Նուբար Աֆեյանի Moderna–ի բաժնետոմսերը սրընթաց աճել են 124%–ով քաղցկեղի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկման նորությունների ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Moderna բիոտեխնոլոգիական ընկերության ակցիաները ԱՄՆ-ում օգոստոսի 19-ի առևտրաշրջանի մեկնարկին սրընթաց աճել են 123,6%-ով՝ պիկային պահին հասնելով 140,77 դոլարի, վկայում են առևտրային տվյալները:

Գնի աճ են գրանցում նաև Merck դեղագործական ընկերության արժեթղթերը՝ 11,6%-ով՝ հասնելով 150,85 դոլարի, հայտնում է Forbes.ru-ն:

Երկու ընկերությունների գնանշումները սրընթաց աճել են այն բանից հետո, երբ նրանք հայտնել են մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող փորձարկումների մասին: Փորձարարական մՌՆԹ (mRNA) պատվաստանյութը Merck-ի դեղամիջոցի հետ համադրությամբ նվազեցրել է մաշկի քաղցկեղի կրկնության (ռեցիդիվի) և տարածման ռիսկը:

Հետազոտությանը մասնակցել է բարձր ռիսկի կամ տարածված մելանոմայով ավելի քան 1100 պացիենտ, որոնց մոտ քաղցկեղային բջիջները հեռացվել էին վիրահատական ճանապարհով: Սա առաջին դեպքն է, երբ քաղցկեղի դեմ մՌՆԹ պատվաստանյութը դրական արդյունք է ցույց տվել ուշ փուլի հետազոտությունում, գրում է Reuters-ը: Բացի այդ, սա առաջին հետազոտությունն է, որը ցույց է տվել, որ հեռացված մելանոմայով պացիենտների համար նոր դեղամիջոցի համադրումը Keytruda-ի հետ ավելի արդյունավետ է, քան թերապիան միայն վերջինով:

մՌՆԹ պատվաստանյութի հետազոտության միջանկյալ արդյունքները Moderna-ի և Merck-ի համար լավ նախադրյալներ են ստեղծում կարգավորող մարմինների հավանությունը ստանալու համար, նշել է William Blair-ի վերլուծաբան Մայլզ Մինտերը: Նրա խոսքով, սա դրական ազդանշան է այլ տեսակի ուռուցքային հիվանդությունների դեպքում պատվաստանյութի ազդեցության շարունակվող հետազոտությունների համար: Ընկերությունները նախատեսում են կարգավորիչների հետ բանակցությունները սկսել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, CNBC-ի հետ զրույցում հայտնել է Merck-ի հետազոտական ստորաբաժանման ղեկավար Դին Լին:

Փորձարկումների արդյունքները, հավանաբար, կթուլացնեն ներդրողների մտահոգությունները երկու ընկերությունների աճի երկարաժամկետ աղբյուրների վերաբերյալ, գրում է Reuters-ը: Moderna-ն աճի նոր դրայվերներ է փնտրում կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութից հետո, իսկ Merck-ին ընթացիկ տասնամյակի վերջում սպասվում է Keytruda-ի արտոնագրային պաշտպանության կորուստ:

Նուբար Աֆեյանը Moderna-ի համահիմնադիրն է և տնօրենների խորհրդի նախագահը:

Ընկերությունը ստեղծվել է 2010 թվականին Flagship Pioneering վենչուրային ընկերության շրջանակում, որի հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է Աֆեյանը: Flagship-ը մասնակցել է Moderna-ի գիտական հայեցակարգի ձևավորմանը, դրա գործարկմանը և սկզբնական ֆինանսավորմանը:

Ընդ որում, Աֆեյանը չի ղեկավարում Moderna-ի ամենօրյա գործունեությունը. ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Ստեֆան Բանսելը: Աֆեյանի դերը կապված է առաջին հերթին ռազմավարական կառավարման և տնօրենների խորհրդի աշխատանքի հետ:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Ակբա բանկը մինչև 2027 թվականի փետրվարի 20-ը ներառյալ հրապարակային առաջարկով երկուական տրանշով տեղաբաշխում է ընդհանուր 10,000,000,000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ և ընդհանուր 10,000,000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար ծավալով արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img