Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./ԱՌԿԱ/. Մհեր Անանյանը նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Ինչպես հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը, Անանյանն ունի աշխատանքային մեծ փորձ ֆինանսաբանկային ոլորտում։

Անանյանից առաջ այս պաշտոնը զբաղեցնում էր Աշոտ Օսիպյանը, ով ազատվել է պաշտոնից 2019թ.–ի նոյեմբերի 1–ին` սեփական դիմումի համաձայն։ Օսիպյանն աշխատանքի է անցել միջազգային ֆինանսական կառույցում։

Մհեր Անանյանը ծնվել է 1968թ. նոյեմբերի 10-ին Երևանում։ 1985-1992 թթ. սովորել և ավարտել է Ազգային գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2005-2008 թթ.՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը։

1991-ի օգոստոսից մինչև 1992-ի հունվարը եղել է ՀայՊետառբանկի Ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ։ 1992-1994 թթ. աշխատել է Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ։ 1994-1995 թթ. եղել է «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարքեթինգի գծով փոխտնօրենը։

1995-1996 թթ. եղել է Հայագրոբանկի վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ։

1996-1997թթ. զբաղեցրել է Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալի, իսկ 1997-1998 թթ.՝ նույն բանկի քաղաքային վարչության պետի պաշտոնը։ 1998-1999 թթ․ եղել է Հայէկոնոմբանկի Խորհրդային մասնաճյուղի կառավարիչ։

Անանյանը 1999-2000 թթ. աշխատել է Հայագրոբանկի Փոխատվական գործառությունների դեպարտամենտի Սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ։ 2002-ի ապրիլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002-ի օգոստոսից 2003-ի փետրվարը` «Կենտրոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։

2003-ին հիմնադրել է «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ-ն։

2005-ի փետրվար-օգոստոս ամիսներին զբաղեցրել է Արաբկիր թաղապետարանի Հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետի պաշտոնը։  2005-2006 թթ. եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության Բյուջետային բաժնի պետ։

Անանյանը 2006-2013 թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ։

2013-2015 թթ. զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

2015-2017 թթ. հանդիսացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։ 2017-2019 թթ. եղել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ։

2019-ի հուլիսի 19-ից Արարատբանկի խորհրդի անդամ է։

2019-ի նոյեմբերից 2020-ի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։  

2020-ի փետրվարի 10-ին Արարատբանկի բաժնետերերի ժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է խորհրդի անդամի նրա պարտականությունները և խորհրդի որոշմամբ նշանակվել է Արարատբանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Որոշումն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ գրանցման։

Մհեր Անանյանը Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական է։ Ամուսնացած է, ունի չորս դուստր։

Արարատբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, տրամադրում է նորագույն և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց` ունենալով բարձրակարգ տեխնոլոգիաներ բանկային ծառայությունների զարգացման համար և ստեղծելով հատուկ բիզնես միջավայր բանկ–հաճախորդ հարաբերություններում։ Արարատբանկն ունի 61 մասնաճյուղ ողջ հանրապետությունում։ Լինելով դինամիկ զարգացող բանկերից մեկը, ընդլայնելով մասնաճյուղերի ցանցն ու տրամադրվող բանկային ծառայությունների շրջանակն` Արարատբանկը Հայաստանի տնտեսության իրական հատվածի, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի վարկավորման ոլորտի ակտիվ մասնակից է։ Բանկը համագործակցում է 14 միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների հետ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ԵԱՏՄ-ից դրամական փոխանցումները դեպի ՀՀ կարող են կրճատվել 2,1 մլրդ դոլարով, աշխատանքային միգրացիայի պայմանները՝ խստանալ․ հաշվետվություն

ԵԱՏՄ պետություններից Հայաստան դրամական փոխանցումները, Միությանը նրա մասնակցության հնարավոր կասեցման դեպքում, կարող են 2025 թվականի դրությամբ 3 953,5 միլիոն դոլարից կրճատվել մինչև 1 850 միլիոն դոլար։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img