AMX-ը ներդրել է Հեռավար մասնակցության մոդելը՝ բացելով դռներ միջազգային ներդրողների համար

ԵՐԵՎԱՆ,6 հունիսի /ԱՌԿԱ/.Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան (AMX) ներդրել են Հեռավար մասնակցության մոդելը, որն ուղղված է ապահովելու  օտարերկրյա ներդրողների հասանելիությունը Հայաստանի ֆոնդային բորսային։ Շուկայի հեռավար մասնակցի կարգավիճակը թույլ է տալիս օտարերկրյա բրոքերներին մասնակցել պետական պարտատոմսերի և արտարժույթի առևտրին՝ առանց Հայաստանում ռեզիդենտ ընկերության գրանցման։

Այս փոփոխությունը կարևոր և ռազմավարական քայլ է Հայաստանի կապիտալի շուկայի համար, քանի որ այն բացում է ևս մեկ պատուհան օտարերկրյա ընկերությունների համար՝ խթանելով միջազգային կապիտալի ներհոսքը Հայաստան և բարձրացնելով մեր շուկայի տեսանելիությունն ու հասանելիությունը համաշխարհային ներդրումային համայնքի համար։ Հեռավար մասնակցության միջոցով օտարերկրյա բրոքերները կարող են անմիջապես իրենց երկրից մասնակցել պետական պարտատոմսերի առևտրին և արտարժույթի շուկային՝ լրիվ նախնական դեպոնացմամբ։

Հեռավար մասնակցի կարգավիճակ կարող են ստանալ այն օտարերկրյա բրոքերները, որոնք բավարարում են Բորսայի «Անդամակցության և շուկային մասնակցության» կանոններով սահմանված պահանջներին։ Մասնավորապես, եթե տվյալ ներդրումային ընկերությունը գրանցված է այն պետությունում, որի արժեթղթերի շուկայի կարգավորումը և/կամ վերահսկողությունն իրականացնող մարմնի հետ ՀՀ Կենտրոնական բանկը համագործակցում է՝ ըստ հուշագրի կամ նմանատիպ փաստաթղթի։ Եթե բրոքերը գործունեություն է իրականացնում իր գրանցման երկրից տարբերվող օտարերկրյա պետությունում, ապա համագործակցությունը պետք է առկա լինի նաև տվյալ երկրի կարգավորող մարմնի հետ։ Համագործակցությունը համարվում է առկա նաև, եթե երկրի արժեթղթերի շուկայի կարգավորող մարմինը միացած է IOSCO-ի բազմակողմ փոխըմբռնման հուշագրին։ Կանոնին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Բորսայի «Անդամակցության և շուկային մասնակցության» կանոնում։

Հեռավար մասնակցության մոդելը առաջին անգամ կիրառվեց մայիսի 30-ին գործարկված Tabadul hub-ին միանալու շրջանակում։ Առաջին անգամ, Հայաստանի ֆոնդային բորսան՝ Հեռավար մասնակցության մոդելի և Tabadul հարթակի ներդրմամբ, օտարերկրյա բրոքերային ընկերություններին և ներդրողներին հասանելի դարձրեց AMXTrader առևտրային համակարգի պետական պարտատոմսերը և արտարժույթի շուկայի հարթակը։

Tabadul հարթակի ներդրման շրջանակում Ալ Ռամզ ներդրումային ընկերությունը՝ տեղակայված Աբու Դաբիում, դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի առաջին հեռավար անդամը և ստացավ հեռավար մասնակցի կարգավիճակ՝ միանալով Հայաստանի պետական պարտատոմսերի շուկային և արտարժույթի շուկայի հարթակին՝ առանց Հայաստանում ընկերության գրանցման։

«Մենք ստեղծել ենք հեշտացված և համաշխարհային ստանդարտներին համապատասխան մուտք Հայաստանի արժեթղթերի շուկա։ Այս նախաձեռնությունը բեկումնային է կապիտալի շուկայի միջազգային ինտեգրման և ներդրումային հոսքերի խթանման տեսանկյունից։ Հեռավար մասնակցության մոդելը հնարավորություն է տալիս միջազգային բրոքերներին պարզ, թափանցիկ և արդյունավետ մուտք գործել մեր շուկա՝ բարձրացնելով Հայաստանի՝ որպես ներդրումային ուղղության գրավչությունը», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Անի Մակարյանը հավելել է․«Այս փոփոխության շրջանակում, հայաստանյան կարգավորված շուկային հեղինակավոր օտարերկրյա բրոքերների մասնակցությունը, կբերի նոր մշակույթ և նոր գործարար ստանդարտ ՀՀ կապիտալի շուկայի էկոհամակարգի համար»:

Ներդրված նոր հնարավորությունը զգալիորեն վերափոխում է ներդրումային միջավայրը՝ հատկապես բրոքերների համար։ Այն հնարավորություն է տալիս օտարերկրյա բրոքերներին ընդլայնել իրենց գործունեությունը Հայաստանի կապիտալի շուկայում՝ խուսափելով ավելորդ գործառնական ծախսերից և իրավաբանական գրանցման բարդություններից։

AMX-ը վստահ է, որ Հեռավար մասնակցության մոդելը ոչ միայն կուժեղացնի Հայաստանի կապիտալի շուկայի դիրքը տարածաշրջանում, այլև կբարձրացնի երկրի ներդրումային վարկանիշը ու գրավչությունը միջազգային ֆինանսական հարթակներում։

Հայաստանի ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img