ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամը դեկտեմբերի 8–12–ն ընկած ժամանակահատվածում արժեզրկվել է 3,3%–ով, թեև այդ ընթացքում Հայաստանի Կենտրոնական բանկը միջամտություն էր կատարել և 30 մլն դոլար վաճառել բանկերին։
ԿԲ–ն դեկտեմբերի 8–ին սկսել է աճուրդների միջոցով բանկերին ամեն օր արտարժույթ վաճառել, միաժամանակ նախորդ շաբաթվա ընթացքում ամեն օր բանկերին վաճառվել է 6 միլիոնական դոլար։ Կարգավորիչի միջամտությունները կտևեն մինչև տարեվերջ, իսկ միջամտության օրական ծավալն աստիճանաբար կկրճատվի և կզրոյանա։
ԱՄՆ դոլարով իրականացված առուվաճառքի արտարժութային բորսայական գործարքների համախառն ծավալը նախորդ շաբաթ կազմել է ընդամենը 100 հազար դոլար` դեկտեմբերի 1–5–ն ընկած ժամանակահատվածում գրանցված 3,5 մլն դոլարի համեմատ։ Միաժամանակ NASDAQ OMX Արմենիա բորսայում նախորդ շաբաթ դոլարով գործարքներ են իրականացվել միայն չորեքշաբթի` 1 դոլարի դիմաց 461 դրամ միջին կշռված փոխարժեքով։
Դրամը սկսել է արժեզրկվել նոյեմբերի 24–ից հետո, երբ փոխարժեքը բարձրացել էր 16,6 կետով` հասնելով 435 դրամի` թարմացնելով 8 տարվա նվազագույն ցուցանիշը։ Դեկտեմբերի 2–ին հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքն աճել էր 7.07 կետով և 1 դոլարի դիմաց կազմել 442.33 դրամ, իսկ արդեն շաբաթվա վերջում աճել է 4.03 կետով և հասել մեկ դոլարի դիմաց 447.86 դրամի։
Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով` ընդհանուր առմամբ կարգավորիչն արժութային շուկայում տարեսկզբից շուկայում վաճառել է մոտ 236,47 մլն դոլար, իսկ գնել` 50.15 մլն դոլար։ -0-