ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փոքր և միջին բիզնեսի ոլորտին ուղղված վարկային միջոցների ծավալն այսօրվա դրությամբ կազմում է շուրջ 3-4 մլրդ. դրամ, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
«Այդ միջոցները տրամադրվում են առանց լրացուցիչ բյուջետային միջոցների ներգրավման»,- երեքշաբթի ՀՀ խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ ասաց նա:
Բացի այդ, ըստ նրա՝ ՓՄԲ ձեռնարկությունները հարկային արտոնությունների և տարբեր հարկային վճարումների հետաձգումների շնորհիվ արդեն 80 մլրդ դրամ գումարի չափով ներդրումներ են կատարել այս տարի:
Արտոնություններ տրամադրելու համար հիմնական մեխանիզմները «Ժամանակավոր ներմուծում» և «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումն է, որը կիրառվում է ապրանքների տվյալ ռեժիմով ներմուծող ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև 300 մլն դրամից ավելի արժողությամբ ապրանքների համար ԱԱՀ մաքսային ծառայությունների կողմից հաստատված վճարի երեք տարվա տարեկետումը:
«Մեզ հաջողվում է տվյալ ռեժիմների տրամադրման միջոցով մասնավոր կապիտալ ներգրավել»,- ասաց Դավթյանը:
Ըստ Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի տվյալների՝ 2010թ.-ի տվյալներով ՀՀ ՀՆԱ-ում ՓՄԲ մասնաբաժինը կազմել է 43 տոկոս ($1 – 380.47 դրամ): –0–