ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջերս Երևանում տեղի ունեցավ Cilicia բիզնես ակումբի կողմից կազմակերպված կրիպտոարժույթային ակտիվների վերաբերյալ հայկական ֆորումը։ Մասնակիցները քննարկեցին երկրում թվային ֆինանսների ապագան՝ նոր կարգավորման մարտահրավերները, ինքնակարգավորվող համայնքների դերը և ավանդական ֆինանսական համակարգի հետ կրիպտոարժույթի ինտեգրման հեռանկարները։
Cilicia բիզնես ակումբի թվային ֆինանսների բաժնի ղեկավար Անդրանիկ Թողրամաջյանը «ԱՌԿԱ» գործակալությանը պատմել է կրիպտոարժույթի և ֆինտեխի ոլորտում Հայաստանի ներուժի, ոլորտի առջև ծառացած մարտահրավերների և բլոկչեյն տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն դառնալու ՀՀ–ի կարողության մասին։
— Պարոն Թողրամաջյան, որքանո՞վ է Հայաստանը գրավիչ կրիպտոարժույթային կամ ֆինտեխ ստարտափեր գործարկելու համար՝ համեմատած տարածաշրջանի երկրների հետ։
— Ֆինանսական հոսքերի առումով Հայաստանը հետխորհրդային տարածքի ամենախոշոր երկրներից չէ։ Սակայն այստեղ պետք է դիտարկել մարդկային ներուժի և գլոբալ շուկաներ մուտք գործելու հարմարության տեսանկյունից։ Հայաստանից շատ հեշտ է արտահանել մթերք ներքին ենթակառուցվածքի շնորհիվ։
Երկրում թվայնացման մակարդակը բարձր է, ֆինանսական պրոդուկտները պահանջարկ ունեն, և միշտ կան ոլորտներ, որոնք պահանջում են նոր լուծումներ։
— Բլոկչեյնի ոլորտում ի՞նչ միտումներ վճռորող կլինեն առաջիկա 3–5 տարվա ընթացքում։
— Նման ժամկետներով կանխատեսումները բարդ են ոլորտի բարձր անկայունության պատճառով։ Սակայն եթե խոսենք մոտ ապագայի մասին, ես տեսնում եմ երկու առանցքային ուղղություն։
Առաջինը ակտիվների տոկենացումն է։ Կարգավորման ներդրումից հետո այն թույլ կտա ներգրավել խոշոր միջազգային ներդրողների և դարձնել ներքին պահանջարկն ավելի թափանցիկ։
Երկրորդը թվային արժույթներով անկանխիկ վճարումների զարգացումն է։ Սա կհեշտացնի փոխանցումները, իսկ Հայաստանը մեծապես կախված է դրամական փոխանցումներից և արտահանումից։ Մեզ համար ծայրահեղ կարևոր է հնարավորինս պարզեցնել ֆինանսական հաղորդակցությունները։
— Որո՞նք են Հայաստանում կրիպտոարժույթային նախագծերի առջև ծառացած հիմնական մարտահրավերները։
— Կրիպտոոլորտը երկրում առկա է բավականին երկար ժամանակ, պարզապես նախկինում այն գտնվում էր չկարգավորվող գոտում։ Կան արտաքին գործոններ՝ գլոբալ շուկաների վարքագիծը, և ներքին գործոններ՝ կարգավորման հնարավոր խստացում։ Հաշվի առնելով, որ ենթաօրենսդրական ակտերը նոր են մշակվում, հնարավոր է թեքություն ցանկացած ուղղությամբ։
Մեր գլխավոր առավելությունը կապն է այլ երկրների հետ, որտեղ ապրում են հայեր։ Մենք ցանցային ժողովուրդ ենք, և դա թույլ է տալիս արագ տարածել գաղափարներ, կազմակերպել միջոցառումներ, իրականացնել նախագծեր։
— Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի կողմից ընդունված «Կրիպտոակտիվների մասին» օրենքը։
— Կգնահատեմ երկու չափանիշով։ Արտաքինից օրենքը կարևոր է և արդիական՝ այն սահմանում է խաղի կանոնները միջազգային մասնակիցների համար՝ բորսաներ, ինստիտուցիոնալ ընկերություններ, բանկեր, թրասթ–ֆոնդեր։
Բայց կան ներքին հարցեր։ Հայաստանի բանկային համակարգը պահպանողական է, ինչը լավ է, բայց որոշ հատվածներում այն պետք է ավելի լիբերալ լինի։ Հաշվի առնելով արևմտյան չափանիշների ընդհանուր միտումը, կարծում եմ, որ ԱՄԷ-ի, Վրաստանի և Սինգապուրի կարգավորման վրա կենտրոնանալն ավելի լավ կլիներ, քան եվրոպական մոտեցումը, ինչը մեծապես խստացնում է նորմերը և դժվարացնում ստարտափերի կյանքը։
— Ինչո՞ւ եվրոպական մոտեցումը հարմար չէ։
— Լիցենզիաներ ստանալու համար կպահանջվի մեծ գումար և ռեսուրսներ, պետք է հետևել բազմաթիվ կանոնների։ Հաշվի առնելով մեր մտածելակերպը՝ փոխանակման գործառնությունների մեծ մասը գնում է մոխրագույն և սև շուկա։
Արտաքին պատկերը լավ տեսք ունի, բայց ներսում խնդիրներ կան։ Նման միջոցառումներով մենք փորձում ենք մեր կարծիքը փոխանցել Կենտրոնական բանկին։
— Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը բարենպաստ էկոհամակարգ ստեղծելու համար։
— Կարգավորողը պետք է ուսումնասիրի այն երկրների գործելակերպը, որոնց հետ մենք մեծ ապրանքաշրջանառություն ունենք։ Խնդիրը նոր դերակատարներ ներգրավելը չէ, նրանք իրենք կգան, այլ՝ առկա տնտեսական հարաբերությունները ամրապնդելը։
Եվրոպայի հետ բազմատրիլիոնանոց բիզնես չունենք։ Սակայն մեծ շրջանառություն ունենք ԱՄԷ-ի, Իրանի, Եվրասիական և Ասիական երկրների հետ։ Լիբերալ կարգավորումը, հաշվի առնելով մեր փոքր չափերը, թույլ կտար ներգրավել լրացուցիչ կապիտալ և ուղղորդել այդ հոսքերը Հայաստանի միջով։
Հիմա կարգավորումը չափազանց խիստ է։ Շատ միջազգային դերակատարներ երկու անգամ կմտածեն մեր շուկա գալուց առաջ։ Շուկան փոքր է, և կարող է պարզվել, որ այստեղ լիցենզիա ընդհանրապես անհրաժեշտ չէ։ Ամերիկայում և Եվրոպայում լիցենզիա ստանալը դժվար է, բայց այնտեղ կան բազմամիլիոնանոց շուկաներ։
— Ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը միջազգային կրիպտոարժութային շուկաներին ինտեգրվելու համար։
— Ունենք լավ հեռանկարներ և մեծ ներուժ, բայց անհրաժեշտ է հավասարակշռված, նպատակաուղղված քաղաքականություն։ Դեռևս ամենաբարձր մակարդակով փորձում են այս հատվածը հնարավորինս համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։ Բայց, ցավոք, մենք շուկայի ծավալներով Եվրոպա չենք։
— Ո՞ր ոլորտներում են կրիպտոարժույթները առավել արդյունավետ կիրառվում Հայաստանում։
— Պետական գնումներ, որտեղ անհրաժեշտ է լրացուցիչ թափանցիկություն։ Գործընկերների հետ արտահանման-ներմուծման գործունեություն, որտեղ պահանջվում է գործարքների թվային պատմություն։ Ներդրումների ներգրավում. շատերն արդեն կրիպտոարժույթային ներդրումներ են ստանում տարբեր երկրներից։
Հայաստանն ունի թրեյդինգի շատ ուժեղ դպրոց։ Չնայած երկրի փոքր չափերին, մենք ծանրակշիռ տեղ ենք զբաղեցնում ԱՊՀ-ում կրիպտոթրեյդերների թվով։ Նրանք գրանցում են շատ մեծ ծավալներ, և բոլոր բորսաները գիտեն այդ մասին։
— Կա՞ն ծավալների վերաբերյալ կոնկրետ թվեր։
— Բազմամիլիոնանոց ծավալներ։ Հստակ թվեր կան, բայց դրանք հրապարակայնորեն գնահատելը դժվար է։
— Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ բլոկչեյն տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն։
– Իհարկե։ Նայեք Վրաստանին. այնտեղ ներդրել են կրիպտոարժույթային կարգավորում, կան ակտիվ համայնքներ, բազմաթիվ միջոցառումներ և ընկերություններ։ Բայց մասնավոր բիզնես նախաձեռնության շնորհիվ նրանցից շատերը սկսեցին գալ մեզ մոտ։
Խնդիրն այն է, որ մենք չենք կարող դառնալ միայն մեկ ոլորտի կենտրոն։ Անհրաժեշտ է նպատակաուղղված քաղաքականություն՝ բոլոր դերարակատարների մասնակցությամբ՝ սկսած էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններից մինչև Կենտրոնական բանկ և բարձրագույն քաղաքական ղեկավարություն։ Ցավոք, մենք դեռևս բոլորի մոտ չենք տեսնում նման ցանկություն։