Կենտրոնական բանկն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5.5%

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. 2019 թ. դեկտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.5%: Այս մասին նշվում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

2019 թ. նոյեմբերին գրանցվել է 1.1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.0%-ի դիմաց, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը մնացել է գրեթե անփոփոխ՝ ամսվա վերջին կազմելով 1.0%։ Արտաքին հատվածում դիտվել է տնտեսական անորոշությունների որոշ չափով նվազում, այդուհանդերձ պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի ցածր տեմպերը, ինչն արտահայտվում է ինչպես համաշխարհային թույլ պահանջարկի, այնպես էլ միջազգային ապրանքահումքային շուկաներում ձևավորված ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ։

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից գնաճային միջավայրի վրա էական ազդեցություններ չեն ակնկալվում: Խորհուրդն արձանագրում է, որ երրորդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը գերազանցել է կանխատեսված մակարդակը, որը կպահպանվի նաև չորրորդ եռամսյակում՝ հիմնականում ծառայությունների ճյուղի նպաստումով պայմանավորված։ Ներքին պահանջարկը ևս մնում է բարձր` պայմանավորված մասնավոր սպառման աճով, ինչին շարունակում է նպաստել դրամավարկային խթանող դիրքը: Միաժամանակ, թեպետ տարեսկզբից հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող, այնուամենայնիվ չորրորդ եռամսյակում և հաջորդ տարվա ընթացքում ակնկալվում է, որ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը կլինի խթանող:

Հաշվի առնելով արտաքին և ՀՀ տնտեսությունների վերոնշյալ փաստացի և սպասվող զարգացումները, ինչպես նաև շարունակելով նախապատվություն տալ գնաճի աստիճանական վերականգնմանը, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների խթանման ներկա չափը՝ անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Խորհուրդը նաև գտնում է, որ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի դեռևս պահպանել խթանող դիրքը, որի արդյունքում ակնկալվում է, որ գնաճն առաջիկա ամիսներին կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ աստիճանաբար վերադառնալով նպատակային ցուցանիշին միջինժամկետ հատվածում:

Նշենք, որ ներկայումս գնաճի կանխատեսված հետագծից շեղման ռիսկերը ընդհանուր առմամբ հավասարակշռված են, որոնց դրսևորման դեպքում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետում։ 2019թ.–ի ընթացքում ԿԲ–ն երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, հունվարի 29–ին` 0,25 տոկոսային կետով` մինչև 5,75% և սեպտեմբերի 10–ին` կրկին 0,25 տոկոսային կետով` մինչև 5,5%։ Մինչ այդ ԿԲ–ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ փոխել էր 2017թ.–ի մարտին, երբ դադարեցրել էր դրամային քաղաքականության թուլացումը` տոկոսադրույքը սահմանելով 6%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը. Idram և IDBank (ՎԻԴԵՈ)

Կլիմայի փոփոխության մեղմումից մինչև բնապահպանական կրթություն և նորարարական լուծումներ․ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը միավորել է ոլորտի առաջատար կանանց՝ հանրայնացնելով նրանց նախաձեռնություններն ու կենսաբազմազանության պահպանման գործում ունեցած ներդրումը

ԿԲ–ն որոշումներ է ընդունում տնտեսության զարգացման առավել վտանգավոր սցենարները կանխելու համար․ Մարտին Գալստյան

ԿԲ նախագահի խոսքով՝ մոտեցումների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված էր գլոբալ անորոշության և աշխարհաքաղաքական ռիսկերի աճով

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img