Հայաստանում ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի/ԱՌԿԱ/ 2025թ․ հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը, հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առք ու վաճառքի, ծառայությունների տրամադրման և շուկայի վերահսկման ընդհանուր կանոնները։ Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է  որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը գործի առավել կանխատեսելի և ապահով միջավայրում։

Օրենքը նախատեսում է նաև այնպիսի կարգավորման մեխանիզմներ, որոնք շուկա մուտք գործելու հնարավորություն են տալիս միայն վստահելի և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ նախապայման է կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքները պաշտպանելու և այս շուկայի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու տեսանկյունից։ 

Ընդ որում, կարգավորման համար հիմք է հանդիսացել «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ կրիպտոակտիվներով գործունեության իրականացումը, որն իր էությամբ նման է որևէ ավանդական ֆինանսական գործունեության և առաջացնում է նմանատիպ ռիսկեր, պետք է կարգավորվի նմանատիպ ձևով: 

Օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում ԿԲ խորհուրդը կընդունի օրենքը կարգավորող հիմնական ենթաօրենսդրական ակտերը, ներառյալ՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման և լիցենզավորման, կրիպտոակտիվների առաջարկը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը։

«Այն անձինք, ովքեր «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կրիպտոակտիվներով ծառայություններ են մատուցում ՀՀ տարածքում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ԿԲ կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ։ Այլ անձինք կարող են ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել միայն ԿԲ կողմից գրանցման և լիցենզավորման (թույլտվության ստացման) դեպքում», – նշվում է ԿԲ հաղորդագրության մեջ։

Մինչև կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելը՝ ՀՀ տարածքում հրապարակային առաջարկով վաճառված կրիպտոակտիվների թողարկողները կամ տեղաբաշխողները կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետք է կազմեն, հրապարակեն և ԿԲ ներկայացնեն առաջարկի փաստաթուղթ, եթե «Կրիպտոակտիվների մասին» օրենքով բացառություններ սահմանված չեն։

«Կրիպտոակտիվների  մասին» օրենք

Մայիսի 29-ին Հայաստանի խորհրդարանը հաստատեց «Կրիպտոակտիվների մասին» նոր օրենքի նախագիծը և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Փաստաթուղթ նպատակ ունի կարգավորել կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտը։ Այս օրենքը նշանավորում է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման առաջին քայլը։ Օրենքի ընդունումը կստեղծի կանխատեսելի միջավայր՝ ոլորտում գործող ձեռնարկատերերի համար հստակ սահմանված իրավունքներով և պարտականություններով, օգտատերերի համար բավարար անվտանգության մեխանիզմներով և թափանցիկությունն ապահովելու մեխանիզմներով։

Այս ոլորտում ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ կլինի բացել նոր ընկերություն և ստանալ նոր լիցենզիա։

Կարգավորվող ծառայությունների հիմնական տեսակներն են առևտրային հարթակի գործարկումը, կրիպտոակտիվների պահպանումը, ակտիվին կցված տոկենների (stablecoin) առաջարկy, կրիպտոակտիվների գնումը և վաճառքը (փոխանակում) ձեր հաշվին, կրիպտոակտիվների գնումը և վաճառքը հաճախորդի հաշվին, կրիպտոակտիվներով գործարքներ կատարելու պատվերների ստացումը և փոխանցումը, կրիպտոակտիվների տեղաբաշխումը, կրիպտոակտիվների պորտֆելի կառավարումը, կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվությունը, կրիպտոակտիվների փոխանցումը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են աճել, մինչդեռ դոլարը նվազել է. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի ապրիլի 6-ի դրությամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, ապրիլի 3-ի համեմատ նվազել է 0.36 կետով՝ կազմելով 376.62 դրամ

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՓՄՁ զարգացումը մարզերում. IDBank-ը ներկայացրել է նոր լուծումներ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img