Գերմանիան Հայաստանին 105,5 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /ԱՌԿԱ/. Գերմանիան առաջիկա տարիների ընթացքում Հայաստանին 105,5 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի երեքշաբթի Երևանում ստորագրված «ԳԴՀ և Հայաստանի Հանրապետության միջև 2009 – 2010թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում:

«Այս համաձայնագիրն լուրջ երաշխիքն է նրա, որ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը, որն իրականացվում է վարկային, դրամաշնորհային և ներդրումային ծրագրերի տեսքով, ոչ միայն կշարունակվի, այլև կընդլյանվի և կխորանա», – ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոհան Շմիդտի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Նախարարի խոսքերով՝ համաձայնագրի հիմնական դրույթները քննարկվել և ճշտվել են 2009 թ.-ի հուլիսին՝ հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:

Դավթյանն ընդգծեց, որ այս համաձայնագիրը կրում է շրջանակային բնույթ և սահմանում է այն ուղղությունները, ինչպես նաև ծավալներն ու աջակցության ծրագրերը, որոնք իրագործվելու են մոտական տարիների ընթացքում Գերմանիայի ֆինանսական և տեխնիկական աջակցության շրջանակներում:

«Ֆինանսական համագործակցության ծրագրերի ընդհանուր փաթեթի հիմնական բաղկացուցիչները Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերն են», – ասաց նա:

Շիրակի և Լոռու մարզերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման համար նախատեսված է 40 միլիոն եվրոյի վարկ, Որոտանի ՀԷԿ-ի վերականգնման համար՝ մինչև 22 միլիոն եվրոյի վարկ, բնակարանային ֆինանսավորման կայուն զարգացող շուկային կտրամադրվի մինչև 20 միլիոն եվրոյի վարկ, վերականգնվող էներգակիրների վարկավորման համար նախատեսվում է մինչև 18 միլիոն եվրոյի վարկ և մինչև 1,5 միլիոն եվրոյի դրամաշնորհ, ինչպես նաև նախատեսվում է մինչև 4 միլիոն եվրոյի դրամաշնորհ արգելոցների պահպանման բնապահպանական ծրագրերի համար:

Դավթյանը նաև նշեց, որ ծրագրերից յուրաքանչյուրն առանձին քննարկվելու է, իսկ պայմանները, ժամկետներն ու ծավալները ճշտվելու են, և միայն ընդհանուր հայտարարի ձեռք բերումից հետո կստորագրվեն առանձին համաձայնագրեր:

«Գերմանիան ավանդաբար վարկային միջոցներ է տրամադրել Հայաստանին լավ և արտոնյալ պայմաններով, նրանք լրացվում էին նաև դրամաշնորհային բաղկացուցիչներով, ինչն առավելագույնս թեթևացնում էր այդ ֆինանսական ռեսուրսների իրագործումը», – ավելացրեց նախարարը:

Դեսպան Շմիդտն իր հերթին ասաց, որ Հայաստանի և Գերմանիայի երկարաժամկետ համագործակցության ընթացքում հաջողվել է ուղղվածություններ բացահայտել համատեղ աշխատանքների համար:

«Մենք համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: Մասնավորապես, բարձրաոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարության հարցում Գերմանիայի աջակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան գոհունակությամբ է արձանագրում, որ Հայաստանն ի վիճակի է ոչ միայն զարգանալ որպես էլեկտրաէներգիա արտադրող երկիր, այլև արտահանել այն հարևան երկրներ՝ Վրաստան և Իրան», – ընդգծեց նա:

Դեսպանը նաև գոհունակությամբ նշեց Վանաձորում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնմանն ուղղված աշխատանքները, ինչը, նրա խոսքերով՝ կարևոր դեր կխաղա համայնքային կառույցների զարգացման և կենսապայմանների բարելավման հարցերում:

«Նմանատիպ աշխատանք կիրականացվի նաև Գյումրիում», – ավելացրեց Շմիդտը:

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների համաձյան՝ հայ-գերմանական ֆինանսական համագործակցության մեկնարկից մինչ օրս ստորագրվել են 160,3 միլիոն եվրոյի համաձայնագրեր, որոնցից վարկային ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է 118 միլիոն եվրո, դրամաշնորհային ծրագրերի համար՝ 43,3 միլիոն եվրո:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img