Եվրոպական ներդրումային բանկն ավելի քան 30 մլն եվրո է հատկացրել Հայաստանի պետական սահմանների արդիականացման ծրագրի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank – EIB) և Հայաստանի ֆինանսների նախարարությունը երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի Բանկի կողմից 30,316 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ կհատկացվեն Հայաստանի պետական սահմանների արդիականացման ծրագրի շրջանակներում երեք սահմանակետերի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականացման համար։

Հայաստանում երեք սահմանային կետերի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականացման շինարարարական աշխատանքները դեռ 2011թ.–ի աշնանն էին սկսվել։
«Նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ` գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման և սահմանը հատող անձանց և ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար: Այդ թվում՝ Բագրատաշեն, Բավրա և Գոգավան պետական սահմանի անցման կետերում բարելավել սահմանային անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետ դեպի ԵՄ երկրներ շարժվող անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել սահմանների կառավարման ոլորտի պատասխանատու մարմինների կարողությունները, որը նրանց թույլ կտա իրականացնել Եվրամիության սահմանների համալիր կառավարման սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները»,– համաձայնագիրը ստորագրելուց հետո հայտնեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

Ըստ նրա, ծրագրի իրականացման համար, բացի EIB–ից, միջոցներ կհատկացնեն նաև Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը` 10,294 մլն եվրո, ԵՄ հարևանության ներդրումային հիմնադրամը (NIF)` 12 մլն եվրո, իսկ եվրոպական կառույցներն ու ՄԱԿ ԶԾ (UNDP) ավելի քան 4 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնեն։
«Ծրագրի զգալի մասը կիրականացվի UNDP–ի կողմից։ Գլխավոր շահառուն Պետեկամուտների կոմիտեն է»,– նշեց նա։
Գաբրիելյանը տեղեկացրեց նաև, որ վարկի մարման ժամկետը կազմում է 4–25 տարի` երկու ամսից մինչև 7 տարի արտոնյալ ժամանակահատվածով, իսկ լողացող դրույքը հավասար կլինի EUROLIBOR +ֆիքսված մարժա։

EIB Արևելյան քաղաքականության և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Հեյնս Օլբերսն իր հերթին վստահություն հայտնեց, որ ծրագրի իրականացումը թույլ կտա անցակետերով մարդկանց և բեռների անխոչընդոտ շարժ ապահովել և կնպաստի երկրի սոցիալ–տնտեսական զարգացմանը։

«Նախագիծը կօգնի հեշտացնել մարդկանց և ապրանքների տեղափոխումը, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների բարելավմանը»,– ասել է նա։
Հայաստանի պետական սահմանների արդիականացման ծրագիրը «Հարավային Կովկասի պետական սահմանների համալիր կառավարում» ծրագրի շարունակությունն է։
«Հարավային Կովկասի պետական սահմանների համալիր կառավարում» ծրագրի նպատակն է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմանների համալիր կառավարման գործնական մեխանիզմների ներդրումը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների և միջազգային կառույցների հետ Հարավային Կովկասի երկրների ներգերատեսչական, միջգերատեսչական և միջազգային համագործակցության զարգացումը։ Ծրագիրն ուղղված է մարդկանց և բեռների օրինական տեղափոխման ապահովմանն ու սահմանների պաշտպանությանը։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում նախատեսվում է  կենսաթոշակառուների համար հետվճարի ծրագիրը երկարաձգել մինչև 2029 թ.-ը

Հայաստանում նախատեսվում է մինչև 2029 թ.-ի ավարտը երկարաձգել բանկային քարտերով վճարված անկանխիկ եղանակով կատարված գնումների  գործարքներից կենսաթոշակառուներին  20%  հետվճարի ծրագիրը, հայտնում է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 9 ամսում գերազանցել են 9 տրլն դրամը

Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել են 9.01 տրլն դրամի: Ընթացիկ տարվա հունիսի վերջի համեմատ՝ աճը կազմել է 5.33%, 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ՝ 23.99%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img