Wed, 12 March
4.1 C
Yerevan
USD: 394.04 RUB: 4.58 EUR: 428.99 GEL: 141.29 GBP: 509.30
spot_img

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի/ԱՌԿԱ/ Ներդրումները ժամանակակից աշխարհում ոչ միայն կապիտալը բազմապատկելու հնարավորություն է, այլև տնտեսության զարգացման հզոր գործիք։ Սակայն ներդրողներն, այդ թվում՝ Հայաստանում, ունեն ակտուալ հարցեր, որոնք վերաբերում են ռազմավարությանը, ռիսկերի կառավարմանն ու կապիտալի շուկայում առկա հննարավորություններին։ Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը։

«ԱՌԿԱ» պարոն Մարգարյան, «Cube Invest» ՓԲԸ–ն ստեղծվել է 2017թ․–ին և այսօր առաջատար ներդրումային ընկերություններից մեկն է՝ 760 մլն դրամ կանոնադրական կապիտալով։ Ո՞րն է Cube Invest-ի հիմնական ռազմավարությունն ու գործունեության ուղղությունը: Ո՞ր ոլորտների և ակտիվների տեսակների վրա եք կենտրոնանում: Ֆինանսական ի՞նչ գործիքներ և ներդրումային պրոդուկտեր եք առաջարկում:

Մ Մարգարյան Cube Invest–ն աշխատում է տարբեր ուղղություններով և հաճախորդներին առաջարկում է մի քանի պրոդուկտներ և ծառայություններ։ Առաջին հերթին դա բրոքերային ծառայություններն են, հաճախորդը կարող է Cube Invest–ի միջոցով ձեռք բերել և տնօրինել գրեթե ցանկացած արժեթուղթ, որը ցուցակում է անցել այս կամ այն ֆոնդային բորսայում։ Մենք ունենք նաև արտաբորսայական հնարավորություններ։ Դրա հետ մեկտեղ տրամադրում ենք նաև դեպոզիտարային ծառայություններ, ձեռք բերված բոլոր արժեթղթերը մեր աջակցությամբ կարելի է պահել աշխարհի տարբեր դեպոզիտարիաներում, որոնց հետ մենք համագործակցում ենք։

Մենք պորտֆելի կառավարման ծառայություններ ենք մատուցում՝ Portfolio Management․ մեր մասնագետները, հաշվի առնելով հաճախորդի ախորժակն ու ռիսկի պրոֆիլը, նրա համար կազմում են համապատասխան ներդրումային ռազմավարություն, և հետագայում հենվելով դրա վերլուծության վրա՝ ձևավորում են հաճախորդի արժեթղթերի առավել եկամտաբեր պորտֆելը։

Մենք նաև մի շարք ոչ հրապարակային ֆոնդերի կառավարիչներն ենք, դա Portfolio Management ուղղության մի մասն է, որտեղ կա հստակ ռազմավարություն․ ներդրողները կարող են ձեռք բերել ֆոնդերի փայեր և ակնկալել որոշակի եկամտաբերություն այդ ռազմավարության շրջանակում։

Բացի այդ, տրամադրում ենք տարադրամի անկանխիկ փոխանակման ծառայություններ։ Թողարկողներին առաջարկում ենք արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ, նրանց համար պատրաստում ենք թողարկման ազդագիր, տրամադրում ենք խորհրդատվություն:

«ԱՌԿԱ» վերջերս համագործակցության հուշագիր եք կնքել Parvanyan Consulting ընկերության հետ, որո՞նք են դրա նպատակներն ու հեռանկարները։

Մ Մարգարյան Parvanyan Consulting–ն իր հաճախորդներին տրամադրում է ծառայությունների շրջանակ, այդ թվում՝ հաշվապահական և իրավաբանական խորհրդատվություն, հավատարմագրային կառավարման ծառայություններ։ Մենք էլ որպես ընկերություն, որը մասնագիտանում է ֆինանսական հատվածում, մասնավորապես, ներդրումային բլոկում, մտադիր ենք համախմբել ջանքերն ավելի որակյալ և համապարփակ ծառայությունների մատուցման հարցում։

Համագործակցությունը, մասնավորապես, կանդրադառնա արժեթղթերի տեղաբաշխման ոլորտին, քանի որ հիմա պոտենցիալ տեղաբաշխողների մոտ նկատվում է հետաքրքրության աճ՝ հաշվի առնելով արժեթղթերով բորսա դուրս եկող ընկերությունների սուբսիդավորման պետական ծրագիրը։

«ԱՌԿԱ» ի՞նչ չափանիշներ եք հաշվի առնում ներդրումների համար նախագծեր կամ ընկերություններ ընտրելիս:

Մ․ Մարգարյան․ առաջին հերթին մենք վերլուծում ենք ընկերության աշխատանքը արդյունավետության, իմիջի, շուկայական արժեքի տեսակետից։ Մեզ համար կարևոր է նաև, որպեսզի ընկերությունը չունենա խնդիրներ օրենքի հետ։

«ԱՌԿԱ» նշեք հիմնական քայլերը հաջող ներդրումային պորտֆելի ձևավորման համար։

Մ․ Մարգարյան․ դրանք մի քանիսն են, բայց ես կառանձնացնեմ երկու հիմնականը։ Առաջինը․ ռիսկի ախորժակի ճիշտ գնահատում, այսինքն պետք է հասկանալ հաճախորդի ներդրումային հորիզոնը։ Երկրորդը․ շատ կարևոր է պորտֆելի դիվերսիֆիկացումը։ Ընթացիկ իրավիճակում անորոշությունը մեծ է, և ցանկացած գործոն, երկրի առաջնորդի հայտարարություն կամ նորություն կարող է շատ կտրուկ ազդեցություն ունենալ, այդ պատճառով պորտֆելի դիվերսիֆիկացումը կարևոր դեր է խաղում։

«ԱՌԿԱ» շատերի մոտ, հատկապես Հայաստանում, կարծրատիպեր են ձևավորվել, որ ներդրումը բարդ է, ռիսկային, միայն հարուստների համար է։ Առանձնացրեք թոփ 5 կարծրատիպերը և նշեք, թե որն է միֆը և որը՝ իրականություն։

Մ․ Մարգարյան․ առաջինը կառանձնացնեմ «Ներդրումը հարուստների համար է» կարծրատիպը։ Կարծում եմ, որ սա միֆ է։ Այսօր գոյություն ունեն նեդրումային տեխնոլոգիաներ, օրինակ այսպես կոչված ֆրակցիոն բաժնետոմսերը, որոնք թույլ են տալիս ներդրողներին գնել արժեթղթի մի մասը, այլ ոչ թե ամբողջ լոտը։ Ես համաձայն չեմ այն պնդման հետ, որ ներդրում կարող են կատարել միայն հարուստները, այսօր նման հնարավորություն ունեն բոլորը, ցանկացած մարդ՝ նույնիսկ ամենանվազագույն գումարով։

Երկրորդ միֆը՝ «Ներդրումները նման են մոլախաղերին»։ Սրա հետ նույնպես համամիտ չեմ, քանի որ գոյություն ունի կոնկրետ ժամանակահատվածում այս կամ այն հանգամանքների ազդեցության լուրջ, հիմնարար վերլուծություն։ Ոչ բոլոր դեպքերում է հնարավոր ամեն ինչ կանխատեսել, բայց հիմնարար վերլուծությունը թույլ է տալիս անել որոշակի կանխատեսումներ։ Իսկ մոլախաղերն աշխատում են բոլորովին այլ սկզբունքով, և, ընդհանուր առմամբ, համեմատության զուգահեռներ չեմ տեսնում։

Երրորդ կարծրատիպը` շուկայի լավ իմացության անհրաժեշտության մասին, գտնվում է միֆի և իրականության միջև: Կա ներդրողների երկու տեսակ՝ ակտիվ և պասիվ։ Ակտիվ են նրանք, ովքեր սիրում են ինքնուրույն հետևել շուկային, կարդալ նորություններ և դրանց հիման վրա ընդունել որոշումներ։ Այս դեպքում՝ այո, պահանջվում են գիտելիքներ։ Բայց այսօր կան շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներ, ովքեր կարող են տրամադրել պրոֆեսիոնալ խորհրդատվական ծառայություններ նրանց, ովքեր չունեն ժամանակ կամ հնարավորություններ՝ շուկայական միտումներին հետևելու համար։

Հաջորդ երկու միֆը կմիավորեմ՝ «Ներդրում մեկ ընկերության մեջ» և «Ներդրումները ռիսկային են»։ Առաջինի մասին արդեն խոսել ենք, դա, անխոս, միֆ է․ պետք չէ ներդրում կատարել մեկ ընկերության մեջ՝ հատկապես հաշվի առնելով մեծ թվով անորոշությունները։ Միաժամանակ ներդրումները, այո, ռիսկային են, ոչ ոք չի վիճում։ Բայց այդ ռիսկերը կարելի է զսպել և հավասարակշռել դիվերսիֆիկացման, հիմնարար վերլուծության միջոցով։ Ամենասխալ մոտեցումներից մեկն այն ընկերությունում ներդրումներ կատարելն է, որի մասին ինչ-որ տեղ ինչ-որ մեկն ասել է, որ արժե: Առանց ընկերության մասին պատշաճ տեղեկության, որն այսօր ապահովում է աճ այս կամ այն գործոնների հաշվին, հնարավոր չէ իմանալ, թե երբ կգա այդ ընկերության բաժնետոմսերի պայմանական վաճառքի ժամանակը, եթե ընկերությունը սկսի անկում գրանցել։ Այդ պատճառով ճիշտ որոշումներ ընդունելու համար պետք է տիրապետել անհրաժեշտ տեղեկատվությանն ու վերլուծությանը։

 «ԱՌԿԱ» ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրը։

Մ․ Մարգարյան․ Հայաստանում ավանդաբար ֆինանսական գրագիտության մակարդակն այդքան էլ բարձր չէր, և կապիտալի շուկայի զարգացվածությունը միշտ գտնվել է միջինից ցածր մակարդակում։ Սակայն ուրախությամբ կարող եմ ասել, որ առնվազն ֆինանսական գրագիտության մասով նկատվում է առաջընթաց, ինչը կապված է, իմ կարծիքով, ֆինանսական կապիտալի որոշակի ներհոսքի և ավելցուկի հետ։

Տնտեսության մեջ ավելի շատ փող է հայտնվել, մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, նրանց խնայողությունների ծավալներն ավելանում են, և բացի տանը կամ ավանդի տեսքով կանխիկ պահելու ավանդական ձևերից, նրանց նաև հետաքրքրում են այլընտրանքային գործիքներ, օրինակ՝ պարտատոմսերը։ 2020թ․–ին կառավարության կողմից կապիտալի շուկայի զարգացման միասնական ռազմավարության հաստատումից հետո իրականացվում են մի շարք միջոցառումներ, ինչն ակտիվացնում է շուկան։  

Ֆինանսական գրագիտության մակարդակն աճում է շուկայում նոր դերակատարների հայտնվելուն զուգընթաց։

«ԱՌԿԱ» ֆինանսական ի՞նչ գործիքներ և նախաձեռնություններ կարող են խթանել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը։

Մ․ Մարգարյան․ այս հարցում կարևոր է Հայաստանի ֆոնդային բորսայի ներգրավվածությունը, հատկապես Արևելյան Եվրոպայի խոշորագույն բորսաներից մեկի՝ Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից նրա բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի ձեռք բերումից հետո։ Նրանք ունեն բավականին խոշոր դերակատարներ, ներդրումային ընկերություններ, որոնք տնօրինում են Հայաստանի ՀՆԱ-ին հավասար միջոցներ։

Այսօր AMX–ն ունի սահմանափակ գործառույթներ և գործիքակազմ, չնայած միաժամանակ զարգացնում է միջազգային համագործակցությունը։ Այսպես, բորսան միացել է Tabadul թվային հաբին՝ որպես անցյալ տարի Աբու Դաբիի ֆոնդային բորսայի հետ ստորագրված համագործակցության պայմանագրի մաս։

Հիմա անհրաժեշտ են գործնական քայլեր։ AMX–ն ունի ծրագիր, որի իրականացման դեպքում կապիտալի շուկան կակտիվանա։ Մենք՝ շուկայի մասնակիցներս, ևս ունենք մեծ դաշտ գործունեության համար, այդ թվում՝ ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, ինչպես նաև պոտենցիալ թողարկողների հետ աշխատանքի մասով։ Զարգացման համար անհրաժեշտ են համատեղ քայլեր։

«ԱՌԿԱ» ֆինանսական գրագիտության ոչ բավարար մակարդակից բացի, Հայաստանի ներդրումային շուկայի աճի ո՞ր խոչընդոտներն եք համարում առանցքային, և ինչպե՞ս կարելի է դրանք հաղթահարել։

Մ․ Մարգարյան․ մենք գործընկերային հարաբերություններ ենք հաստատել կարգավորողի հետ՝ ի դեմս Կենտրոնական բանկի, ինչպես նաև Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների հետ, նրանք պատրաստ են աջակցել իրենց լիազորությունների շրջանակում։

Գլոբալ խոչընդոտներ, որպես այդպիսին, չեմ տեսնում։ Այսօր, հնարավոր է, հիմնական խոչընդոտն այն է, որ Հայաստանը փոքր երկիր է՝ սեփական արժույթով,  բայց սահմանափակ ռեսուրսներով և ֆինանսական հնարավորություններով, որը գտնվում է որոշակի աշխարհաքաղաքական պայմաններում։

«ԱՌԿԱ» 2023թ–ին AMX–ի տնօրեն Հայկ Եգանյանը նշել է, որ ՀՀ–ում կապիտալի շուկայի զարգացումը մասամբ արգելակվում է որակավորված ֆինանսական միջնորդների, ներդրումային բանկերի և բրոքերների բացակայության պատճառով։ Համամի՞տ եք այս կարծիքի հետ, և փոխվե՞լ է, արդյոք, իրավիճակը հիմա։

Մ․ Մարգարյան․ հնարավոր է՝ այո։ Եթե ​​նայեք կանոնակարգերին, թե ովքեր են այսօր բորսայի անդամները, ապա դրանք հիմնականում բանկերն ու ներդրումային ընկերություններն են: Որքան շատ են մասնակիցները, այնքան շատ են գործարքները, այնքան լայն են հնարավորությունները, այնքան շատ են նոր պրոդուկտները: Նման համատեքստում ես համաձայն եմ այս պնդման հետ։

Մասնավորապես, մեր ընկերությունը շատ ակտիվ է բորսայում ինչպես սեփական, այնպես էլ հաճախորդների գործարքներով։ Մենք ունենք սեփական պորտֆելը, որը տնօրինում ենք, դրա մեծ մասնաբաժինը Հայաստանի դրամային պետական պարտատոմսերն են։ Ի դեպ, Ֆինանսների նախարարությունն ամեն եռամսյակ վերլուծում է պետական պարտատոմսերի առաջնային դիլերների (դրանք չորս բանկերն են, որոնք իրավունք ունեն մասնակցել առաջնային տեղաբաշխումներին) և շուկայի պոտենցիալ մասնակիցների վարքը։ Այսպես, վերջին երեք եռամսյակում Cube Invest–ն առաջին տեղում էր պոտենցիալ մասնակիցների շրջանում։  

Համաձայն եմ Հայկ Եգանյանի հետ, որ շուկայի մասնակիցները շատ կարևոր են։ 2023թ․–ից հետո ավելացել են մի քանի մասնակիցներ, բացվել են նոր ներդրումային ընկերություններ։ Սա շատ լավ է, քանի որ ամեն նոր ընկերրության մուտ նշանակում է, որ կլինեն նոր հաճախորդներ, իսկ շուկայի համար օգտակար է նրանց PR գործունեությունը։ Կարծում եմ՝ հեռանկարը դրական է, և շուկան կզարգանա։

«ԱՌԿԱ» ինչպե՞ս եք գնահատում ՀՀ–ում վենչուրային կապիտալի ներգրավման հեռանկարները։ Ի՞նչ հնարավորություններ և հեռանկարներ կան ներդրումային ընկերությունների և ստարտափերի ու ՓՄՁ-ների միջև համագործակցության համար:

Մ Մարգարյան վենչուրային կապիտալը կարելի է համարել նորարարություն մեր իրականության մեջ, բայց այն շատ կարևոր նորարարություն է։ Ուրախ եմ, որ կան մարդիկ, ովքեր ներդրումներ են կատարում նման ֆոնդերում։ Այս ոլորտն աճի մեծ ներուժ ունի, վերջին տարիների ընթացքում ամբողջ աշխարհում այն կայուն  աճում է։

Քանի որ Հայաստանում ստարտափերի էկոհամակարգը զարգացման սկզբնական փուլում է, կարծում եմ, որ կհայտնվեն նոր վենչուրային ֆոնդեր։ Սա ընդհանուր ֆինանսական համակարգի շատ կարևոր բաղադրիչ է։

«ԱՌԿԱ» որքա՞ն արդյունավետ կարող է լինել տեխնոլոգիական միտումների (ֆինտեխ, բլոկչեյն, արհեստական բանականություն) կիրառումը ներդրումային ընկերությունների աշխատանքում։

Մ․ Մարգարյան․ շատ արդյունավետ։ Ապագայի պլանավորման և տեսլականի ձևավորման աշխատանքներում մենք ներկայացնում ենք նոր պրոդուկտներ՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Համագործակցելով տարբեր երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ ԱՄՆ–ում և Եվրոպայում՝ տեսնում ենք նոր նորարարական պրոդուկտներ, որոնք հաջողությամբ ներդրվում և առաջ են մղվում։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Բավրա

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

«Moody’s» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի սուվերեն վարկանիշը` կայուն հեռանկարով

«Moody’s» վարկանիշային գործակալությունը ՀՀ հերթական սուվերեն վարկանիշի շնորհման շրջանակներում անփոփոխ է թողել ընթացիկ վարկանիշը` «Ba3» և հեռանկարը` կայուն

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

Fitch-ը հաստատել է Երևանի վարկանիշը «BB-» մակարդակում՝ փոխելով «Կայունից» «Բացասական» կանխատեսման

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img