Կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի նախատեսված ժամկետում ներդնի կուտակային կենսաթոշակային համակարգը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի նախատեսված ժամկետում` 2014թ.–ի հունվարի 1–ից, ներդրվի  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ համակարգը ներմուծենք նախատեսված ժամկետում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ դժվարություններ կլինեն, սակայն վստահորեն դիմում ենք այդ քայլին, քանի որ գիտենք, որ կարող ենք դրանք հաղթահարել»,– ասաց նա։

Գաբրիելյանը հիշեցրեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման հարցը քննարկվում էր 10 տարվա ընթացքում։

«Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ համակարգը հակասահմանադրական է, սակայն ևս մեկ անգամ պետք է նշել, որ այն բազմաթիվ քննարկումների է ենթարկվել, փորձագիտական գնահատականներ ստացել, հարցը քննարկվել է նաև խորհրդարանում։ Այդ պատճառով իրավական և սահմանադրական առումով ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»,– հայտնեց նախարարը։

Նա ընդգծեց նաև, որ կառավարությունը պատրաստ է մանրամասն պարզաբանել բողոքարկողներին, թե ինչ է իրենից ներկայացնում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Սակայն տվյալ փուլում նոր բանավեճեր սկսելն անիմաստ է, կարծում է Գաբրիելյանը։

«Ես արդեն ասացի, որ մենք երկար և մանրամասն քննարկել ենք այդ համակարգը, այդ պատճառով նոր բանավեճեր սկսելն անիմաստ եմ համարում»,– ամփոփեց նա։

Ուրբաթ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ուղղված բողոքի ակցիա անցկացվեց խորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է տեղի ունենար կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու քննարկման արտահերթ նիստը։

Արտահերթ նիստը նախաձեռնել էին «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունները։ Սակայն նիստը տապալվեց քվորումի բացակայության պատճառով, քանի որ խորհրդարանի կոալիցիան` Հայաստանի հանրապետական կուսակցությունը և «Օրինաց երկիր» կուսակցությունը չներկայացան նիստին։

Տեղեկությունն այն մասին, որ խորհրդարանի արտահերթ նիստը չի կայացել իշխող կոալիցիայի պատգամավորների բացակայության պատճառով, առաջացրել էր բողոքողների վրդովմունքը, ովքեր մի շարք ընդդիմադիր պատգամավորների ուղեկցությամբ շարժվել էին դեպի ՀՀԿ գլխավոր գրասենյակ և իշխող կուսակցության ներկայացուցիչներին փոխանցել իրենց պահանջները, որից կարևորը` «պարտադիր» (կուտակային կենսաթոշակային համակարգ) բառը փոխարինել «կամավոր» բառով։

Ակցիայի նախաձեռնողը «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարումների» նախաձեռնությունն է։

2014 թվականի հունվարի 1–ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել։ Դրանում կներառվեն 1974 թվականի հունվարի մեկից հետո ծնված բոլոր քաղաքացիները։

Նախատեսվում է, որ 2014 թվականին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնեն Հայաստանի մոտ 250 հազար քաղաքացիներ։

Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակային կամավոր կուտակային համակարգի ներդրման միջոցով: 2014 թվականի հունվարի մեկից երկրի կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով այն քաղաքացիների համար, ովքեր ծնվել են 1974 թվականի հունվարի մեկից հետո:

Կուտակային բաղադրիչը թույլ է տալիս ապագա կենսաթոշակառուին ձևավորել կենսաթոշակի չափը։ Յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին կներդնի աշխատավարձի 5 տոկոսը, ևս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կփոխանցի պետությունը։-0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համար

Յունիբանկն առաջարկում է Visa Digital թվային քարտեր՝ փոխանցումներ կատարելու, առցանց ու խանութներում գնումների դիմաց վճարելու համար։ Անհպում վճարումներ կատարելու համար բավական է քարտն ավելացնել Apple Pay-ին կամ Google Pay-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img