ՀՀ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 6%

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017 թ.–ի սեպտեմբերի 26-ին Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%, հաղորդում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է ԿԲ—ի տարածած հաղորդագրության մեջ, 2017 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճը պահպանվել է նույն մակարդակում՝ օգոստոսի վերջի դրությամբ կազմելով 0.9%:

Ընդ որում, 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է ընդհանուր գնաճի համեմատ առաջանցիկ տեմպերով` նախորդ ամսվա 0.7%-ից հասնելով 1.5%-ի, իսկ սեզոնային գյուղմթերքների գների աճը կտրուկ դանդաղել է՝ 7.8%-ի դիմաց կազմելով 1.2%:

«Արտաքին հատվածում շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման միտումներն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների մասով: Վերջինս նպաստել է պղնձի գների զգալի բարձր մակարդակի ձևավորմանը, մինչդեռ ապրանքահումքային մյուս շուկաներում դրսևորվել է չափավոր գնաճ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այս պարագայում ԿԲ խորհուրդն արտաքին հատվածից ակնկալում է թույլ գնաճային ազդեցություններ: Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. առաջին կիսամյակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական աճը գերազանցել է ակնկալիքները 1.0 տոկոսային կետով՝ կազմելով 6.0%:

Տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվել է նաև երրորդ եռամսյակում՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների աճերով, որոնք փոխհատուցել է գյուղատնտեսության և շինարարության ոլորտների նվազումը:

ԿԲ գնահատումների համաձայն` ներքին պահանջարկը վերականգնվում է սպասվածից արագ, ինչի մասին են վկայում տնտեսության վարկավորման, ներմուծման աճի և բնականոն գնաճի արձանագրված բարձր տեմպերը: Ներքին պահանջարկի վերականգնումը մեծապես պայմանավորվել է իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությամբ և կանխատեսվածից քիչ զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ:

Այս իրավիճակում ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ քաղաքականության տոկոսադրույքի ներկայիս մակարդակը բավարար խթանող է և կանխատեսվող սցենարով դեռևս որոշ ժամանակ կպահպանվի խթանող:

«Այն կշարունակի իր ազդեցությունը փոխանցել համախառն պահանջարկին, ինչի հետևանքով գնաճն աստիճանաբար կավելանա` կանխատեսվող հորիզոնում կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Տնտեսական զարգացման հեռանկարներից և գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

ԿԲ–ն այս տարվա մարտին դադարեցրել է դրամային քաղաքականության թուլացումը։ Միայն 2016 թ.–ին տոկոսադրույքը նվազեցվել է 8 անգամ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Հայաստանը պլանավորել է տարեկան ապահովել ՀՆԱ-ի 6% աճ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․  Հայաստանի կառավարությունը նպատակ է դնում...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img