Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել: Նման հաստատումներից մեկը դարձավ ՀՀ ազգային վիճակագրության ծառայության օպերատիվ տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը հունվար մայիսին, 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 8,8 տոկոսով և կազմել 1016,8 միլիարդ դրամ (2,7 միլիարդ դոլար):

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս Կառլեն Խաչատրյանի կարծիքով՝ նման զարգացումը սպասելի էր, և տարեսկզբի դրական դինամիկան, ինչպես կանխատեսվում էր, դրական ազդակ հաղորդեց հայկական տնտեսությանը:

Նա ցուցադրական է նաև համարում մայիսին ՀՆԱ-ի 14,3 տոկոսանոց աճը՝ ընթացիկ տարվա ապրիլի համեմատ, ընդ որում առանձին բնագավառներում առաջին եռամսյակի դինամիկան, նրա խոսքերով, ևս դրական արդյունք է տվել հնգամսյա կտրվածքում:

«Եթե արդյունաբերական արտադրանքի ծավալը առաջին եռամսյակում ավելացել է 10,4 տոկոսով, ապա հինգ ամսվա ընթացքում աճը կազմել է 12,1 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն ավելացել է՝ 9,8 տոկոսից հասնելով 14,6 տոկոսի, իսկ ծառայությունների ծավալը՝ 6,2 տոկոսից հասնելով 6,8 տոկոսի», – պարզաբանում է Խաչատրյանը:

Փորձագետն առանձնապես դրական է համարում սպառողական գների ցուցանիշի նվազման փաստը, որի համեմատաբար բարձր մակարդակը մտածելու առիթ էր տալիս: Այս համատեքստում Խաչատրյանը կարևորում է գնաճի զսպմանն ուղղված գործուն քայլերի շարունակության անհրաժեշտությունը:

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն, հունվար-մայիսին Հայաստանում 7,6 տոկոսի գնաճ է գրանցվել՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ 2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ սպառողական գների աճը գրանցված է 5,3 տոկոսի սահմաններում:

ՀՆԱ-ի աճը համարելով գրագետ տնտեսական քաղաքականության արդյունք՝ վերլուծաբանը գալիս է այն եզրակացության, որ ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունը հաստատում է Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող դրական փոփոխությունների շարունակությունը և վստահություն է ներշնչում, որ տնտեսական աճը կշարունակվի:

Փորձագիտական հասարակության ներկայացուցիչները գրեթե չեն կասկածում, որ տարվա արդյունքում ՀՆԱ-ի աճը կարող է մի քանի անգամ գերազանցել պետբյուջեում նախատեսված 1,2 տոկոսանոց ցուցանիշը: Նման կանխատեսում է անում տնտեսական գիտությունների թեկնածու Արման Գաբրիելյանը, ում խոսքերով աճի բնագավառային կառուցվածքում առավել զգալի զարգացումը բաժին է հասնում վերամշակող արդյունաբերության կայուն ընդլայնման վրա, որը ուղեկցվում է արտահանման 64,5 տոկոս գերազանցող աճով:

«Չնայած 2009 թ.-ի անկման խորության՝ կառավարությանը հաջողվեց առանց ցնցումների տնտեսությունը տանել աճի ուղղությամբ», – պնդում է նա:

Միաժամանակ համեմատության համար Գաբրիելյանը նշում է, որ մինչև ճգնաժամը շատ ավելի լավ վիճակում գտնվող երկրներին, օրինակ Հունաստանին և Լատվիային, չհաջողվեց հասնել դրան: «Ավելին, հատկանշական է այն, որ 2005թ.-ից հետո առաջին անգամ Հայաստանի ՀՆԱ-ի աճը ավելի բարձր է, քան Ադրբեջանում, որտեղ այդ ցուցանիշը դեռևս կազմում է 4,3 տոկոս», – պարզաբանում է նա:

Նրա կարծիքով, այս ակնհայտ ձեռքբերումների հետ մեկտեղ կարճաժամկետ ժամանակահատվածում կառավարության առջև կանգնած հիմնական մարտահրավերը շարունակում է մնալ տնտեսության ստվերային հատվածի կրճատումն ու բոլորի համար հավասար պայմաններում բիզնես վարելու ապահովումը:

Հայ փորձագետների լավատեսությանն աջակցում են նաև միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչները: Այսպես, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը տարեվերջին Հայաստանում ՀՆԱ-ի 4-5 տոկոսի աճ է կանխատեսում, իսկ ԱՄՀ-ի կանխատեսումների համաձայն, այդ ցուցանիշը կարող է 4 տոկոս կազմել:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ․-ի հունիսի 3-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ հունիսի 2-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.52 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img