ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում։
Այս մասին հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի ֆինանսական և վերահսկողական տեխնոլոգիաների զարգացման դեպարտամենտի պետ Վառլամ Էբանոիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը գտնվում է ակնթարթային վճարումների համակարգի ներդրման ավարտական փուլում, մինչդեռ Հայաստանում այն արդեն գործում է, ինչը հնարավորություններ է բացում սինխրոնացման համար։
«Սա համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է», — նախօրեին հայտարարել է Էբանոիձեն Doing Digital 2026 (DDF) ֆորումի ընթացքում։
Նա նշել է, որ ներկա պայմաններում երկրների միջև բեռնափոխադրումները տևում են մոտ մեկ օր, մինչդեռ հաշվարկները կարող են տևել 2-3 օր։ Վճարային համակարգերի սինխրոնացումը թույլ կտա զգալիորեն կրճատել այդ ժամանակը, բարձրացնել հաշվարկների արդյունավետությունը և լրացուցիչ թափ հաղորդել առևտրին։
Մեկ այլ ուղղություն կարող է դառնալ բանկային հաշիվների բացման ընթացակարգերի փոխադարձ պարզեցումը։ Խոսքը մի մեխանիզմի մասին է, որի դեպքում հաճախորդներից չի պահանջվի կրկնակի անցնել «ճանաչիր քո հաճախորդին» (KYC) ընթացակարգերի ամբողջական փաթեթը՝ մյուս երկրում հաշիվ բացելիս։
Բացի այդ, քննարկվում է վճարումների համար QR-կոդերի ունիֆիկացման հնարավորությունը։ Այս դեպքում Հայաստանի և Վրաստանի միջև անդրսահմանային գործառնությունները կկարողանան մշակվել որպես տեղական գործարքներ։
Էբանոիձեի խոսքով՝ համապատասխան խորհրդակցություններն արդեն իսկ իրականացվում են Հայաստանի Կենտրոնական բանկի հետ։
Երևանում նախօրեին մեկնարկել է Թվային տնտեսության և ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար միջոցառումը՝ Doing Digital 2026 (DDF) ֆորումը։
Doing Digital Forum-ը յուրաքանչյուր տարի իր օրակարգում ընդգրկում է տվյալ ժամանակահատվածի ամենակարևոր տեխնոլոգիական զարգացումները, նորարարություններն ու տնտեսական միտումները՝ ներկայացնելով դրանք իր լսարանին և ձևավորելով ապագային միտված քննարկումների միջավայր։ 2023 թվականին իր մեկնարկից ի վեր DDF-ը համախմբել է ավելի քան 60 նշանավոր խոսնակի և 3000-ից ավելի մասնակցի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Միացյալ Նահանգներից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։
«ԱՌԿԱ» գործակալությունը ֆորումի մեդիագործընկերն է։






