ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականին Հայաստանը կարող է դառնալ աշխարհում ամենացածր գնաճ գրանցած երկրորդ երկիրը։ Նման կանխատեսում է նշված ԱՄՀ-ի 236 երկրների ուսումնասիրության մեջ։
Այսպիսով, ամենացածր գնաճ ունեցող երկրների հնգյակում են Կոստա Ռիկան՝ 0,3% ցուցանիշով, Հայաստանը (0,2%), Չինաստանը (0,4%), Բրունեյ Դարուսսալամը (0,5%) և Թաիլանդը (0,5%)։ Երկրների թվում, որտեղ ընթացիկ տարվա համար կանխատեսվում է ցածր գնաճ, ներառված են նաև Կամբոջան (0,7%), Լիտվան (0,9%), Սալվադորը (1%), Կատարը (1%), Մակաոն (1,1%), Վրաստանը (1,1%) և Բահամյան կղզիները (1,1%)։
Ամենաբարձր գնաճ ունեցող 5 երկրներն են՝ Զիմբաբվե (635,3%), Արգենտինա (229,8%), Սուդան (200,1%), Հարավային Սուդան (120,6%) և Թուրքիա (60,9%)։ Բարձր գնաճ ունեցող երկրների թվում են Վենեսուելան (59,6%), Սիերա Լեոնեն (36,6%), Եգիպտոսը (33,3%), Նիգերիան (32,5%), Իրանը (31,7%) և Մալավին (30,6%)։
Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեում գնաճը սահմանվել է 4% (±1,5%)։ Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա սեպտեմբերին Հայաստանի սպառողական շուկայում գնաճը, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է 0,6%։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության այս տարվա երրորդ եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճն ակնկալվում է 2,1-2 տոկոսի սահմաններում, 2025-ի կանխատեսումը 4-3,2 տոկոս է, 2026 թվականին՝0 4.2 -3.8%, 2027-ին՝ 4%։