ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ–ն 3,6 մլրդ դրամով համալրել է իր կապիտալը հիմնական բաժնետերերի հաշվին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Հայէկոնոմբանկի հիմնական բաժնետերեր Խաչատուր և Սարիբեկ Սուքիասյանների կողմից 3 մլրդ 600 մլն ՀՀ դրամ ներդրվեց որպես կապիտալի հերթական համալրում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն` այս համալրումն ևս ոչ միայն կավելացնի բանկի նորմատիվային կապիտալի ընթացիկ մակարդակը, այլ նաև կուղղվի տնտեսության վարկավորմանը և ֆիզիկական անձանց սպառողական վարկերի տրամադրմանը:
Մարտի 20–ին Հայէկոնոմբանկի բաժնետեր Էդուարդ Սուքիասյանը բանկի կապիտալ էր ներդրել 1,2 մլրդ դրամ` որպես երկարաժամկետ սուբսիդավորված վարկ։
Բանկերի արդյունավետության, կայունության ավելացման համար ՀՀ ԿԲ–ն որոշում է ընդունել, որ 2017 թ.–ի հունվարի 1–ից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը նախկին 5 մլրդ դրամից պետք է ավելանա` հասնելով 30 մլրդ դրամի։
«Հայէկոնոմբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1991 թ.–ի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերեր են EBRD–ին` 20 տոկոս, Սուքիասյան Սարիբեկը` 22,6 տոկոս, Սուքիասյան Խաչատուրը` 19,5 տոկոս, Սուքիասյան Ռոբերտը` 15,3 տոկոս։