Sun, 15 June
21.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Ֆինանսական մարմինները պետք է փոխեն իրենց պատկերացումները արտաքին պարտքի վերաբերյալ

Սպառնու՞մ է, արդյոք, Հայաստանին ճգնաժամի երկրորդ ալիք, ինչպե՞ս պաշտպանվել նրանից և հետագայում ի՞նչ անել տնտեսության ոլորտում. «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում այս մասին իր տեսակետներն է ներկայացրել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

«ԱՌԿԱ» – Այսօր աշխարհում ակտիվորեն քննարկվում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքի ի հայտ գալու հարցը: Համաշխարհային տնտեսության վրա հոռետեսության ամպեր են կուտակվում եվրոպական երկրների պարտքային խնդիրների պատճառով, բազմաթիվ տնտեսագետների կանխատեսումները վկայում են առաջիկայում ճգնաժամի առաջացման մասին: Ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա հնարավոր ճգնաժամը, կշրջանցի՞ այն մեր տնտեսությունը, թե՞ մեզ երկրորդ ալիք է սպառնում:

Ա. Մեսրոբյան Իրականում ճգնաժամի երկրորդ ալիք գոյություն չունի, քանի որ ճգնաժամը ոչ մի տեղ չի գնացել: Պարզապես, այդ ճգնաժամը մուտացիայի է ենթարկվել, որտեղ ոչ պակաս կարևոր դեր է խաղացել 2008 թ.-ի ճգնաժամին պետությունների արձագանքը:

«ԱՌԿԱ» – Մուտացիայի ի՞նչ գործընթացի մասին է խոսքը:

Ա. Մեսրոբյան – Իրականում պարտքեր են առաջացել, որոնց աղբյուրները մեծամասամբ երկրորդական շուկայի գործիքներն էին: Նշեմ, որ եթե աշխարհի ՀՆԱ-ն տասնյակ տրիլիոն դոլար է, ապա երկրորդական շուկայի տարողությունը շատ ավելին է: Եթե 20-րդ դարի սկզբին ֆոնդային գործառնությունների 90 տոկոսն անմիջականորեն կապված էր առքուվաճառքի հետ, ապա 20-րդ դարի վերջին 90 տոկոսն առքուվաճառքի իրավունքի գործառնություններն են, այսինքն՝ դերիվատիվ բաղկացուցիչները: Այդ պարտքերը սկսեցին պայթել 2008 թ.-ին և տեղափոխվել  տնտեսական իրական հատված: Եվ որպեսզի այդ հատվածը չպայթի, կառավարությունները սկսեցին մարել պարտքերը բյուջետային միջոցների հաշվին, իսկ կենտրոնական բանկերը՝ լրացուցիչ փողերի թողարկման հաշվին:

«ԱՌԿԱ» – Այսինքն` ընտրվեց հակաճգնաժամային քաղաքականության ոչ լավագույն տարբերա՞կը:

Ա. Մեսրոբյան – Միանգամայն ճիշտ է: Այսպիսով` շատ երկրների իշխանությունները գնացին շատ պարզ և միաժամանակ շատ վտանգավոր ուղիով: Բազմաթիվ պարտքեր, որոնց տնտեսական էությունը կարող էր ավելի լավը լինել, հանկարծ ստացան իրական պարտքի տեսք իրական սուբյեկտներին, իսկ ամենավտանգավոր սուբյեկտը բյուջեն է: Պատահական չէ, որ այդ ամենից հետո հանկարծ սկսեցին խնդիրներ առաջանալ Հունաստանում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Իտալիայում, քանի որ պարտքերը վիրտուալ համակարգից տեղափոխվեցին իրական համակարգ:

Այսպիսով` այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում, նույն ճգնաժամի մուտացիան է, որը մարվեց բավականին անգրագետ ձևով և բավականին վտանգավոր միջոցներով: Այժմ սկսվում են նրա փուլերը, որոնք առաջացել են նույն ճգնաժամի դեմ պայքարի մեխանիզմների կողմից: Այսօր մենք հետևում ենք համաշխարհային ճգնաժամի հետևանքներին, և քանի դեռ միջազգային հանրությունը հստակ չկողմնորոշվի որոշ հասկացությունների առումով, այդ ճգնաժամը, ցավոք, անհնար կլինի հաղթահարել:

«ԱՌԿԱ» – Կոնկրետ ի՞նչ հասկացությունների մասին է խոսքը:

Ա. ՄեսրոբյանԱյսօրվա դրությամբ ամենահիմնարար հասկացությունը պարտքն է: Ի վերջո, չվճարումները, որոնք ուղեկցում էին այս ճգնաժամը, պարտքերի առաջացում է, որոնց վրա տոկոսներ են հաշվարկվում: Իսկ պարտքերը պետք է մարվեն: Հակառակ դեպքում, եթե դրանք շարունակեն կուտակվել, ապա ճգնաժամը հաջորդ փուլ կթևակոխի:

«ԱՌԿԱ» – Ձեր կարծիքով` ի՞նչ է հարկավոր ձեռնարկել այս հարցը կարգավորելու համար:

Ա. Մեսրոբյան – Ողջ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի ֆինանսական մարմինները հրդեհի պարզունակ մարմամբ զբաղվելու փոխարեն պետք է փոխեն իրենց պատկերացումները պարտքի վերաբերյալ, սա առաջին քայլն է: Երկրորդը, պետք է կոշտ կերպով փոխել աշխարհի ֆինանսական հարթակները: Դերիվատիվները լավ են այն դեպքում, երբ միայն ապագա տատանումների ինդիկատորներ են, օրինակ՝ ֆյուչերսները կարող են ցույց տալ արժութային ակնկալիքները:

Շատ վտանգավոր է դերիվատիվներին հնարավորություն ընձեռել ֆինանսական շրջանառության մեջ ներգրավել իրական փողեր: Երրորդը, պետք է հրաժարվել միասնական արժույթից:  Տնտեսության մեջ ինչ-որ բանի մոնոպոլիզացիան վտանգավոր է: Արժույթի զամբյուղ է հարկավոր, որոնք պետք է հավասար կերպով մասնակցեն տարատեսակ ֆինանսական գործառնություններում:

«ԱՌԿԱ» – Սրանք հիմնական ուղղություններն են աշխարհում ճգնաժամի հաղթահարման համար, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում, արդյո՞ք մեզ մոտ ճգնաժամի նոր փուլ է սպասվում:

Ա. ՄեսրոբյանՀայաստանում ճգնաժամը հաղթահարված չէ, և վատթարագույնը դեռ առջևում է: Կան երկրներ, որոնց պետական պարտքը ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելի է, կան երկրներ, որոնց պարտքը 100 տոկոսից ավելի է: Հայաստանում պետական պարտքը 50 տոկոսից պակաս է, սակայն մեր իրավիճակը, արդյոք, ավելի լա՞վ է: Մեր տնտեսագետները յուրահատուկ հատկություն ունեն՝ մտնել թվերի մեջ և այնտել էլ մնալ: Բանն այն է, որ տնտեսության որակը նշում է, թե ինչ բեռ է այն պատրաստ վերցնել իր վրա: Օրինակ` եթե գերմանական մեքենան կարող է տասը տոննա բեռ տանել, ապա դա չի նշանակում, որ հայկական «Երազ» մեքենան ևս կարող է իրեն բեռի նման ծավալ թույլ տալ: «Երազի» համար մեկ տոննայից ավելն արդեն կործանարար է: Այլ կերպ ասած՝ հայկական տնտեսությունը «Երազ» մեքենան է, և այն չի կարող դիմանալ պարտքի նման ծավալին:

«ԱՌԿԱ» – Իսկ ո՞րն է տնտեսության «փոքր բեռնատարողության» պատճառը:

Ա. Մեսրոբյան – Հայաստանի նման երկրներում շատ ուժեղ բևեռացում կա, որը վկայում է տնտեսության մեջ արտոնյալ շերտի առկայության մասին: Հաճախ բևեռացումը դիտարկվում է սոցիալական լարվածության առաջացման պատճառի տեսակետից: Որքան շատ է հարուստների և աղքատների միջև տարբերությունը, այնքան ավելի շատ է հասարակությունը սոցիալապես լարված: Սակայն մյուս կողմից, բևեռացված հասարակությունում արտոնյալ շերտը ստանում է օրենսդրորեն ամրագրված ավելի շատ հարկային արտոնություններ, և հիմնական բեռն ընկնում է ոչ արտոնյալ շերտերի վրա: Առաջացած շրջապտույտը շատ վտանգավոր է:  Եվս մեկ վտանգավոր պահ է մեր տնտեսության օլիգարխիկ բնույթը: Երբ օլիգարխները սիմվոլիկ գումարներ են ուղղում, այսպես կոչված, բարեգործությանը՝ չվճարելով հարկերի առյուծի բաժինը, ապա սա խոսում է այն մասին, որ տնտեսությունը հիվանդ է: Տնտեսությունն ավելի շատ է փակուղի մտնում, որի հեղինակներն օլիգարխներն են: Իսկ օլիգարխիկ տնտեսությունը կարող է պայթյունի հանգեցնել:

«ԱՌԿԱ» – Ե՞րբ է նոր տնտեսական անկում սպասվում:

Ա. ՄեսրոբյանՀայաստանում արդեն տնտեսական անկում է ընթանում: Մենք խառնում ենք թվերն իրական տնտեսության հետ:

«ԱՌԿԱ» – Կարո՞ղ եք օրինակներ բերել:

Ա. Մեսրոբյան – Օրինակ բերեմ: Նախորդ տարի մեզ մոտ գնաճը 9,4 տոկոսի սահմանում էր: Ի՞նչ է ցույց տալիս այս թիվը: Վերցնում են 470 անուն ապրանք, որոնց վրա կշիռային գործակիցներ են սահմանված, որոնց հիման վրա հաշվարկվում է զամբյուղն ու գնաճը: Կարծում եմ, որ գնաճը պետք է հաշվարկվի երեք կատեգորիայի համար՝ ապահոված մարդկանց համար՝ հաշվի առնելով 470 անուն ապրանքը, միջին խավի համար՝ շուրջ 150-200 ապրանք և անապահովների համար՝ հաշվի առնելով 50-60 ապրանք:

«ԱՌԿԱ» – Իսկ ի՞նչ կտա մեզ նման մաթեմատիկան:

Ա. ՄեսրոբյանԱյդ դեպքում մենք գնաճի մասին իրական պատկեր կստանանք, որի հիման վրա կկառուցենք մեր ֆինանսական և տնտեսական քաղաքականությունը:

«ԱՌԿԱ» – Ամեն դեպքում` ինչպե՞ս կարող է Հայաստանը դիմակայել ճգնաժամի հնարավոր նոր փուլին:

Ա. Մեսրոբյան – Կա միայն մեկ միջոց՝ կառավարությունը պետք է վոլյունտարիստական որոշմամբ կոտրի օլիգարխիկ համակարգը: Քաղաքակիրթ միջոցներով դա անհնար է անել, քանի որ կառավարման օլիգարխիկ համակարգը ենթադրում է, որ մեզ մոտ օրենքներն ընդունում են օլիգարխները, բացի այդ նրանք են որոշում, թե ինչ գներ է պետք սահմանել: Նման իրավիճակում անհնար է գործել քաղաքակիրթ մեթոդներով: Մեզ կօգնի միայն վիրաբուժական միջամտությունը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի մարտի արդյունքով հասել է գրեթե 13,6մլրդ դոլարի

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025 թվականի մարտի 31-ի դրությամբ կազմել է 13,581.081 միլիոն դոլար, ինչը 553.233 միլիոն դոլարով ավելի է 2025 թվականի փետրվարի 28-ի համեմատ

Հայաստանի թոփ 10 առևտրային բանկերի ցանկը` ըստ շահույթի մեծության 2022թ.–ի IV եռամսյակում

«ՍՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի թոփ 10 առևտրային բանկերի ցանկը` ըստ շահույթի մեծության 31.12.2022թ.–ի դրությամբ

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են․ ոստիկանություն

Երևանում երկու տղամարդ դրամապանակ են գտել ու բանկային քարտից փորձել են գնումներ կատարել

Ժամանակակից ֆրանսերենի դասասենյակ՝ Մաստարայի դպրոցում

Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի դպրոցի աշակերտներն այսուհետ հնարավորություն ունեն ֆրանսերեն ուսումնասիրել կահավորված ու մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով հագեցած դասասենյակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img