Ոսկու և պղնձի գները բարձրանում էին անկում ապրող ԱՄՆ դոլարի ֆոնի ներքո. մետաղի շուկա

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթվա սկզբին ոսկու գնանշումը ճնշման տակ էր, ինչի պատճառը ԱՄՆ-ից ստացված վիճակագրական բացասական տվյալներից հետո ամերիկյան տնտեսության վերականգնման դանդաղեցման կապակցությամբ շուկայի մասնակիցների վերսկսված մտավախություններն էին:

Այսպես, Empire Manufacturing-ի մայիսյան արտադրական համաթիվը նվազել է՝ հասնելով 11,88-ի՝ ապրիլի գրանցված 21,70-ի համեմատ, օտարերկրյա ներդրողների կողմից ամերիկյան երկարաժամկետ արժեթղթերի գնման զուտ ծավալը մարտին նվազել է՝ հասնելով 24 միլիարդի՝ 27,25 միլիարդի համեմատ, իսկ արդյունաբերական արտադրության ծավալն ապրիլին չի փոխվել՝ 0,4 տոկոս կանխատեսված աճի համեմատ:

Ոսկու արժեքի վրա լրացուցիչ ճնշում գործադրեցին նավթի նվազող գները: Այս ամենի հետևանքով ոսկու գնանշումը հասավ շաբաթվա իր ամենացածր ցուցանիշին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1471,70 ԱՄՆ դոլարի:

Սակայն նախորդ շաբաթվա երկրորդ կեսին ոսկին կարողացավ վերականգնել իր դիրքերը: Fitch վարկանիշային գործակալության հայտարարության ֆոնի ներքո, որը հերթական անգամ նվազեցրեց Հունաստանի վարկային վարկանիշը՝ հասցնելով «В+»-ի բացասական կանխատեսմամբ, եվրագոտում պարտքային ճգնաժամի կապակցությամբ շուկայի մասնակիցների ուժգնացող մտավախություններն աջակցեցին ոսկու արժեքին: Ապրանքահումքային ակտիվների մեծամասնության արժեքի վերականգնումը ևս աջակցեց ոսկուն: Արդյունքում, նախորդ շաբաթ թանկարժեք մետաղի գինն ավելացավ 1,14 տոկոսով՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1511,85 ԱՄՆ դոլարի:

Մենք ենթադրում ենք, որ ֆինանսական շուկաներում պահպանվող անորոշության ֆոնի ներքո ոսկին կշարունակի պահանջարկ վայլել: Սակայն FOREX շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի դինամիկայի անորոշության ավելացման պատճառով մենք ոսկու փոփոխականության աճ ենք ակնկալում:

Հաջորդ շաբաթ թանկարժեք մետաղի գինը կորոշվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությամբ: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ԱՄՆ-ում բնակարանների առաջնային շուկայի ապրիլյան տվյալների հրապարակումը, ապրիլին երկարատև օգտագործման ապրանքների պատվերների ծավալի փոփոխությունն, ինչպես նաև առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալի տվյալների վերանայուոմը: Եվրագոտուց ակնկալվող նորություններից հետաքրքիր են IFO գերմանական ինստիտուտից ստացվող գործարար միջավայրի պայմանների համաթվի մայիսյան տվյալները:

Եթե ԱՄՆ-ի՝ ՀՆԱ-ի կապակցությամբ դրական սպասումներն արդարանան և ամերիկյան մնացած վիճակագրությունը չհիասթափեցնի, ապա դոլարն աճի ազդակ կստանա՝ նման կերպով ճնշում գործադրելով ոսկու վրա: Այս շաբաթ ոսկու համար աջակցող շեմ կլինի մեկ տրոյական ունցիայի դիմաց 1475,0 ԱՄՆ դոլարը: Իսկ եթե Նահանգներից սպասվող մակրոտնտեսական տվյալները բացասական լինեն, ոսկին կարող է վերականգնել իր աճը: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության շեմ է մեկ տրոյական ունցիայի դիմաց 1542,0 ԱՄՆ դոլարը:

Նախորդ շաբաթ պղնձի արժեքը ֆյուչերսային շուկաներում ավելացավ 2,45 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4,104 ԱՄՆ դոլարի: Այս ամենի պատճառը որոշ ապրանքա-հումքային ակտիվների գների վերականգնումն էր, թույլ դոլարը, ինչպես նաև վերջին հինգ առևտրային օրերի ընթացքում Լոնդոնի մետաղների բորսայում կարմիր մետաղի նվազող բորսային պաշարները:

Սակայն կարմիր մետաղի գնանշումը դեռևս չափազանց խոցելի է, քանի որ չինական պահանջարկի հեռանկարները դեռևս անորոշ են: Չինական տնտեսության աճի հավանական դանդաղեցումը, որը պղնձի խոշորագույն ներկրողն է, կարող է լրջորեն վնասել պղնձի շուկայի մասնակիցների վստահությանը:

Առաջիկա շաբաթ պղնձի արժեքը կսահմանվի ԱՄՆ-ից ստացվող տնտեսական լուրերով: Եթե այս տվյալները, մասնավորապես՝ այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի վերանայված նշանակությունը դրական լինի, ապա պղինձն աճի ազդակ կստանա: ԱՄՆ-ից բացասական տնտեսական տվյալների ստացման դեպքում «թիվ մեկ» տնտեսության դանդաղեցման վերաբերյալ մտավախությունները կուժգնանան, և մետաղի գինը կարող է շարունակել անկում ապրել: Հաջորդ շաբաթ ֆյուչերսային շուկայի պղնձի գնանշումների տատանումների ենթադրվող միջակայքը մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,95–4,25  ԱՄՆ դոլար է։ -0-

Միքայել Վերդյան, Forex Clubի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img