ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. «Ամերիաբանկը» 2010 թ.-ին 45 մլն դոլար կստանա IFC, FMO և DEG-ի միջոցներից, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
«2010 թ.-ին մենք համապատասխան պայմանագրեր ենք կնքել IFC, FMO և DEG հետ 45 մլն դոլար ներգրավելու մասին, որոնք մեզ կտրամադրվեն 2010-ին»,- ասաց նա:
Նա հավելեց, որ FMO/DEG բանկին կտրամադրի 30 մլն դոլար, իսկ IFC՝ 15 մլն դոլար:
Տնօրինության նախագահը հիշեցրեց, որ 2009 թ.-ին IFC-ի հետ կնքվել է երկու պայմանագիր, որոնցից մեկը հունիսին՝ առևտրի ֆինանսավորման, երկրորդը դեկտեմբերին՝ փոքր ՀԷԿ-երի ծրագրի ֆինանսավորման համար: 2009թ. դեկտեմբերին 30 մլն տրամադրեց FMO/DEG, որից 20 մլն դոլարն ուղղվեց բիզնեսի ֆինանսավորման ծրագրին, իսկ 10 մլն դոլարը` վերականգնվող էներգետիկայի ոլորտի փոքր հիդրոէլեկտրակայանների կամ հողմակայանների վարկավորման համար:
«Մենք ծրագրում ենք ևս 15 մլն դոլար ներգրավել մեկ այլ կառույցից, սակայն քանի որ բանակցությունները դեռ ավարտված չեն, մենք լրացուցիչ տեղեկատվություն չենք տարածում»,- նշեց Հանեսյանը:
Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) երկրի միջազգային զարգացման բանկն է: Զբաղվում է զարգացող երկրների ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ռիսկային կապիտալի ներդրումներով: FMO-ի ներդրումային պորտֆելը կազմում է 4.2 մլրդ եվրո, ինչի շնորհիվ այն դասվում է մասնավոր հատվածը ֆինանսավորող աշխարհի ամենախոշոր զարգացման բանկերի շարքում:
Մասամբ նաև հոլանդական կառավարության հետ ունեցած իր կապերի շնորհիվ` FMO-ն ունակ է ստանձնել այնպիսի ռիսկեր, որոնք առևտրային ֆինանսների ոլորտի ներկայացուցիչները պատրաստ չեն կամ դեռևս պատրաստ չեն ստանձնել: FMO-ի առաքելությունն է ստեղծել բարգավաճող ընկերություններ և ֆինանսական հաստատություններ, որոնք կնպաստեն իրենց երկրների կայուն զարգացմանը:
DEG-ը հանդիսանում է KfW Bankengruppe-ի (KfW բանկային խումբ) անդամ: Ֆինանսավորում է զարգացող և անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:
Որպես Եվրոպայի խոշորագույն զարգազման ֆինանսական կազմակերպություններից մեկը` DEG-ը խրախուսում է մասնավոր բիզնեսի կառույցներին` ներդրումներ կատարելու կայուն տնտեսական աճի և կենսամակարդակի բարձրացման համար: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել :
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն (նախկինում՝ «Հայներարտբանկ», վերանվանվել է 2008թ. մայիսին) ստեղծվել է 1992թ. հուլիսին՝ ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկի հայկական մասնաճյուղի բազայի վրա, նույն տարվա սեպտեմբերի 8-ին ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ստացել է բանկային գործունեության լիցենզիա:
2007թ.-ի օգոստոսին բանկի բաժնետոմսերի հիմնական փաթեթը` 96%-ը, ձեռք է բերվում ռուսաստանյան առաջնային և խոշորագույն ներդրումային ընկերության` «Տրոյկա Դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության կողմից:–0–