ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգն այսօրվա դրությամբ բավականին զարգացած է, թափանիցկ և նորմալ կառավարվող, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
«Նույնիսկ 2009 թ.-ին, երբ մենք գտնվում էինք ճգնաժամի խորը ազդեցության տակ, բանկերը պատվով դուրս եկան այդ իրավիճակից: Վերջին տարիների բոլոր ցուցանիշներն աճի միտում ունեն», – հինգշաբթի հայկական բանկերի նախագահների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ջավադյանը:
Նա նշեց, որ ՀՀ նախագահի հետ նմանատիպ հանդիպումները կրելու են մշտական բնույթ, քանի որ դրանք բավականին դրական ազդակ են հաղորդում բիզնեսին, հանդիպումների մասնակիցները քննարկում են նաև հարկային քաղաքականությունը, այսօր բանկերի առջև ծառացած խնդիրները:
«Կան գործոններ, որոնք խանգարում են բանկերին վստահությամբ իրականացնել վարկավորում կամ նվազեցնել տոկոսադրույքները», – ասաց նա՝ ավելացնելով, որ նախագահը մտահոգություն է հայտնել տոկոսադրույքների մակարդակի կապակցությամբ:
«Նման հանդիպումները թույլ կտան չեզոքացնել նմանատիպ մտահոգությունը, ինչպես նաև բանկերին հնարավորություն կտան կրճատել ռիսկերը գոյություն ունեցող խնդիրների լուծման միջոցով, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազման», – պարզաբանեց Ջավադյանը:-0-