Mon, 8 September
19.1 C
Yerevan
USD: 384.03 RUB: 4.80 EUR: 443.29 GEL: 142.29 GBP: 510.11

Ֆինանսաբանկային ոլորտն ակտիվ լուսաբանելու համար «ԱՌԿԱ» գործակալությունը պարգևատրվել է ՀԲՄ պատվոգրով

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի միությունը երեքշաբթի պատվոգիր է հանձնել «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը` երկրի տնտեսական և ֆինանսավարկային հատվածների զարգացումներն ակտիվ լուսաբանելու համար։

Հայաստանի բանկերի միությունն առաջին անգամ է հանդես եկել նման նախաձեռնությամբ` պարգևատրելով այն ԶԼՄ–ներին, որոնք ակտիվ և մասնագիտական բարձր մակարդակով լուսաբանել են ոլորտը 2012 թվականին։

Ինչպես նշեց ՀԲՄ ղեկավար Աշոտ Օսիպյանը,  պատվոգիրը հանձնելով «ԱՌԿԱ» գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովին, այսօր «ԱՌԿԱ» գործակալությունը երկրի ֆինանսատնտեսական գործընթացներն ամենաակտիվ և անկողմնակալ լուսաբանող լրատվամիջոցն է։

«Մենք միասին երկար ուղի ենք անցել` սկսած 1990–ական թվականներից։ Միշտ գոհ եմ եղել ձեր աշխատանքից, երբ դուք դեռ լուսաբանում էիք Հայաստանում սեփականաշնորհումը և ֆինանսական շուկայի առաջին քայլերը։ Այսօր դուք ամենաակտիվ և անկողմնակալ ԶԼՄ–ն եք, որն օգնում է մեր քաղաքացիներին հասկանալու, թե ինչ գործընթացներ են կատարվում երկրում»,– ասաց Օսիպյանը։

ՀԲՄ ղեկավարը նաև նշեց «ԱՌԿԱ»–ի դերը` որպես հայկական և ռուսական ֆինանսական շուկաների յուրօրինակ կամուրջ։

Օսիպյանը կարևորեց ԶԼՄ–ների դերը հասարակության տրամադրվածության ձևավորման հարցում, ինչը հսկայական նշանակություն ունի բանկային համակարգի և ֆինանսական շուկայի զարգացման համար։ ՀԲՄ ղեկավարը նշեց, որ կարևոր է խրախուսել պրոֆեսիոնալ աշխատող լրատվամիջոցների աշխատանքը, «որոնք կարողանում են վերլուծել և անկողմնակալ տեղեկատվություն ներկայացնել հասարակությանը»։

Պետրոսովն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՀԲՄ–ի ղեկավարությանը ֆինանսատնտեսական տեղեկատվության շուկայում արդեն 17 տարի աշխատող գործակալության վաստակը գնահատելու համար։ «Կարծում ենք, որ միջազգային հանրության կողմից Հայաստանը լավագույն կերպով ընկալելու հարցում կարևոր գործոն է որակյալ ԶԼՄ–ների զարգացումը երկրում»,– ասաց նա։

Տնտեսության և ֆինանսաբանկային համակարգի զարգացումներն ակտիվ լուսաբանելու համար ՀԲՄ պատվոգիր ստացան նաև «ԱրմԻնֆո» և «Mediamax» լրատվական գործակալությունները, «Գոլոս Արմենիի» թերթը, ArmNews հեռուստաալիքը «Բիզնես Լուրեր» հաղորդման համար, «Երկիր Մեդիա» հեռուստաալիքը «Կապիտալ» հաղորդման համար, «Արմենիա» հեռուստաալիքը «Սուր անկյուն» հաղորդման համար և «Կենտրոն» հեռուստաալիքը` «Էպիկենտրոն» ծրագրի տնտեսական հավելվածի համար։

Առաջին անգամ ՀԲՄ հատուկ մրցանակներ հանձնեցին ոլորտի լուսաբանման պրոֆեսիոնալ բարձր հմտություններով առանձնացած լրագրողներին։ Մասնավորապես, մրցանակներ ստացան լրագրողներ Աշոտ Արամյանը («Գոլոս Արմենիի» թերթ), Բաբկեն Թունյանը («168 ժամ» թերթ), Արմենակ Չատինյանը («Օրակարգ» թերթ) և Ռուբեն Հարությունյանը (Mediamax գործակալություն)։

«ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը գործում է 1996թ.-ի մայիսի 1-ից: Մասնագիտանում է ֆինանսական, տնտեսական և քաղաքական տեղեկատվության ոլորտում: Այսօր «ԱՌԿԱ» մեդիահոլդինգի կազմում են նաև հեռահաղորդակցությունների և բարձր տեխնոլոգիաների www.telecom.arka.am և ֆինանսա-բանկային www.armbanks.am կայքերը:

«ԱՌԿԱ» գործակալության տեղեկատվության աղբյուր են հանդիսանում պետական կառույցները, ազդեցիկ բանկերն ու ընկերությունները, միջազգային և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչությունները:

Մեր տեղեկատվությունը պարբերաբար ստանում և օգտագործում են տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ պետական և առևտրային կառույցները, բանկերը, միջազգային ֆինանսական կազմակերպությունները, քոնսալթինգային ընկերությունները, դեսպանատները, զանգվածային լրատվամիջոցները:

Այսօր մեր հաճախորդներից են Հայաստանի կառավարությունը,      Հայաստանի Կենտրոնական բանկը, Համաշխարհային բանկը, МВФ-ն, IFC-ը   և այլն:

Մեզ հետ են համագործակցում համաշխարհային և ռուսական խոշորագույն տեղեկատվական գործակալություններ և տվյալների բազաներ, ինչպիսիք են Factiva, ISI, Thomson Reuters, Ինտերֆաքս, Ռոսբիզնեսքոնսալթինգը և ուրիշներ:

2000թ.-ի արդյունքներով՝ ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի լավագույն տնտեսական գործակալություն է ճանաչել«ԱՌԿԱ» գործակալությանը:

2002 և 2003թթ.-ին Business Initiative Directions կազմակերպությունը Gold անվանակարգում Որակի միջազգային աստղ (International Star Award for Quality) է շնորհել «ԱՌԿԱ» գործակալությանը: 2011թ.-ին «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացվել է «Best Enterprises» («Լավագույն ձեռնարկություններ») միջազգային հեղինակավոր պարգևի՝ Հայաստանում 15 տարվա գործունեության ընթացքում զարգացման դինամիկայի և տրամադրվող ծառայությունների բարձր մակարդակի համար:   -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ընդհանուր 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները որոշել են ստեղծել Զարգացման բանկ, Սի Ցզինպինը խոստացել է 1,4 մլրդ դոլարի վարկեր

 Շանհայի համագործակցության կազմակերպության երկրները որոշել են ստեղծել Զարգացման բանկ՝ համաձայն պետությունների ղեկավարների խորհրդի Տյանցզինյան հռչակագրի

Եվրոյի փոխարժեքը դրամի նկատմամբ ավելացել է 2․13 կետով․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 2․13 կետով՝ հասնելով 448․42 դրամով, ռուբլին նվազել է 0․014 կետով՝ մինչև 4.7434 դրամ

Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը հունիսի վերջին գերազանցել է 7 տրիլիոն դրամը

Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալը 2025 թ.-ի հունիսի վերջի դրությամբ կազմել է 7,053,648 մլն դրամ՝ մայիսի վերջի 6,866,119 մլն դրամի դիմաց

ՀՀ ԿԲ–ն մշակում է ֆինանսական զեղծարարությունից ապահովագրության և պայքարի մեխանիզմներ

ՀՀ ԿԲ–ն աշխատանք է իրականացնում գործիքակազմի մշակման ուղղությամբ՝ ֆինանսական և կիբերխարդախության դեպքերին հակազդելու համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img