Thu, 28 August
28.1 C
Yerevan
USD: 384.03 RUB: 4.80 EUR: 443.29 GEL: 142.29 GBP: 510.11

Կրիպտոարժույթը Հայաստանում. խիստ օրենք և մեծ սպասումներ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օրերս Երևանում կայացած Կրիպտոարժութային ակտիվների հայկական ֆորումի (Armenian Cryptocurrency Assets Forum) մասնակիցները քննարկել են Հայաստանում կրիպտոարժույթի ապագային վերաբերող հարցեր։ Cilicia բիզնես ակումբի կողմից կազմակերպված հանդիպման ժամանակ կրիպտոոլորտի, բանկերի և բիզնեսի ներկայացուցիչները խոսել են նոր օրենսդրության մարտահրավերների և ոլորտի զարգացման հեռանկարների մասին: «ԱՌԿԱ» գործակալությունը հանդես է եկել որպես Armenian Cryptocurrency Assets Forum–ի ինֆորմացիոն գործընկեր:

Ինչպես նշեց Cilicia բիզնես ակումբի նախագահ Նվեր Սարգսյանը, հանդիպման նպատակն է քննարկել կրիպտոոլորտի զարգացումը «Կրիպտոակտիվների մասին» օրենքի ընդունումից հետո։ Ֆորումի նպատակն է ստեղծել պետության, բիզնեսի և ֆինանսական հատվածի միջև երկխոսության հարթակ։

«Պետության ներկայացուցիչները դեռ չեն մասնակցում նման քննարկումներին, բայց կգա պահ, երբ նրանք ևս կմիանան երկխոսությանը», – վստահություն հայտնեց Սարգսյանը։

Տասը տարի «մոխրագույն գոտում»

Ֆորումի մասնակիցները ամփոփեցին Հայաստանի տասնամյա ուղին կրիպտոարժույթի ոլորտում: WEB3 Armenia-ի համահիմնադիր Արտյոմ Հարությունյանն ասաց, որ կարգավորման բացակայության պատճառով ոլորտը երկար ժամանակ գտնվում էր իրավական անորոշության մեջ:

«Կենտրոնական բանկը խիստ շրջաբերական է ուղարկել՝ կոչ անելով բանկերին հեռու մնալ այդ տեխնոլոգիաներից և հաշիվներ չբացել ՏՏ մշակողների համար», – հիշում է փորձագետը։ Նրա խոսքով՝ բանկերը նաև ամեն կերպ խոչընդոտել են ոլորտի զարգացմանը։

Չնայած դիմադրությանը, հայկական կրիպտոհամայնքը զարգացավ ինքնուրույն։ «Մենք ունեինք բազմաթիվ համայնքներ, որտեղ մարդիկ օգնում էին միմյանց։ Արդյունքում, կարողացանք շրջանցել հարևաններին. Վրաստանում պետությունն աջակցություն էր ցուցաբերում, Ադրբեջանում միջոցառումները պաշտոնապես ֆինանսավորվում էին, իսկ մենք ավելի շատ բանի հասանք մեր ուժերով», – ընդգծեց Հարությունյանը։

Փորձագետը վստահ է, որ Կենտրոնական բանկի ընթացիկ կարգավորումն ուղղված է կրիպոարժույթի ոլորտի դեմ պայքարին։ «Իսկ մենք կպայքարենք դրա դեմ», – ավելացրեց նա։

Հայկական կրիպտոէկոհամակարգ. ինքնակարգավորման հաջողություն

ՏՏ բլոգեր Արտակ Սահակյանն իր հերթին նշեց հայկական WEB3 հատվածում ինքնակարգավորման բարձր մակարդակը. «Մենք ունենք համայնքներ, որոնք ստեղծվել են օգտատերերի կողմից՝ կրիպտոմշակույթին սովորելու և այն տարածելու համար։ Այս տեսանկյունից մեր ոլորտը հաջողության է հասել», – ասաց նա։

Վերջին ամիսներին միջազգային կրիպտոբորսաները ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ։ «Նրանք նկատում են հետաքրքիր միտումներ և ուժեղ մասնագետներ Հայաստանում։ Մենք ունենք մի քանի ընկերություններ, որոնք նշանակալի դեր են խաղում համաշխարհային մասշտաբով», – ընդգծեց բլոգերը։

Layerswap-ի համահիմնադիր և CEO Արամ Քոչարյանը նշեց հայկական կրիպտոարժութային ոլորտի երկու հիմնական ուղղությունները՝ կրիպտոարժույթի շրջանառությունը և տեխնոլոգիաները։

«Կրիպտոարժույթները նորարարական տեխնոլոգիա են՝ ամբողջ ֆինանսական համակարգը վերափոխելու համար։ Շատ ծրագրավորողներ, ինժեներներ և կրիպտոգրաֆներ ունեցող փոքր երկրների համար սա հսկայական առավելություն է», – նշեց նա։

Փորձագետը կոչ արեց հենց հիմա ներդրումներ կատարել կրիպտոխնդիրների համար լուծումներ գտնելու նպատակով։ «Երբ կրիպտոարժույթները դառնան գլոբալ ֆինանսական համակարգ, Հայաստանը կունենա պատրաստի լուծումներ ամբողջ աշխարհի համար։ Սա երկրի համար հիմնական ուղղություն է, որը, ցավոք, պատշաճ ուշադրության չի արժանանում», – կարծում է Քոչարյանը։

Խարդախությունը գլխավոր սպառնալիքն է

Մասնագետների կարծիքով, հիմնական խնդիրներից մեկը խարդախությունն է։ «Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք ստեղծում են ֆինանսական բուրգեր հետաքրքիր կրիպտոծրագրերի քողի տակ», – զգուշացրեց Քոչարյանը։ Նա ընդգծեց նոր գիտելիքների անհրաժեշտությունը՝ հաճախորդներին խարդախությունից պաշտպանելու համար։

Բանկեր և կրիպտոարժույթ. առճակատումից մինչև սիմբիոզ

Հանդիպման մոդերատոր, Cilicia ընկերության թվային ֆինանսների ղեկավար Անդրանիկ Թողրամաջյանը հարց բարձրացրեց. արդյո՞ք երկրի կրիպտոհամայնքը գտնվում է բաժանման կետում և ո՞ւր կտանի դրա զարգացումը։

Յունիբանկի ներկայացուցիչ Վախթանգ Աբրահամյանը հայտարարեց, որ կրիպտոոլորտում քաղաքացիների մասնակցության համար ֆորմալ խոչընդոտներ չկան՝ գործընթացի գրագետ կազմակերպման դեպքում։ Գլխավորը սովորեցնել մարդկանց պահպանել կանոնները։

«Եթե դու գալիս ես բորսա հինգ բիթքոյնով, պետք է պատրաստ լինես պարզաբանել դրանց ծագումը։ Այստեղ առաջանում են հակասություններ լիբերալ տրամադրված համայնքի հետ, որը կրիպտոարժույթը հակակշիռ է համարում ավանդական ֆինանսական համակարգին։ Մենք հնարավոր ենք համարում լավ սիներգետիկ էֆեկտ», – պարզաբանեց Աբրահամյանը։

SkyLabs-ի ներկայացուցիչ Լևոն Առաքելյանը նշեց կրիպտո և ֆինանսական համայնքների աշխատանքի մեխանիզմների տարբերությունները, սակայն վստահություն հայտնեց կրիպտոարժույթների և դասական ֆինանսական աշխարհի սիմբիոզի մեկնարկի հարցում։

Թողրամաջյանը շեշտեց Հայաստանի ֆինանսական ոլորտի պահպանողականությունը. «Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե ֆինանսական հատվածը օգտատերերի հարցումներով է մղվում կրիպտոարժույթի հետ աշխատելուն: Հիմա այդ ուղղությունը մեծ թափ է հավաքում»:

Աճող հետաքրքրություն դիվերսիֆիկացման նկատմամբ

Wilco Wealth Management-ի գլխավոր մենեջեր Դավիթ Գասպարյանը նշեց պորտֆելների դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին մարդկանց շրջանում աճող իրազեկվածությունը: «Դա գիտակցելուց հետո մարդիկ անմիջապես արձագանքեցին: Այսօր լայն հետաքրքրություն կա կրիպտոարժույթներում ազատ միջոցների ճիշտ կառավարման նկատմամբ», – ասաց նա:

Գասպարյանը գրեթե չի կասկածում, որ առաջիկա տասնամյակում կրիպտոարժույթը կդառնա անփոխարինելի գործիք յուրաքանչյուր մարդու համար։

Incore–ի զարգացման գծով տնօրեն Դավիթ Դավթյանը նշեց տարածաշրջանային իրադարձությունների ազդեցությունը ֆինանսական ինստիտուտների կառուցվածքի վրա։ «Գտնվելով Երևանում՝ մենք հնարավորություն ունենք աշխատել միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ։ Ավելի հաճախ ենք տեսնում թվային ակտիվների հետ աշխատելու պահանջարկ. բազմաթիվ կորպորատիվ և մասնավոր հաճախորդներ օգտագործում են կրիպտոարժույթը որպես վճարման միջոց», – ասաց նա։

Լիցենզավորում և հեռանկարներ

Apricot Capital –ի գլխավոր–գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը հայտնեց, որ մինչև տարեվերջ ենթաօրենսդրական ակտերի պատրաստ լինելուց հետո ներդրումային ընկերությունները կկարողանան դիմել Կենտրոնական բանկ՝ կրիպտոծառայություններ մատուցելու լիցենզիա ստանալու համար։

Արցախբանկի ղեկավարի խորհրդական Վիգեն Բարսեղյանը ընդունեց նոր օրենսդրության խստությունը հատկապես բանկերի լիցենզավորման առումով։ Օրենքի համաձայն՝ բանկերը չեն կարողանա ուղղակիորեն մատուցել կրիպտոծառայություններ. դրա համար հոլդինգային խմբերը պետք է ստեղծեն նոր ընկերություններ և ստանան առանձին լիցենզիաներ։

«Բանկերը՝ որպես ֆինանսական համակարգի ավանդական ներկայացուցիչներ, չեն կարող մի կողմում մնալ: Օրենսդրության չափազանց կոշտության հարցում համայնքի մտահոգությունները ժամանակի ընթացքում կանհետանան: Սկիզբը միշտ դժվար է, ընթացքում հարցերը լուծվում են», – լավատեսություն հայտնեց Բարսեղյանը:

Բանկային հատվածը պատրաստ է փոփոխությունների

Վախթանգ Աբրահամյանը խիստ օրենսդրությունը խոչընդոտ չի համարում։ «Օրենքը բարդացնում է գործընթացները, բայց տեղեկատվական անվտանգությունը նույնպես բարդացնում է կյանքը, սակայն դա անհրաժեշտ է։ Առարկայական հետաքրքրության դեպքում համատեղ նախագծերի լուծումներն անսահմանափակ են», – նշեց նա։

Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչ Անի Համբարձումյանը բացատրեց բանկային ոլորտի դիրքորոշումը. «Բանկերը գործում են տեղական և միջազգային խիստ կարգավորման շրջանակում: Շեղումը հղի է լուրջ հետևանքներով: Կենտրոնական բանկը փորձել է կարգավորել անընդհատ փոփոխվող ոլորտը, բանկերը ժամանակի ընթացքում կարձագանքեն դրան»:

Նրա խոսքով՝ բանկային համայնքում արդեն իսկ ի հայտ են գալիս նոր պրոդուկտներ և համագործակցության ուղղություններ։ Նա կարևոր տարր համարեց բանկային աշխատակիցների ուսուցումը կրիպտոարժույթների հետ աշխատելու միջազգային և տեղական փորձի հարցում։

Կոնվերս Բանկի համապատասխանության պատասխանատու Զարուհի Ղազարյանն ընդգծեց, որ բանկերը պատրաստ են զարգանալ։ «Այն պնդումը, թե բանկերը փորձում են խոչընդոտներ ստեղծել, սխալ է։ Մենք հետաքրքրված ենք և ցանկանում ենք գնալ ճիշտ ճանապարհով կարգավորման շրջանակում»։

«Կրիպտոակտիվների մասին» օրենքի մասին

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվներով առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները։ Նախատեսվող կարգավորող մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվների գնորդների իրավունքները և բարձրացնի շուկայի նկատմամբ վստահությունը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img