Հայաստան. օգոստոսի 14-18–ի արժութային շուկայի տեսություն

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի արժույթի բաժնում նվազել է 0.10 տոկոսով` մինչև 411.50 դրամ։

Շաբաթվա առքուվաճառքի ծավալը կազմել է 13.90 մլն դոլար, ինչը 13.93 տոկոսով ավելի է, քան նախորդ շաբաթ։ Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0.30 տոկոսով, և շաբաթ օրը` օգոստոսի 18–ին, կազմել է 412.71 դրամ։ Հայաստանում ամերիկյան արժույթի այսպիսի վարքը պայմանավորված է ամառային արձակուրդների սեզոնում գործարար ակտիվության նմազմամբ, ինչպես նաև ՖՈՐԵՔՍ շուկայում ԱՄՆ դոլարի նվազոմամբ։

Առաջիկա շաբաթ FOREX միջազգային արժութային շուկայում ամերիկյան արժույթի ենթադրվող նվազման, ինչպես նաև խթանիչ նոր միջոցների ակնկալիքների ֆոնին, ԱՄՆ դոլարը նվազման շարունակման միտում ունի։ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքի հաջորդ աջակցությունը NASDAQ OMX Armenia բորսայում կարող է դառնալ 410 դրամ ցուցանիշը։ Այնուամենայնիվ, այսպիսի շարժումը մենք դիտարկում ենք որպես բիզնեսի և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող բարձր պահանջարկի հիման վրա ամերիկյան արժույթի վերընթաց թրենդի ավարտ։

Իսկապես, Հայաստանի ԿԲ մամուլի ծառայության մեկշաբաթյա տեսության համաձայն, ներբանկային արժութային շուկայում նախորդ շաբաթ առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը կազմել է 17.961 ԱՄՆ դոլար, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ շաբաթ։

Հայաստանում կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը առաջիկա շաբաթ հավանաբար կգտնվի 410,0 – 414,0 դրամի սահմաններում։

Եվրոյի գինը նախորդ շաբաթ Հայաստանում որոշվում էր FOREX միջազգային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգն աճել էր 0.35 տոկոսով` մինչև 1.2331։ Այնուամենայնիվ, նախորդ շաբաթվա առաջին կեսին եվրոպական արժույթն էժանացել է։ Բացասական ֆոնը պայմանավորված էր եվրագոտու թույլ մակրոտնտեսական տվյալներով։ Իսկապես, երկրորդ եռանմսյակում եվրագոտու ՀՆԱ անկումը տարեկան արտահայտությամբ արագացել է -0,1%–ով մինչև  -0,4 տոկոս։ Գերմանիայի գործարար ակտիվության ինդեքսը ZEW ինստիտուտի կողմից օգոստոսին նվազել է մինչև -25.5` կանխատեսվող -17.5–ի դիմաց։ Եվրագոտու արդյունաբերական արտադրության տվյալները նույնպես լավատեսական չէին։

Սակայն առևտրային շաբաթվա վերջում եվրոյին հաջողվեց վերականգնել դիրքերը, որից հետո հինգշաբթի` օգոստոսի 16–ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայում գտնվելու ժամանակ, հայտարարեց, որ Բեռլինը կօժանդակի եվրոպական կարգավորիչի` եվրագոտու կայունացման ջանքերին։ ԱՄՆ, եվրագոտու և Չինաստանի կենտրոնական բանկերի կողմից քանակական խթանման նոր միջոցներ սահմանելու վերաբերյալ հույսերի ուժեղացումը նույնպես օգնեց եվրոյին։

Արդյունքում, Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ բարձրացել է 0.79 տոկոսով` մինչև 511.85 դրամ։

Առաջիկա շաբաթվա ընթացքում եվրոյի դինամիկան աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում, կորոշվի ԱՄՆ–ի և եվրագոտու տնտեսական լուրերով։ Ամերիկյան լուրերից հարկ է ուշադրություն դարձնել նախորդ շաբաթ գործազրկության նպաստների առաջնային հայտերի թվի տվյալների հրապարակմանը և հուլիսին բնակշուկայի թվերին։ Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի նաև չորեքշաբթի` օգոստոսի 22–ին ծրագրված ԱՄՆ ԴՊՀ վերջին նիստի արձանագրության հրապարակումը։ Եվրոպական լուրերից պետք է առանձնացնել երկրորդ եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ–ի վերջնական տվյալների հրապարակումը, ինչպես նաև եվրագոտու արտադրական հատվածի գործարար ակտիվության ինդեքսի օգոստոսյան նախնական թվերը։

Եվրագոտուց ակնկալվող զուսպ դրական վիճակագրությունը կարող է աջակցել եվրոպական միասնական արժույթի գնանշումներին։ Սակայն եթե ԱՄՆ ԴՊՀ–ի վերջին նիստի արձանագրությունում ներդրողները քանակական խթանման հերթական ծրագրի գործարկման հնարավորության ակնարկ չգտնեն, ապա եվրոն կարող է նվազել։ Հաջորդ շաբաթ FOREX–ում եվրոյի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը կկազմի 1,2130-1,2450։ Այդ պատճառով Հայաստանում հաջորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 505-517 դրամի սահմաններում։

Նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0.15 տոկոսով` մինչև 13.03 դրամ։ Դա պայմանավորված է եղել շաբաթվա վերջին ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի նվազմամբ, նավթի գների նվազման, ինչպես նաև հայկական դրամի աճի ֆոնին։

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու գինը հաջորդ շաբաթ կախված կլինի ԱՄՆ–ի և եվրագոտու մակրոտնտեսական ելքային վիճակագրությունից, ինչպես նաև նավթի գների դինամիկայից։ Եթե նույնիսկ վիճակագրությունը խառը լինի, նավթի բարձր գները, ինչպես նաև առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից խթանման նոր միջոցների ակնկալիքները կարող են օգնել ռուբլուն։ Սակայն, եթե ԱՄՆ ԴՊՀ–ի վերջին նիստի արձանագրությունը հույսերը չարդարացնի, ռուսական ռուբլին կարող է նաև նվազել։

Հայաստանում առաջիկա հինգ առևտրային օրերին կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կլինի 12.85-13.15 դրամի միջակայքում։

Միքայել Վերդյան, Forex Club–ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img