատիվ։

 Հաջորդ տարի, հավանաբար, գործընթացները կշարժվեն դեպի կորպորատիվ պարտատոմսեր, քանի որ ավելի շատ հնարավորություններ կառաջանան, ավելի շատ ընկերություններ կդառնան հանրային և իրենց պարտատոմսերը կառաջարկեն շուկային։ Դրամային կորպորատիվ գործիքների եկամտաբերությունը միջինը 9-11% է, իսկ պետականներինը՝ 7%։ Եկամտաբերության 2-3% տարբերությունը էական է։

Անցյալ տարվա մայիսին մենք ստացանք թողարկողի լիցենզիա և վստահելի կառավարչի լիցենզիա։ Team Holding-ը դարձավ առաջին ընկերությունը, որի արժեթղթերը մենք տեղաբաշխում ենք, իսկ վստահելի կառավարման համատեքստում մենք հաջորդ տարվա համար ծրագրեր ունենք, ցանկանում ենք հետաքրքիր ֆոնդեր գործարկել։ Դրանք նոր պրոդուկտներ կլինեն Հայաստանի համար և պահանջարկ կունենան։

Մենք ունենք մի պրոդուկտ՝ դրամային D-հաշիվներ, որոնք ռեպո դրույքներ են հաճախորդի և ընկերության միջև, որտեղ մենք հաճախորդին եկամտաբերություն ենք տալիս, թեկուզ ոչ մեծ։ Դրույքը պարտատոմսերից ցածր է, բայց փոխարենը իրացվելիությունն ամենօրյա է։ Սա մի փոքր ավելի բարդ է հաճախորդի համար, բայց նա ստանում է ֆիքսված եկամտաբերությամբ և ամենօրյա իրացվելիությամբ գործիք։ Այս գործիքը պահանջարկ է ունեցել նաև այս տարի, և կարծում եմ, հաջորդ տարի ևս կունենա։

«ԱՌԿԱ» և վերջում. ի՞նչ երեք խորհուրդ կտայիք ներդրողներին 2026 թվականի համար ռազմավարություն մշակելիս։

Հ Հովակիմյան առաջին խորհուրդը պորտֆելի դիվերսիֆիկացումն է։ Սա այն հիմքն է, որը պետք է ուսումնասիրի ներդրողը ներդրումային պրոդուկտների հետ աշխատանքի իր ճանապարհի սկզբում։ Պետք է հիշել, որ ցանկացած, նույնիսկ ամենահուսալի պրոդուկտը, ռիսկ ունի, իսկ դիվերսիֆիկացման դեպքում, նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում, կտուժի պորտֆելի միայն մի մասը, ինչը զգալիորեն նվազեցնում է ընդհանուր ռիսկը։

Երկրորդ խորհուրդն է՝ ավելի շատ օգտագործել հիմնարար ռազմավարություններ, քան տեխնիկականները, ուսումնասիրել ընկերությունները։ Միայն տեխնիկական վերլուծության հաշվին աշխատելը, թերևս, պորտֆելի ավելի շահարկող մասն է։ Պորտֆելի հիմքը պետք է կազմված լինի հիմնարար ռազմավարություններից։

Երրորդ խորհուրդն է ՝ այն ֆինանսական ինստիտուտի ընտրությունը, որի հետ դուք պատրաստ եք անցնել երկար ճանապարհ։ Պետք է ընտրել հուսալի գործընկեր, և ես վստահ եմ, որ Freedom Broker Armenia-ն այդպիսին է։ Մենք ամեն ինչ անում ենք կապիտալի շուկայի զարգացման, ներդրողների ուսուցման համար, տրամադրում ենք լավ ծառայություն և ձգտում ենք անել այնպես, որ այն ներդրողները, ովքեր մեզ հետ են անցնում այս ճանապարհը, կարողանան ուրիշներին մեզ ներկայացնել և խորհուրդ տալ որպես հուսալի գործընկեր։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img