Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ «Յունիբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ամփոփվեցին Բանկի գործունեության 2025 թվականի արդյունքները, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Հաշվետու տարին Յունիբանկի համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով և ռազմավարական նախաձեռնությունների իրականացմամբ:  

Հաշվետու տարում լրացավ Յունիբանկի IPO-ի իրականացման տասը տարին։ Այս ժամանակահատվածում Բանկի բաժնետոմսերի շուկայական արժեքն աճել է շուրջ 70%-ով, ինչը վկայում է հետևողական աճի, ներդրողների վստահության և բաժնետերերի համար երկարաժամկետ արժեքի ստեղծման մասին։

Յունիբանկը Հայաստանում առաջինն էր, որ թողարկեց անժամկետ պարտատոմսեր և ավարտեց դրանց տեղաբաշխումը սահմանված ժամկետից զգալիորեն շուտ։ Ներդրողների կողմից ցուցաբերված բարձր հետաքրքրությունն արտացոլում է շուկայի վստահությունը Բանկի հետագա զարգացման հեռանկարների նկատմամբ։

Յունիբանկը 2025 թվականն ավարտել է 9,8 մլրդ ՀՀ դրամ զուտ շահույթով։ Բաժնետերերի ժողովը որոշում կայացրեց շահութաբաժինների վճարմանն ուղղել 9,3 մլրդ դրամ։

Հաճախորդների համար առաջին ընտրության բանկ դառնալու ձգտումը շարունակում է մնալ Յունիբանկի հիմնական առաջնահերթություններից մեկը։ Այդ նպատակով Բանկը հետևողականորեն զարգացնում է ինչպես մասնաճյուղային ցանցը, այնպես էլ սպասարկման թվային ուղիները՝ ապահովելով ֆինանսական ծառայությունների հասանելիությունը՝ անկախ հաճախորդի և Բանկի փոխգործակցության ձևաչափից։ Այսօր Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ ամբողջությամբ առցանց՝ մոբայլ հավելվածում անցնելով կենսաչափական նույնականացում։

Արհեստական բանականության տեխնոլոգիաները հետագա զարգացման կարևոր գործիք են, և Յունիբանկը շարունակելու է ժամանակակից լուծումների ներդրումը՝ բիզնես գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Յունիբանկը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում առաջիններից մեկն էր, որը ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված սկորինգային համակարգ, ինչը Բանկին հնարավորություն տվեց զբաղեցնել առաջատար դիրքեր տրամադրված POS վարկերի քանակով։

Փոքր և միջին բիզնեսի աջակցությունը շարունակում է մնալ Բանկի գործունեության ռազմավարական ուղղություններից մեկը։ Յունիբանկը ձեռնարկատերերին առաջարկում է համապարփակ աջակցություն բիզնեսի զարգացման բոլոր փուլերում՝ ընկերության գրանցումից և հաշիվների բացումից մինչև վարկավորում, լիզինգ, էքվայրինգ և ժամանակակից թվային ծառայություններ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ՓՄՁ ներկայացուցիչներին ստանալ ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթը մեկ գործընկերոջից և կենտրոնանալ իրենց բիզնես նպատակների իրականացման վրա։

Միջազգային համագործակցության ընդլայնման նպատակով Յունիբանկը հանդես է եկել որպես մի շարք նշանակալի միջազգային միջոցառումների գործընկեր, այդ թվում՝ Սինգապուրում անցկացված BAFT Asia Bank to Bank համաժողովի, Yerevan Dialogue ֆորումի, որը համախմբել էր պետությունների ղեկավարներին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, ինչպես նաև FINTECH360 համաժողովի, որը նվիրված էր ֆինանսական ոլորտի թվային վերափոխման արդիական միտումների քննարկմանը։

2025 թվականի արդյունքներով Յունիբանկն արժանացել է Visa-ի «Strategic Partnership Award 2025» և Mastercard-ի «Excellence in Partnership Development» մրցանակներին:

2026 թվականը Յունիբանկի համար հոբելյանական տարի է լինելու։ Բանկը կնշի իր հիմնադրման 25-ամյակը։ Քառորդ դարի ընթացքում Յունիբանկն անցել է շուկայի նորաստեղծ մասնակցից մինչև Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից մեկի ճանապարհը՝ ապահովելով գրեթե 400 միլիարդ դրամի ակտիվներ։

Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Յունիբանկի  երկարաժամկետ տեղական և արտարժույթով ավանդների վարկանիշը B1 մակարդակում՝ կայուն հեռանկարով։

Բիզնեսի զարգացման հետ մեկտեղ Յունիբանկը շարունակում է իրականացնել նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր։ Բանկի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ սպորտի, կրթության և հասարակական նշանակության նախաձեռնությունները:  

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ եվրոն նվազել է. ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 7-ին  ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հոկտեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.18 կետով՝ կազմելով 362.32 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img