Fri, 20 February
2.1 C
Yerevan
USD: 376.94 RUB: 4.92 EUR: 444.34 GEL: 140.85 GBP: 508.34

ԱԶԲ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում ֆինանսական օգնություն և խորհրդատվություն տրամադրել Հայաստանին. Ասակավա

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․ /ԱՌԿԱ/․ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասացուգու Ասակավան և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի՝ օգոստոսի 19-ին քննարկել են նոր կորոնավիրուսային հիվանդության ազդեցությունը և Հայաստանում ԱԶԲ-ի գործունեությունը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։


Ասակավայի խոսքով՝ COVID-19-ը ծանր ազդեցություն է թողել բոլոր երկրների, այդ թվում և Հայաստանի վրա, և շարունակում է աննախադեպ մարտահրավեր հանդիսանալ մարդկանց առողջության և տնտեսության համար։

«ԱԶԲ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ Հայաստանին աջակցելու իր հանձնառությանը այս դժվարին ժամանակներում և պատրաստ է, ըստ անհրաժեշտության, տրամադրել ֆինանսական օժանդաություն և խորհրդատվություն քաղաքականությունների մշակման գործընթացում»,- ասել է նա։

Ասակավան գովեստի խոսքեր է հղել Կառավարությանը՝ երկրի առողջապահական համակարգի հզորացման, COVID-19-ի աճող դեպքերի կառավարման պատրաստականության և տնտեսության վրա ազդեցությունների կառավարման ուղղությամբ իրականացված արագ գործողությունների կապակցությամբ՝ այդ թվում անդրադառնալով ազդակիր տնտեսվարողների աջակցությանն ուղղված տնտեսական և սոցիալական խթանների փաթեթներին, գործազրկության նպաստների շահառուների ընդլայնմանը և խոցելի խմբերին ուղղված սոցիալական պաշտպանության հարցերին։

Ասակավան և Փաշինյանը քննարկել են Հայաստանին ուղղված ԱԶԲ ընթացիկ աջակցության պորտֆելը, այդ թվում՝ առողջապահության, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի, քաղաքաշինության և աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում իրականացվող ծրագրերը։ Նրանք նաև քննարկել են երկրի մասնավոր հատվածում ներգրավվածության մեծացման հնարավորությունները, հատկապես՝ ենթակառուցվածքների և սոցիալական աջակցության գերակա ոլորտներում։

Փաշինյանն արտահայտել է իր գնահատանքը ԱԶԲ-ի կողմից Հայաստանին տրվող ընթացիկ աջակցության համար։

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մասացուգու Ասագավային ԱԶԲ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հրավիրել այցելել Հայաստան՝ համավարակի ավարտից հետո:

Վարչապետը նշել է, որ ԱԶԲ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է: «Մենք կարևորում ենք ԱԶԲ հետ համագործակցությունը և դրա շարունակական զարգացումը», – նշել է Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև բարձր գնահատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման նպատակով ԱԶԲ կողմից Հայաստանին ֆինանսական և տեխնիկական օժանդակության տրամադրումը:

Օգոստոսի 3-ին ԱԶԲ-ն հաստատել է Հայաստանին հատկացվող  2 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհը «Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աղետների ռիսկերին արձագանքման ֆոնդից»՝ Հայաստանի համար խիստ կարևոր անհատական պաշտպանիչ միջոցների և բժշկական պարագաների գնման համար։ Սա հավելվում է բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերման նպատակով նախկինում տրամադրված 500000 ԱՄՆ դոլար գումարին։ Այս ամիս ԱԶԲ-ն նաև հաստատել է դրամաշնորհային ֆինանսավորմամբ իրականացվելիք 750000 ԱՄՆ դոլար արժեքով տեխնիկական աջակցության ծրագիրը՝ սատարելու Հայաստանում հեռավար ուսուցման հարթակի ստեղծմանը։ Սա կօգնի ապահովել որակյալ և շարունակական կրթություն արտակարգ դրության և նորմալ կենսագործունեության պայմաններում։

Հունիսի 1-ին ԱԶԲ-ն ստորագրել է 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ շրջանառու կապիտալին աջակցության նպատակով՝ ապահովելու էներգիայի մատակարարումը, քանի դեռ երկիրը գտնվում է COVID-19-ի ազդեցության կառավարման փուլում։

ԱԶԲ-ն հանձնառու է բարգավաճող, ներառական, դիմակայուն և զարգացող Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ունենալու գաղափարին՝ միևնույն ժամանակ շարունակելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված իր ջանքերը։ ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ․ և պատկանում է 68 անդամների, որոնցից 49-ը տարածաշրջանից են։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը 2025թ․–ի առաջին կիսամյակում հասել է 7,9 տրլն դրամի․ ՀԲՄ

Վարկային ներդրումների կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը՝ 23.2%-ը, բաժին է ընկնում սպառողական վարկերին

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 9–15)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթը բնութագրվել է արժութային կայունացման, վճարումների և հարկային վարչարարության ոլորտներում կարգավորող որոշումների, ինչպես նաև ապահովագրական և սոցիալական մեխանիզմների զարգացման համակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img