Thu, 5 February
-3.9 C
Yerevan
USD: 378.26 RUB: 4.93 EUR: 446.88 GEL: 140.65 GBP: 518.67

Հայկական դրամը նախորդ շաբաթ իր մրցակիցների համեմատ աութսայդերի դիրքում էր

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթը հայկական արժութային շուկայում անցել է ամերիկյան դոլարի առատ գնումների ֆոնի ներքո: Ներկրողների կողմից բարձր պահանջարկի ֆոնի ներքո՝ ամերիկյան արժույթի փոխարժեքի աճի հեռանկարը դրդեց շուկայի մասնակիցներին նախապատվությունը տալ հենց դոլարին:

NASDAQ OMX Armenia բորսայում թրեյդերների ակտիվությունն իր գագաթնակետին հասավ չորեքշաբթի՝ հունվարի 19-ին, երբ ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը հասավ իր վեցամսյա առավելագույն կետին՝ 369,36 դրամի: Այդ օրը դոլարով առքուվաճառքի ծավալը կազմել է 10,11 միլիոն ԱՄՆ դոլար:

Սակայն չպահպանելով այս մակարդակը՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ շաբաթվա վերջին անկում ապրեց: Մեր կարծիքով՝ այս ամենի պատճառն էր ՀՀ ԿԲ-ի միջամտությունը, որը ետ պահեց ազգային արժույթի փոխարժեքն ավելի լուրջ անկումից:

Արդյունքում, նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը աճեց 0.26 տոկոսով՝ հասնելով 366,45 դրամի: Նույն ժամանակահատվածում առքուվաճառքի ծավալը կազմել է 16,51 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ շաբաթվա համեմատ 27,36 տոկոսով պակաս է: Առքուվաճառքի ծավալի նվազումը պայմանավորված է նախորդ շաբաթ համեմատության բարձր բազայով:

Նախորդ շաբաթ ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 0,43 տոկոսով և շաբաթ օրը՝ հունվարի 22-ին, կազմել 368,29 դրամ: Ներկրողների կողմից դոլարի նկատմամբ բարձր պահանջարկի և այս ժամանակաշրջանի համար ավանդական դարձած դեպի Հայաստան կատարվող փոխանցումների ծավալների նվազման ֆոնի ներքո ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի փոխարժեքը, հավանաբար, կձգտի 370,0 դրամի: Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքի տատանման կանխատեսվող սահմանը 367,0-370,0 դրամն է:

Հայկական արժութային շուկայում այլ արտարժույթների, մասնավորապես, եվրոյի դինամիկան սահմանվում էր FOREX արժույթի միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ եվրո/դոլար զույգի փոխարժեքը նախորդ շաբաթ ավելացավ 1,82 տոկոսով՝ հասնելով 1,3616-ի:

Առևտրային շաբաթվա սկզբում ԱՄՆ դոլարին հաջողվեց դիմագրավել եվրոյի ճնշմանը, քանի որ շուկայի մասնակիցները Եվրոպայի ֆինանսների նախարարների երկօրյա հանդիպման արդյունքում եվրոյի մասին լավ լուրեր չէին սպասում: Արդյունքում, երկուշաբթի ԱՄՆ դոլարին FOREX շուկայում հաջողվեց հասնել շաբաթվա առավելագույն կետի՝ 1,3243-ի:

Սակայն երեքշաբթի օրվանից եվրոն վերականգնեց իր աճը: Այս ամենի պատճառն էին Եվրոպայից ստացվող դրական լուրերը: ZEW գերմանական ինստիտուտից ստացվող Գերմանիայի գործարար միջավայրում հունվար ամսվա տրամադրվածությունների ինդեքսը հասավ 15,4 մակարդակի՝ կանխատեսվող 7,0 մակարդակի փոխարեն: Նախորդ շաբաթ եվրոյին լրացուցիչ աջակցություն ցուցաբերեց նաև ԱՄՆ-ից ստացված ոչ սփոփիչ մակրոտնտեսական վիճակագրությունը: Այսպես, Նահանգներում հունվարին արտադրական ինդեքսը կազմեց միայն 11,92՝ կանխատեսվող 12,57-ի փոխարեն, իսկ դեկտեմբերին նոր բնակարանների հիմքերի դրման քանակությունը տարեկան արտահայտմամբ աճեց միայն 529 հազարով՝ կանխատեսվող 550 հազարի փոխարեն:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո՝ նախորդ շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն ավելացել է 1,12 տոկոսով՝ հասնելով 499,86 դրամի: Առաջիկա շաբաթվա ընթացքում աշխարհում և, համապատասխանաբար, Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող լուրերով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի նիստը, որը նվիրված է տոկոսադրույքի հարցին, 2010 թ.-ի չորրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալների փոփոխության մասին նախնական տվյալների, դեկտեմբերի ընթացքում բնակարանային հատվածի տվյալների, ինչպես նաև հունվարին սպառողական վստահության ինդեքսի հրապարակումը:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի արժեքի աճը կարող է շարունակվել: FOREX շուկայում ամենամոտ նպատակը 1,3700 մակարդակն է, իսկ գնանշման այդ մակարդակին հասնելու դեպքում միասնական եվրոպական արժույթը արդեն կձգտի 1,4000-ի: Հայաստանում առաջիկա շաբաթվա ընթացքում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքը կարող է հասնել 503-513 դրամի:

Հայաստանում նախորդ շաբաթ ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը ավելացել է 0,56 տոկոսով՝ հասնելով 12,42 դրամի: Այս ամենը պայմանավորված է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով, ինչպես նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեքի նվազմամբ:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ից դրական վիճակագրության սպասման դեպքում Brent տեսակի նավթը, հավանաբար, կրկին կհասնի մեկ բարելի դիմաց 100 դոլարի, ինչը կաջակցի ռուսական ռուբլուն: Այս ամենի ֆոնի ներքո Հայաստանում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը կարող է հասնել 12,80 դրամի:

Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում գրանցվել են գործարքներ միայն ԱՄՆ դոլարով, այլ արտաժույթներով, մասնավորապես եվրոյով և ռուսական ռուբլով գործարքներ չեն իրականացվել:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս նվազել է 1․34 կետով և կազմել 451․38 դրամ, ռուբլին նվազե է 0․0․159 կետով և կազմել 4․9828 դրամ

Մալդիվների փաթեթներ ու Apple սարքեր՝ Բիբլոս Բանկ Արմենիայի հավատարիմ հաճախորդներին(ՖՈՏՈ)

Հունվարի 30-ին ամփոփվեց Բիբլոս Բանկ Արմենիայի Mastercard քարտապանների համար կազմակերպված «Շահելու հերթը քոնն է» արշավը

ԿԲ–ն վերանայել է անկանխիկ վճարումների առավելագույն միջնորդավճարները

Կենտրոնական բանկի խորհուրդը նախորդ շաբաթ որոշել է վերանայել (նվազեցնել) այն միջնորդավճարները, որոնք բանկերը գանձում են բիզնեսից անկանխիկ հաշվարկների ժամանակ

Հայաստանի ֆինանսական համակարգը 2026թ․–ի հունվարին. դրամավարկային քաղաքականության, վարկային աճի և պարտքի կայունության հավասարակշռություն

Հունվարին Հայաստանի ֆինանսական համակարգը զարգացել է նախկինում սահմանված մակրոտնտեսական և դրամավարկային ուղենիշների շրջանակում

Եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ բարձրացել են, մինչդեռ դոլարը նվազել է

2026 թվականի փետրվարի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, փետրվարի 3-ի համեմատ, նվազել է 0.18 կետով՝ կազմելով 378.26 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img