ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկն» ամբողջությամբ փոխհատուցել է կորցրած դրամական միջոցները հաճախորդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
«Կապված մարտի 3–ին խարդախ գործողությունների հետևանքով ՎՏԲ-Հայաստան Բանկի որոշ հաճախորդների հաշիվներից դրամական միջոցների կորուստների, ինչպես նաև առաջիկա հանգստյան և տոնական օրերի հետ, ՎՏԲ-Հայաստան Բանկը օպերատիվ և ամբողջ ծավալով ուսումնասիրել է բոլոր խարդախությամբ կատարված գործարքները, և ֆինանսական վնասներ կրած բոլոր քարտապաններին ամբողջովին հատուցել է կորցրած դրամական միջոցները Բանկի հաշվին, փոխանցելով համապատասխան գումարները հաճախորդների բանկային հաշիվներին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, բանկը մեկ օրով դադարեցրել է վարկային տոկոսների հաշվարկը այն հաճախորդներին, որոնց կորուստները կազմվել են բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից:
Միաժամանակ այդ բոլոր հաճախորդների համար (մոտ 200 հոգի) բանկը սեղմ ժամկետներում նախաձեռնել է նոր վերաթղարկված քարտերի տրամադրման գործընթացը արգելափակվածների փոխարեն:
Բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին` խարդախությունը կատարողներին գտնելու և պատժելու նպատակով:
Մարտի 3–ին բացահայտվել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկված քիչ քանակությամբ քարտերից (մինչև 200 հատ), երկրի սահմաններից դուրս նախաձեռնվել են զեղծարարության գործարքներ: Տվյալ գործարքները կատարվել են կարճ ժամանակահատվածի ընթացքում: Բանկը ձեռնարկել է բոլոր համապատասխան միջոցները, հետագա փորձերը կանխվել են:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-