«ԱԳԲԱ Լիզինգը» միացել է գյուղտեխնիկայի լիզինգի սուբսիդավորման ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ԱԳԲԱ Լիզինգ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն այսօր հուշագիր են ստորագրել` «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը նշել է, որ իրենք հիմա բանակցություններ են վարում նաև այլ կազմակերպությունների հետ, որպեսզի ծրագրում ընդգրկված ֆինանսական կառույցների թիվն ավելանա:

«Շուկան բաց է, և որքան շատ լինեն մատակարարներն ու ֆինանսական կառույցները, այդքան ավելի մատչելի կլինի մեր գյուղացիական տնտեսությունների, ֆերմերների և կոոպերատիվների համար տեխնիկայի ձեռքբերումը», – ասել է նա:

«ԱԳԲԱ Լիզինգի» գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն իր հերթին նշել է, որ այս հուշագիրը ֆերմերներին հնարավորություն կընձեռի գյուղտեխնիկա ձեռք բերել աննախադեպ պայմաններով և հիմք կհանդիսանա իրենց բիզնեսի ընդլայնման համար:

«Վաղվանից ֆերմերներն արդեն կարող են մեզ դիմել, առավելագույնս օպերատիվ և արագ կփորձենք արձագանքել բոլոր հայտերին», – հավելել է նա:

ՀՀ ԿԱ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը տեղեկացրել է, որ մեծ է նաև գյուղատնտեսական գործիքների պահանջարկը:

Հաղորդագրության համաձայն, ծրագրի շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ և սրսկիչներ:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման պայմաններն են` 20 % կանխավճար, տարեկան 2 % լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

«ԱԳԲԱ Լիզինգը» 2003թ-ին Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված առաջին լիզինգային ընկերությունն է, որի բաժնետերերն են ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ Լիզինգ և Ֆակտորինգ» մասնագիտացված ընկերությունը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը:

«ԱԳԲԱ Լիզինգը» Հայաստանում լիզինգի բացարձակ առաջատարն է՝ շուկայի մոտ 80% մասնաբաժնով: Ընկերության կողմից ֆինանսավորման գերակա ուղղությունն է էներգախնայող և էներգաարդյունավետ սարքավորումների ֆինանսավորումը, որն այժմ իրականացվում է ընկերության կողմից 2014թ. ստեղծված «Գրին Լիզինգ» ենթաբրենդի միջոցով: ​​

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

CUBE Invest–ը դարձել է առաջին ներդրումային ընկերությունը, որի 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Այս առիթով Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել զանգի հնչեցման ավանդական արարողությունը՝ ազդարարելով ընկերության մուտքը բորսայական պարտատոմսերի շուկա՝ արդեն որպես թողարկող

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աճել են.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 5-ին Հայաստանի արժութային շուկայում  ձևավորված հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը նոյեմբերի 4-ի համեմատ, աճել է 0,28 կետով և կազմել 360,4 դրամ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img