ՀԲ–ն ֆինանսական հաշվետվությունների կատարելագործմանն ուղղված ծրագիր կիրականացնի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում Համաշխարհային բանկը մեկնարկել է կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների կատարելագործմանն ուղղված մի նոր ծրագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Աուդիտի և հաշվետվությունների կատարելագործումը Արևելյան գործընկերության երկրներում» (STAREP) նոր ծրագրի մասնակից պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Այս նախաձեռնությունը մեկնարկելու համար Վիեննայում անցկացվող համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ արևելյան ու  հարավ-արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից, ինչպես նաև ներկայացուցիչներ ԵՄ-ից, այլ եվրոպական երկրներից ու միջազգային կառույցներից:

Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են, թե միջազգային հաշվետվական ստանդարտների և միջազգային ու եվրոպական կանոնակարգիչ դաշտի վերջին ու առաջիկայում նախատեսվող փոփոխություններն ինչ կերպ կանդրադառնան հաշվապահական հաշվառման ու աուդիտի բարեփոխումների իրենց պլանների վրա:

Այս առումով Համաշխարհային բանկի փոխնախագահ ու վերստուգող պ-ն Չարլզ ՄքԴանոուն շեշտել է ներդրումային որոշումների հարցում առանցքային գործոն հանդիսացող կորպորատիվ հատվածի ֆինանսական հաշվետվությունների ստանդարտների բարելավման աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը: Բացի այդ, նա առանձնացրել է աուդիտի կարգավորման մեծացող կարևորությունը և ինտեգրացված հաշվետվությունների դերը:

Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանի տնօրեն Հենրի Կերալին շեշտել է  տարածաշրջանի բոլոր երկրներում գործարար միջավայրի որակի բարձրացման հարցում արդյունավետ ֆինանսական հաշվետվությունների ունեցած ներգործությունը:

STAREP-ը, որ սկզբնապես ֆինանսավորվում էր Զարգացման ավստրիական գործակալության և Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից, նախատեսում է օգնել մասնակից պետություններին ձևավորել հաշվապահական հաշվառման ու աուդիտի կայուն ու արդյունավետ շրջանակ, որը համահունչ է միջազգային ստանդարտներին և հաշվի է առնում ԵՄ օրենքների ու կանոնակարգերի համակարգով կամ acquis communautaire-ով առաջ քաշվող պահանջները:

«Ակնկալում ենք, որ նոր STAREP տարածաշրջանային ծրագիրը նոր թափ կհաղորդի կորպորատիվ հաշվետվությունների համակարգի բարեփոխումներին: Ծրագրի ներքո կարևորվում է միմյանցից սովորելու պրակտիկան, ինչպես նաև առանձին օժանդակություն է ցուցաբերվելու Հայաստանին կորպորատիվ ֆինանսական հաշվետվությունների դաշտը բարելավելու ու տեղական հաստատությունների կարողությունները զարգացնելու հարցում»,– ասել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար պ-ն Սուրեն Կարայանը։

Ավստրիայի Եվրոպական ու միջազգային գործերի նախարարության Զարգացման համագործակցության վարչության պետի տեղակալ պ-ն Անտոն Մեյրը կարևորել է  Սևծովյան տարածաշրջանի կարևորությունը Ավստրիայի արտաքին քաղաքականության մեջ: Տարածաշրջանում ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների կատարելագործման հարցում Համաշխարհային բանկի նախաձեռնություններին շարունակաբար աջակցելու պատրաստակամություն հայտնելով՝ նա ընդգծել է, այս ստանդարտների կարևորությունը Արևելյան գործընկերության երկրների տնտեսությունները Եվրոպայի տնտեսության հետ առավել սերտորեն ինտեգրելու հարցում:

Համաժողովի փակման ժամանակ Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի Ծրագրային ծառայությունների ու որակի վարչության տնօրեն Սամիա Մսադեքը շեշտել է  Արևելյան գործընկերության երկրներում գործարար միջավայրի բարելավմանը (հատկապես ՓՄՁ-ների համար) ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունների, այդ թվում՝  STAREP-ի կարևորությունը, և շնորհակալություն հայտնել Ավստրիական կառավարությանն ու մասնակից երկրների ներկայացուցիչներին՝ բարեփոխումներ կատարելու պատրաստակամության համար:

«Արևելյան գործընկերության երկրների համար STAREP-ը ստեղծում է մասնավոր հատվածի զարգացման ու ընդհանուր բարեկեցության համար նպաստավոր ֆինանսական հաշվետվությունների համակարգի ձևավորման շուրջ համատեղ աշխատելու հետաքրքիր հնարավորություն», – եզրակացրել է նա։

STAREP ծրագիրը իրականացվելու է Համաշխարհային բանկի Ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների կենտրոնի (CFRR)  կողմից, որը ֆինանսական հաշվետվությունների բարեփոխումների իրականացման հետ կապված գիտելիքա-խորհրդատվական ծառայություններ ապահովող մասնագիտացված կառույց է Վիեննայում: Նոր ծրագիրը կկառուցվի այն հաջողությունների շուրջ, որոնք գրանցվել են հարավ-արևելյան Եվրոպայի ԵՄ անդամության թեկնածու երկրներում CFRR-ի իրականացրած «Ճանապարհ դեպի Եվրոպա. Հաշվապահական հաշվառման բարեփոխումներ ու ինստիտուցիոնալ հզորացում» (REPARIS) ծրագրի շրջանակում:

STAREP ծրագրի ներքո նոր օրենսդրական դաշտը արդյունավետորեն գործարկելու համար անհրաժեշտ հաստատությունների ձևավորումը նույնքան կարևորություն է ստանում, որքան  հաշվապահական հաշվառման ու աուդիտի օրենսդրության մշակումն ու բովանդակությունը: Նոր ծրագրի կարևոր մասն են կազմում հաշվետվական ստանդարտների ձևավորման ու կարգապահության  հարցում իրենց դերակատարումն իրականացնելու հարցում հաշվապահական հաշվառման ու աուդիտի մասնագիտական կառույցներին օգնելը, մասնագիտական կրթության համակարգերի արդիականացումը բուհական համակարգում և այլուր: Ծրագրի ներքո նաև առաջնահերթ համարվում հաշվապահական հաշվառման ու աուդիտի բարեփոխումներ իրականացնող նմանատիպ խնդիրներ ունեցած կամ ունեցող այլ երկրների փորձից դասեր քաղելը: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img