Ազգային ավանդույթը դաձնելով բրենդ. օրգանական թեյ՝ գինու հայրենիքից

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Բնակչությամբ Հայաստանի ամենափոքր՝ Վայոց Ձորի մարզը գտնվում է երկրի հարավում` շրջապատված բարձր լեռներով:

Այն յուրատեսակ աշխարհագրական կղզյակ է՝ նմանը չունեցող բնությամբ ու յուրահատուկ կլիմայով: Մարզը պատմականորեն հայկական և համաշխարհային գինեգործության բնօրրանն է՝ ոչ պակաս հայտնի լինելով նաև իր բուժիչ հանքային ջրերով ու առողջարաններով, հաղորդում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի մամուլի ծառայությունը։

Այս կողմերում մի ավանդույթ կա. մանուկ թե ծեր, կին թե տղամարդ՝ անկախ սոցիալական դիրքից, պաշտոնից ու զբաղմունքից, ամռանը՝ խոտաբույսերի հավաքման սեզոնին, ընտանիքներով բարձրանում են սարերը՝ ուրց, դաղձ, սրոհունդ և այլ խոտաբույսեր հավաքելու: Հավաքածը բերում, չորացնում են՝ պատրաստելով բուժիչ թեյեր ու թուրմեր:

«Մենք ուղղակի որոշեցինք այս ավանդույթը հանրայնացնել ու դարձնել ընտանեկան բիզնես թե՛ մեր, թե՛ տեղի բնակչության համար՝ հոգի ու սեր ներդնելով այս գործում», – պատմել է Գրիգոր Մնացականյանը, ով թեյի արտադրությամբ զբաղվող «ՄԵԳԱ Արարատ» ընկերության տնօրեն է:

Թեյի արտադրամասը գտնվում է Վայք քաղաքի մերձակայքում՝ լեռան ստորոտին, ու մինչ մենք հասանք տեղ՝ Գրիգորի մոր՝ տիկին Ռուզաննայի պատրաստած լորենու թեյի անուշաբույր հոտը տարածվել էր շուրջբոլորը:

Նստելով փայտից պատրաստված ձեռագործ սեղանի շուրջ՝ թթենու հովին, զրուցակիցս սկսեց իր պատմությունը. – «Հետաքրքրությունը խոտաբույսերի հանդեպ մեր ընտանիքին է փոխանցվել իմ Էմմա տատիկից. նա մասնագիտությամբ կենսաբան էր, խոտաբույսերի իսկական գիտակ: Հենց նա է ինձ և մեր ընկերության հիմնադիր քեռուս՝ Մխիթար Մաթևոսյանին սովորեցրել յուրքանչյուր խոտաբույսի կիրառությունն ու առանձնահատկությունները»:

2005 թվականին Գրիգորի քեռու՝ Մխիթար Մաթևոսյանի նախաձեռնությամբ հիմնվել ու իր գործունեությունն է սկսել «ՄԵԳԱ Արարատ» ընկերությունը:

«Սկզբում դժվար էր. ծավալները դեռ փոքր էին, ունեինք ֆինանսական ու շուկայական խնդիրներ: Կարճ ժամանակ անց ընդունեցինք առաջին   աշխատակցին: Այժմ աշխատակիցների թիվը հասել է 10-ի, իսկ սեզոնից կախված՝ կարող է գերազանցել երկու տասնյակը», – պատմում է Գրիգորը:

Ներկայումս կազմակերպությունը մթերում է յոթ տեսակի խոտաբույսեր՝ ուրց  դաղձ, երիցուկ, սրոհունդ, լորենի, ալոճ և մասուր՝ որոնց մեխանիկական մշակման ժամանակ, ի դեպ, օգտագործում են նաև Գրիգորի կողմից նախագծված սեփական արտադրության սարքավորումները:

Աշխատում են հիմնականում տեղի բնակչության հետ, սակայն ունեն մատակարարներ նաև այլ մարզերից և Արցախից: Մթերման գինը կախված խոտաբույսի տեսակից ու որակից, բայց Գրիգորի խոսքերով՝ մի հոգին կարող է օրվա ընթացքում հավաքած խոտաբույսերի մթերումից ստանալ 7-ից 13 հազար դրամ:

«ՄԵԳԱ Արարատ» ընկերության արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է՝ մեծամասամբ Ռուսաստանի Դաշնություն:

«Քանի որ խոտոբույսերի տեղական շուկան փոքր է, հիմնականում Հայաստանում վաճառքով չենք զբաղվում՝ տեղական փոքր արտադրողներին չվնասելու նկատառմամբ: Մենք ի սկզբանե աշխատել ենք հենց արտահանման կազմակերպման ուղղությամբ, և եթե դեպի Ռուսաստան արտահանումը համեմատաբար հեշտ էր, ապա նման  ձեռնարկության համար մուտքը Եվրոպական շուկա բավականին բարդ խնդիր էր՝ կապված թե՛ պրոցեսի ծախսատարության, թե՛ ապրանքի իրացումը կազմակերպելու հետ: Անցած տարի աշնանն ինձ զանգահարեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի «Վայք» մասնաճյուղի կառավարիչը` Տիգրան Միրզոյանը, և ասաց, որ օրգանական արտադրանքի սերտիֆիկացման վերաբերյալ սեմինար է կազմակերպվելու, ծրագիր է լինելու՝ առաջարկելով մասնակցել», – նշում է Գրիգորը:

Այժմ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության` NABU-ի համաֆինանսավորմամբ ձեռնարկության արտադրանքը սերտիֆիկացվել է՝ ծրագրի ընթացքում մասնակցելով Բեռլինում տեղի ունեցած օրգանական արտադրանքի ցուցահանդեսի:

Իսկ մի քանի ամիս առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի հրավերով գերմանացի գործարարների պատվիրականություն էր այցելել Հայաստան: Այցի ընթացքում նրանք եկան նաև մեր արտադրամաս, և հիմա բանակցություններ ենք վարում «ՄԵԳԱ Արարատ»-ի արտադրանքը Գերմանիա արտահանելու համար:

«Եթե մինչ այժմ տարեկան 15-20 տոննա թեյ էինք արտադրում, ապա եվրոպական շուկա մուտք գործելուց հետո  ծավալները բազմապատկվելու ենք մի քանի անգամ, – ոգևորված պատմեց  զրուցակիցս, ու  մեր զրույցի ավարտին հավելեց, – անչափ մեծ ուրախություն ու բավականություն ենք ստանում, երբ տեսնում ենք մեր գործունեության արդյունքները. սա մեր ընտանիքի, մեզ հետ աշխատող մարդկանց, գործընկերների համատեղ աշխատանքի արդունքն է, ու որքան էլ դժվար է, բայց ավելի քան վստահ եմ, որ  լավ է լինելու»:

Այս տարի հոկտեմբերի 7-ից մեկնարկել է «Օրգանական արտադրանքի սերտիֆիկացման» ծրագրի 2016-2017թթ. մրցույթը: Ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև նոյեմբերի 7-ը Բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում-հայտը, լրացնել և ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Սևանավանք» արծաթե հուշադրամը

2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img