Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի․/ԱՌԿԱ/․ «Ամերիաբանկ»  ՓԲԸ-ն և BOGG PLC-ն («ԲիՕՋիՋի» բաց բաժնետիրական  ընկերությունը, այսուհետ` Խումբ) համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում (ՄԹ) գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը:

Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում իր բաժնեմասնակցությունը 10%-ի չափով կպահպանի նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ)։

ՄԹ գործող ընթացակարգի համաձայն՝ ՄԹ Ֆինանսական ծառայությունների վերահսկող մարմինը (Financial Conduct Authority, FCA) հաստատել է ֆինանսական գործարքի շրջաբերականը։ Որպես հաջորդ քայլ` գործարքը պետք է հաստատվի կողմերի ընդհանուր բաժնետերերի ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Խումբը Միացյալ Թագավորությունում գրանցված միջազգային ֆինանսական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բորսայի հիմնական շուկայի պրեմիում հարթակում: Այն ներառված է FTSE-250 ինդեքսի ցանկում: Խմբի բաժնետերերի ցանկում են աշխարհի խոշորագույն ֆինանսական ընկերություններից JP Morgan-ը, BlackRock-ը, Vanguard Group-ը, Schroders-ը, Norges Bank Investment Management-ը և այլն:

Գործարքի վերջնական հաստատումից հետո Ամերիաբանկը` որպես Խմբի ինքնուրույն լիիրավ և լիարժեք իրավունակությամբ ընկերություն, կշարունակի բիզնեսի ընդլայնումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած ռազմավարական նպատակներին, հռչակած արժեքներին, առաքելությանն ու տեսլականին։

Վերջին տարիների տեխնոլոգիական զարգացման և գրանցած նշանակալի հաջողությունների այս փուլում Ամերիաբանկը Խմբի հետ բանակցություններն ու դրանց արդյունքում հնարավոր գործարքը  դիտարկում է որպես իր երկարաժամկետ զարգացման ուղիներից մեկը։ Գործընթացի  բարեհաջող ավարտից հետո Ամերիաբանկը կդառնա միջազգային շուկայում ցուցակված ֆինանսական խմբի անդամ և այսպիսով կստանա հասանելիություն համաշխարհային ֆինանսական շուկաներին՝ կապիտալի ներգրավման ու ներդրումների համար, և կշարունակի առաջարկել իր հաճախորդներին ամենաարդիական ֆինանսական պրոդուկտներն ու տեխնոլոգիական նոր լուծումները: 

Նշենք նաև, որ գործարքի կապակցությամբ BOGG PLC-ն նախաձեռնելու է վերաբրենդավորման և վերանվանման գործընթաց, որն ընդգծելու է իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը:

Ամերիաբանկ ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը։ Հանդիսանալով դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ՝ Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթր՝ թվային պրոդուկտների և էկոհամակարգերի հստակ շեշտադրմամբ։ Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ ապահովելով սպասարկման բարձր որակ և ժամանակակից բանկային փորձառություն զարգացող թվային միջավայրում։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն՝ նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ՀՆԱ–ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցության նվազման միտումը շարունակվում է․ Ֆինանսների նախարարություն

Հայաստանը մտադիր է շարունակել նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img