Tue, 23 December
0.1 C
Yerevan
USD: 381.55 RUB: 4.87 EUR: 450.11 GEL: 141.58 GBP: 515.63

Հայաստանում ֆինանսական կարողություններն աճել են՝ գերազանցելով թիրախային ուղենիշները. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ Հայաստանում ֆինանսական կարողություններն աճել են, իսկ սահմանված ազգային թիրախային ուղենիշները ոչ միայն ձեռք են բերվել, այլև գերազանցվել են. հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը «ՀՀ բնակչության ֆինանսական կարողությունների գնահատում» 3-րդ ազգային հետազոտության (բարոմետրի) արդյունքների ներկայացման շրջանակում։

Նոր հնարավորությունները պահանջումեն նո րհմտություններ

«Ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025 թվականին հասել է 56,5%-ի, ինչը բարձր է թե՛ 2025 թվականի համար սահմանված 50% թիրախային ցուցանիշից, թե՛ 2031 թվականի համար նախատեսված 55% երկարաժամկետ թիրախից։ Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարիների ընթացքում կրթական ծրագրի երկրորդ փուլի արդյունքներով, ֆինանսական կարողությունների ինդեքսն աճել է 9,7 տոկոսային կետով», — ասել է նա Հայաստանում Ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) մշակման և իրականացման հանձնաժողովի նիստում:

Միևնույն ժամանակ, ըստ Գալստյանի, այս դրական դինամիկայի հետ մեկտեղ կան նաև ոլորտներ, որտեղ դեռ շատ անելիքներ կան։

«Առաջին հերթին դա վերաբերում է պարտքային վարքագծին կամ չափազանց մեծ պարտքերի կուտակման ռիսկերին: Հարցվածների մոտ 56%-ն ունեցել է պարտք, իսկ վարկ ունեցողների շրջանում ժամկետանց պարտավորություններ ունեցողների մասնաբաժինը կազմել է 19%: Սկզբունքորեն մարդիկ փոխառությունների մասին ճիշտ են մտածում, սակայն իրական որոշումները երբեմն հակասում են դրան», – պարզաբանել է նա։

Մյուս ուղղությունը, ինչպես նշել է ԿԲ ղեկավարը, հարցվածների չափազանց մեծ վստահությունն է զեղծարարությանը հակազդելու հարցերում, երբ մարդիկ վստահ են իրենց ֆինանսական որոշումներում, բայց միշտ չէ, որ տիրապետում են բավարար խորը գիտելիքների։

«Հարցումների արդյունքներով մարդկանց 93%-ը նշել է, որ մերժում է կասկածելի ֆինանսական առաջարկները, իսկ 89%-ը չի փոխանցում իր PIN-կոդերը այլ անձանց: Մինչդեռ, ըստ հարցումների, մարդկանց միայն 55%-ն է կարողանում նշել ֆինանսական զեղծարարության գոնե մեկ տեսակ, իսկ մատակարարների լիցենզիան ստուգում է հարցվածների ընդամենը 13%-ը։ Սրանից ակնհայտ է դառնում, որ հարցվածները կարծում են, թե ի վիճակի են պաշտպանել իրենց, բայց, մյուս կողմից, ակնհայտ է գիտելիքների զգալի բացի առկայությունը», — ասել է նա:

Գալստյանը նաև հայտարարել է, որ այսօր ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ու օգտագործումն էապես աճել են, թվային գործառնությունները դարձել են առօրյա։ Սա ստեղծում է նոր հնարավորություններ, բայց միաժամանակ պահանջում է ավելի բարձր ֆինանսական կարողություններ և պատասխանատու վարքագիծ։

«Մենք անալոգային աշխարհից անցնում ենք թվայինի, և հիգիենայի այն կանոնները, որոնց հաճախ հետևում ենք առօրյա կյանքում, չափազանց կարևոր է տեղափոխել նաև թվային միջավայր», — նշել է ԿԲ նախագահը։

Այս համատեքստում Գալստյանը կարևորել է այն, որ ֆինանսական կրթությունը մնում է առանցքային գործիք ֆինանսական համակարգի զարգացման կայունության և ներառականության ապահովման համար։

«Հատկապես կարևոր է, որ այս գործընթացն իրականացվում է կրթական համակարգի հետ սերտ համագործակցությամբ՝ ձևավորելով այն հիմքը, որի վրա կառուցվելու են ապագա սերունդների ֆինանսական որոշումները», — հայտարարել է նա:

Ապագայի խնդիրները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշել է, որ ֆինանսական կրթությունը դառնում է ժամանակակից կրթության և գրագետ մարդու կարևորագույն ցուցանիշներից մեկը։

«Ֆինանսական գրագիտությունը ոչ միայն օգնում է յուրաքանչյուր մարդու պլանավորել և կազմակերպել սեփական կյանքը, այլև ձևավորում է հասարակական միջավայր, որտեղ անհնար են կամ զգալիորեն ավելի հազվադեպ են հնարավոր, օրինակ, ֆինանսական զեղծարարությունները, զգալիորեն ավելի հազվադեպ են առաջանում աղքատության թակարդները, որոնք ձևավորվում են ոչ բավարար ֆինանսական գրագիտության հիման վրա», — ասել է նա:

Նախարարը կարծում է, որ հաջորդ փուլի ամենակարևոր խնդիրներից մեկը կլինի ավելի ինտեգրված մոտեցումը, քանի որ ֆինանսական գրագիտությունը դառնում է անբաժանելի մեդիագարգիտությունից։

«Թվային միջավայրում, առցանց հարթակներում ֆինանսական գործիքների շարունակական ընդլայնումը անխուսափելի է դարձնում այս երկու ուղղությունների համադրումն ու միավորումը», — պարզաբանել է նա:

Որպես երկրորդ նպատակ՝ նախարարը նշել է դպրոցահասակ երեխաների հետ աշխատանքը, քանի որ դրա շնորհիվ բարձրանում է ընտանիքների ֆինանսական գրագիտությունը։

Շեշտադրում նոր մարտահրավերների վրա

ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական, Հայաստանում Ֆինանսական կրթման ծրագրի (ՖԿԾ) մշակման և իրականացման հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղահրամանյանի խոսքով՝ Ազգային բարոմետրի երրորդ գնահատման արդյունքներն արտացոլում են ոչ միայն հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակը գիտելիքների տեսանկյունից, այլև ներկայացնում են հմտությունները, վարքագիծը և վերաբերմունքը ֆինանսների կառավարման հարցում։

«Իրականացվել են տարբեր միջոցառումներ՝ սկսած դպրոցահասակ երեխաների ուսուցումից. կիրառվել է շատ համակարգված մոտեցում՝ ֆինանսական կրթության տարրերի ներառում դասագրքերում, կոնկրետ առարկաներում, որոնք առաջին հայացքից կարող են թվալ ֆինանսական կրթությանը չվերաբերող, բայց իրականում առնչվում են սպառման և խնայողությունների հարցում մարդու վարքագծին, ինչը ի վերջո հանգեցնում է ցանկալի վարքագծի ձևավորմանը, որի դեպքում մարդը պետք է կարողանա ինքնուրույն վերլուծել և որոշումներ կայացնել», — ասել է նա:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Ղահրամանյանը նշել է, որ բարոմետրը վեր է հանել զեղծարարության հետ կապված նոր մարտահրավերներ, որոնց վրա պետք է շեշտադրում կատարել ֆինանսական կրթության այլ ծրագրերի շրջանակում։

Ազգային բարոմետրի մասին

Ֆինանսական կրթման ծրագիրը, որը Հայաստանում իրականացվում է 2014 թվականից Կենտրոնական բանկի կողմից՝ գործընկեր-շահառուների հետ համատեղ, նպատակաուղղված է աջակցել բնակչությանը ֆինանսական գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը, անձնական ֆինանսների առավելագույն արդյունավետ կառավարման և ֆինանսական բարեկեցության հասնելու համար անհրաժեշտ վարքագծի ձևավորմանը:

Ծրագիրն ունի 20-ամյա հեռանկար և անցկացվում է 4 փուլով։ Մինչ օրս իրականացվել է երկու փուլ (2014-2019թթ. և 2021-2024թթ.), որոնցից յուրաքանչյուրի արդյունքներով մշակվել է գործողությունների պլան։ Ընթացիկ՝ 3-րդ Ազգային բարոմետրն անցկացվել է մինչև 2031 թվականի գործողությունների պլանի պատրաստման համար, նպատակ ունի գնահատել բնակչության ֆինանսական կարողությունների մակարդակը 2025 թվականի դրությամբ, իրականացնել նախորդ երկու հետազոտությունների հետ համեմատական վերլուծություն, ինչպես նաև վեր հանել ֆինանսական կրթության առաջնահերթությունները՝ 2027-2031թթ. պլանի մշակման համար:

ՖԿԾ-2025-ն անցկացվել է 18 տարեկանից բարձր 1535 հարցվածների շրջանում՝ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։ 116 հարցից բաղկացած հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

Բավրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img