ԿԲ–ն արծաթե հուշադրամներ է թողարկել Առնո Բաբաջանյանի 100–ամյակի և Գրիգոր Տաթևացու 675–ամյակի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./ԱՌԿԱ/. ԿԲ–ն թողարկել է երկու հուշադրամ հռչակավոր կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100–ամյակի և Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ, աստվածաբան, փիլիսոփա Գրիգոր Տաթևացու 675–ամյակի կապակցությամբ։

Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակ

Ինչպես հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը, 1000 դրամ անվանական արժեքով հուշադրամը պատրաստված է 925 հարգի արծաթից։ Դիմերեսին պատկերված

հարսանեկան զույգ, սոլի բանալի, ոճավորված վարդի և ձայնասկավառակի պատկերներ: Դարձերեսին պատկերված է Առնո Բաբաջանյանի դիմապատկերը, ձայնասկավառակի, դաշնամուրի ստեղների, նոտաների և գրչի ոճավորված պատկերներ:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է:

Կենսագրական տվյալներ

Առնո Բաբաջանյանը (1921-1983 թթ.) հայտնի հայ կոմպոզիտոր է, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970 թ․):
Ավարտել է Երևանի և Մոսկվայի կոնսերվատորիաները: 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: Որպես բարձրարվեստ դաշնակահար աչքի է ընկել իր ստեղծագործությունների կատարմամբ։ Ստեղծագործական ոճը ձևավորվել է Ա. Խաչատրյանի և Ս. Ռախմանինովի ազդեցությամբ և առավելապես արտահայտվել վաղ շրջանի ստեղծագործություններում՝ դաշնամուրի (1944 թ.) և ջութակի (1949 թ.) համար կոնցերտներում։ «Վաղարշապատի պար», «Պրելյուդ» և «Էքսպրոմտ» գործերը 1947 թ. Պրահայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 1-ին փառատոնում արժանացել են առաջին մրցանակի: Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար 1950 թ. գրված «Հերոսական բալլադում» (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թ․), ապա դաշնամուրային տրիոյում (1952 թ․):

Բաբաջանյանը ստեղծագործել է տարբեր՝ դասական, պոպ, ջազ ոճերով։ Նա սովետական երգի ականավոր վարպետներից է: Գրել է բազմաթիվ քնարական երգեր, երաժշտություն դրամատիկական ներկայացումների (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») և կինոնկարների («Առաջին սիրո երգը», համահեղինակ՝ Ղ. Սարյան, «Ամպրոպի արահետով», «Երջանկության մեխանիկան») համար:

Բաբաջանյանը սովետական ժողովրդի կողմից սիրված կոմպոզիտորներից է, ով բացառիկ բնատուր տաղանդի, խոր զգացմունքայնության ու երաժշտական արտահայտչականության շնորհիվ իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական և սովետական երաժշտության պատմության մեջ:

Գրիգոր Տաթևացու ծննդյան 675-ամյակ

Գրիգոր Տաթևացու 675–ամյակի կապակցությամբ թողարկված արծաթե հուշադրամի անվանական արժեքը ևս 1000 դրամ է, պատրաստված է 925 հարգի արծաթից։ Դիմերեսին պատկերված է Տաթևի վանքը: Դարձերեսին Գրիգոր Տաթևացու խորաքանդակն է՝ Մոսկվայում Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցու (ճարտարապետ` Արտակ Ղուլյան) պատին:

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Էսքիզների հեղինակները Կարապետ Աբրահամյան (դիմերես) և Լուսինե Լալայանն են (դարձերես):

Կենսագրական տվյալներ

Գրիգոր Տաթևացին (1346-1409 թթ.) Հայոց Եկեղեցու Եռամեծ վարդապետ է, փիլիսոփա, աստվածաբան, բանասեր, մանկավարժ, մանրանկարիչ, երաժիշտ:

Սովորել է Տաթևի վանքի վարդապետարանում, աշակերտել է մեծ աստվածաբան և իմաստասեր Հովհան վարդապետ Որոտնեցուն, որի մահից հետո գլխավորել է Տաթևի և Ապրակունիսի հոգևոր բարձրագույն դպրոցները, վարել աստվածաբանության, փիլիսոփայության, քերականության, երաժշտության տեսության և այլ դասընթացներ:      Դասավանդել է նաև Մեծոփավանքի  և Սաղմոսավանքի հոգևոր դպրոցներում: Միաժամանակ զբաղվել է ազգային-եկեղեցական հարցերով, պայքարել կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների դեմ՝ պաշտպանելով Հայ Եկեղեցու ուղղափառ դավանությունն ու ինքնուրույնությունը: 

1390 թ. նա հաստատվել է Տաթևում, իր շուրջը համախմբել Սյունիքից ու Հայաստանի տարբեր վայրերից ուսանելու եկած աշակերտների։ Իր մանկավարժական հայացքները ներկայացրել է «Սահմանադրություն դաստիարակության» աշխատությունում, որը բացառիկ երևույթ էր միջնադարի հայ մանկավարժական գրականության մեջ:  

Տաթևացու օրոք Տաթևի վանքի վարդապետարանը վերածվել է համալսարանի՝ հասնելով իր ծաղկման գագաթնակետին և դառնալով գիտության, մշակույթի, արվեստի, հոգևոր կյանքի կենտրոն:

Տաթևացին գրել է աստվածաբանական, դավանաբանական, մեկնողական, իմաստասիրական մեծարժեք աշխատություններ: Նշանավոր գործերից են «Գիրք հարցմանց» և «Ոսկեփորիկ» հանրագիտական երկերը, որտեղ ի մի են բերված հայ աստվածաբանական մտքի դարավոր ձեռքբերումները, ինչպես նաև «Ձմեռան» ու «Ամառան» քարոզգրքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Մաշտոցյան Մատենադարանում պահվում են նրա ընդօրինակած և ծաղկած Ավետարանները:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Տաթևացուն դասել է սրբերի կարգը, հիշատակը տոնում է Մեծ Պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

S&P-ն վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը

Բիթքոյնի արժեքը բարձրացել է մինչև 79,5 հազ դոլար մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ

Բիթքոյնի արժեքը առևտրաշրջանի ընթացքում բարձրացել է մինչև 79,5 հազար դոլար՝ 2026 թվականի մայիսի 15-ից ի վեր առաջին անգամ, վկայում են Binance հարթակի տվյալները

Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ (ՎԻԴԵՈ)

Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։

«Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային

Յունիբանկի հովանավորությամբ ստեղծված «Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը օգոստոսի 26-ին, 27-ին և 29-ին Երևանում կանցկացնի ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․8 կետով և կազմել 422․81 դրամ, ռուբլին նվազել է 0․01 կետով և կազմել 4․3052 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img