Ասիական Զարգացման Բանկը բաժնեմասնակցություն է ձեռք բերում Ամերիաբանկում` Հայաստանում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի. /ԱՌԿԱ/.  Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կնքել են 30 միլիոն ԱՄՆ դոլարի բաժնեմասնակցության ձեռքբերման պայմանագիր՝ ՀՀ բանկային համակարգն ամրապնդելու և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու նպատակով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Սա ԱԶԲ-ի կողմից Հայաստանում բաժնեմասնակցության ձեռքբերման առաջին գործարքն է: ԱԶԲ-ն նաև հաստատել է Ամերիաբանկին մինչև 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը:

Պայմանագիրը կնքվել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի և Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանի կողմից՝ Երևանում կայացած պայմանագրի կնքման հանդիսավոր արարողության ժամանակ:

«Մենք ուրախ ենք Ամերիաբանկում ներդրումներ կատարելու համար: Համագործակցելով Ամերիաբանկի դինամիկ թիմի հետ՝ մենք կաջակցենք փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման ծավալների ընդլայնմանը՝ այսպիսով նպաստելով Հայաստանի աճին ու զարգացմանը», – նշել է Ռոզենտալը:

Նշված նշանակալի գործարքի համար խթան է հանդիսացել Ամերիաբանկի դերը Հայաստանի տնտեսության և բանկային համակարգի զարգացման գործում, վերջին տասը տարիների ընթացքում բանկի գործունեության արդյունավետության մասին վկայող կայուն ցուցանիշները, ինչպես նաև հասարակության կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ բանկի կողմից գործադրվող ակտիվ ջանքերը:

Ամերիաբանկը բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով գլխավորում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկը: Բանկը հանիսանում է նաև Հայաստանի ամենախոշոր վարկատուն: 2018թ-ի առաջին եռամսյակի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 1.4 մլրդ ԱՄՆ դոլար:

«Մենք բարձր ենք գնահատում գործընկերական հարաբերությունների այս նոր մակարդակը, որոնք վկայում են Ամերիաբանկի հանդեպ ԱԶԲ-ի խորը վստահության մասին: Այս նախաձեռնությունը բանկի ռազմավարական նպատակների և երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար լրացուցիչ խթան կհանդիսանա, ինչպես նաև մեծապես կնպաստի մոտ ապագայում կապիտալի միջազգային շուկաներին հասանելիության ընդլայնմանը: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը թույլ կտան զարգացնել Հայաստանի բանկային համակարգը և նպաստել ընդհանուր առմամբ երկրի տնտեսական աճին և հատկապես ՓՄՁ հատվածի զարգացմանը», – նշել է Ամերիաբանկի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրեյ Մկրտչյանը:

Հայաստանում ֆինանսական միջոցների հասանելիությունը լուրջ խնդիր է, հատկապես ՓՄՁ-ների և միկրո ձեռնարկությունների համար՝ չնայած Հայաստանի տնտեսության մեջ դրանց զգալի դերակատարմանը: ՓՄՁ-ները երկրի ձեռնարկությունների գերակշիռ մասն են կազմում, մինչդեռ ՀՆԱ-ում և զբաղվածության ցուցանիշներում վերջիններիս տեսակարար կշիռը փոքր է (համապատասխանաբար 43% և 41.7%):

Հայաստանի բանկային համակարգի ամրապնդումը թույլ կտա մատչելի ֆինանսավորում  ապահովել ՓՄՁ-ների համար և զարգացնել մասնավոր ֆինանսական ծառայությունները՝ ընդլայնելով ՓՄՁ-ներին սպասարկելու համար Ամերիաբանկի ֆինանսական հնարավորությունները:

Մասնավորապես, նշված ծրագիրը թույլ կտա Ամերիաբանկին կայուն ֆինանսավորում տրամադրել ՓՄՁ-ներին՝ այսպիսով նպաստելով վերջիններիս կողմից նոր աշխատատեղերի ստեղծմանը և ՀՀ տնտեսության աճին ու դիվերսիֆիկացմանը:

Ֆինանսավորման փաթեթի շրջանակներում ԱԶԲ-ն նախատեսում է նաև Ամերիաբանկին տրամադրել տեխնիկական աջակցության դրամաշնորհ՝ թվային բանկային տեխնոլոգիաների, ՏՏ համակարգերի և ռիսկերի կառավարման ոլորտներին աջակցելու նպատակով:

Ասիական Զարգացման Բանկը, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ-ին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.adb.org կայքը։

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ–ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել www.ameriabank.am:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

26-ամյա անձը 3 տարի շարունակ այլ անձանց հեռախոսներով ձևակերպել էր 15 մլն դրամի վարկեր. նախաձեռնվել է քրվարույթ

Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ 2023 թ.-ից մինչ օրս այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել էր մոտ 15 մլն դրամի վարկեր։

Կլիմայական ռիսկերը՝ բնակավայրերի մակարդակով․ ԿԲ-ն նոր գործիք է ներկայացրել

ՀՀ կենտրոնական բանկը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, ներկայացրել է «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս բնակավայրերի մակարդակով դիտարկել տարբեր տարածքներին բնորոշ կլիմայական և բնական վտանգները

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

Դոլարի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքը թարմացրել է պատմական նվազագույն ցուցանիշը

Իրանական ռիալը նվազել է ԱՄՆ դոլարի նկատմամբ՝ հասնելով նոր պատմական նվազագույն ցուցանիշի. Թեհրանի շուկայում ամերիկյան արժույթը վաճառվում էր 1 դոլարի դիմաց ավելի քան 2,5 մլն ռիալ փոխարժեքով

Ֆինանսական կրթությունը պետք է կենտրոնանա մարդկանց բարեկեցության վրա. ԿԲ նախագահ

Ֆինանսական կրթության ժամանակակից մոտեցումը պետք է դուրս գա միայն գիտելիքի փոխանցման շրջանակից և կենտրոնանա մարդկանց իրական ֆինանսական վարքագծի ու բարեկեցության վրա, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img