Մետաղի շուկա. ոսկին և պղինձը շարունակում են շրջադարձեր կատարել

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/.Նախորդ շաբաթ ոսկու շուկայում գների բարձր տատանում է նկատվել: Դրա պատճառն ԱՄՆ-ի մակրոտնտեսական անբարենպաստ տվյալներն են, որոնք ուժեղացրել են ամերիկյան տնտեսության դանդաղման կապակցությամբ առկա մտավախությունները՝ դրանով իսկ ճնշում գործադրելով ոսկու գնանշումներին: Այսպես, ADP գործակալության հաշվետվության համաձայն, ԱՄՆ մասնավոր հատվածի աշխատատեղերի թիվը մայիսին աճել է ընդամենը 38 հազարով, մինչդեռ կանխատեսվել է 175 հազարի աճ:

Մատակարարումների կառավարման ինստիտուտի կողմից (Institute of Supply Management, ISM) գնումների մենեջերների ինդեքսի տվյալները մայիսին նույնպես լավատեսական չեն՝ ցուցանիշը նվազել է մինչև 53,5 տոկոս ակնկալվող 57,1 տոկոսի դիմաց: Կրակին յուղ են ավելացրել ԱՄՆ աշխատանքի շուկայի տվյալները՝ ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թիվը մայիսին աճել է ընդամենը 54 հազարով, մինչդեռ կանխատեսվել է 165 հազարի աճ, իսկ գործազրկության մակարդակն աճել է մինչև 9,1 տոկոս՝ կանխատեսվող 8,9 տոկոսի փոխարեն:

Այնուամենայնիվ, չնայած ամերիկյան տնտեսության դանդաղման շուրջ եղած մտահոգություններին, ԱՄՆ նվազող դոլարի ֆոնի ներքո ներդրողները շարունակել են թանկարժեք մետաղ գնել: Ոսկու գնանշումներին լրացուցիչ օժանդակություն են ցուցաբերել ապրանքահումքային շուկաներում, մասնավորապես, նավթի շուկայում աճող գները:

Արդյունքում, նախորդ շաբաթվա ընթացքում ոսկու արժեքն աճել է 0,4 տոկոսով՝ հասնելով տրոյական մեկ ունցիայի դիմաց 1541,85 ԱՄՆ դոլարի մակարդակի:

Կարծում ենք, որ ֆինանսական շուկաներում պահպանվող անորոշության ֆոնի ներքո ոսկին կշարունակի պահանջարկ ունենալ: Այնուամենայնիվ, FOREX շուկայում ԱՄՆ դոլարի դինամիկայի անորոշության ավելացման պատճառով վերջին երկու շաբաթների ընթացքում մենք ոսկու գների տատանում ենք ակնկալում:

Հաջորդ շաբաթ ոսկու արժեքը կորոշվի ԱՄՆ-ի և եվրագոտու մակրոտնտեսական վիճակագրությամբ: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի ընթացիկ տարվա առաջին եռամսյակում եվրագոտու ՀՆԱ վերանայված տվյալների հրապարակումը, ինչպես նաև ԵԿԲ՝ տոկոսադրույքի վերաբերյալ հերթական նիստը, որը կկայանա հունիսի 9-ին: Նիստի ավարտից հետո կանցկացվի եվրոպական կարգավորիչի նախագահ պարոն Տրիշեի ավանդական մամուլի ասուլիսը: ԱՄՆ-ից սպասվող նորություններից հարկ է առանձնացնել առևտրային ապրիլյան  բալանսի տվյալների հրապարակումը:

Սպառողական գնաճի արագացող տեմպերի ֆոնի ներքո հուլիսին տոկոսադրույքների հետագա բարձրացման հնարավորության վերաբերյալ Ժան Կլոդ Տրիշեի դրական մեկնաբանությունների դեպքում, դեղին մետաղի գնանշումները կարող են աճի լրացուցիչ խթան ստանալ:Առաջիկա հինգ առևտրային նստաշրջաններում դիմադրության մակարդակ կարող է դառնալ տրոյական մեկ ունցիայի դիմաց 1575 ԱՄՆ դոլարը:

Սակայն ԱՄՆ-ի մակրոտնտեսական դրական տվյալների և ԵԿԲ առաջիկա նիստում Տրիշեի կողմից տոկոսադրույքի աճի ակնարկների բացակայության դեպքում ամերիկյան դոլարը կարող է ամրանալ հիմնական արտարժույթի նկատմամբ՝ դրանով իսկ ճնշում գործադրելով ոսկու արժեքի վրա: Թանկարժեք մետաղին հաջորդ շաբաթ կօգնի տրոյական մեկ ունցիայի դիմաց 1506 ԱՄՆ դոլարի մակարդակը:

Նախորդ շաբաթ պղնձի արժեքը ֆյուչերսային շուկայում նվազել է 1,4 տոկոսով՝ մինչև մեկ ֆունտի դիմաց 4,1215 ԱՄՆ դոլար: Դրա պատճառներն են՝ առաջին հերթին, համաշխարհային տնտեսության աճի տեմպերի դանդաղման վերաբերյալ մասնակիցների մտավախությունները՝ ԱՄՆ-ից, Չինաստանից և եվրագոտուց եկող գործարար ակտիվության ինդեքսների հիասթափեցնող տվյալների ֆոնի ներքո՝ արդյունաբերական ոլորտի PMI ինդեքսները նվազել են համապատասխանաբար մինչև 53,5 տոկոս, 52 տոկոս և 54,6 տոկոս: Երկրորդ, կարմիր մետաղի բորսայական աճող պահուստները Մետաղների լոնդոնյան բորսայում (ՄԼԲ):

1

Նախորդ շաբաթ Կարմիր մետաղի գնանշումները պահպանող գործոններն են եղել վերականգնվող գներն ապրանքահումքային շուկաներում, մասնավորապես, նավթի շուկայում, ինչպես նաև ԱՄՆ նվազող դոլարը:

Այնուամենայնիվ, պղնձի գնանշումները մնում են կոնսոլիդացման վիճակում և շատ խոցելի են, քանի որ արտադրական ոլորտի հիմնական սպառողների համար գործարար ակտիվության ինդեքսները մոտենում են 50 տոկոսի նիշին:

Հաջորդ շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը հիմնականում կսահմանվի Չինաստանից, եվրագոտուց, ԱՄՆ-ից եկող տնտեսական լուրերի և ԱՄՆ դոլարի դինամիկայի հիման վրա: Եթե մայիսին առևտրային բալանսի սալդոն Չինաստանում, ինչպես նաև եվրագոտում առաջին եռամսյակի ՀՆԱ տվյալները կանխատեսվածներից դրական լինեն, և միաժամանակ, եվրոպական արժույթը շարունակի ամրանալ ամերիկյան արժույթի նկատմամբ տոկոսադրույքի հետագա բարձրացման հնարավորության վերաբերյալ պարոն Տրիշեի մեկնաբանումների ֆոնի ներքո, ապա պղինձն աճի լրացուցիչ խթան կունենա:

Այդ երկրներից բացասական տնտեսական տվյալների ստացման դեպքում համաշխարհային տնտեսության դանդաղման մտավախությունները կուժեղանան, իսկ կարմիր մետաղը կարող է շարունակել նվազել: Պղնձի գնանշումների տատանման ենթադրվող միջակայքը ֆյուչերսային շուկայում հաջորդ շաբաթ կլինի պղնձի մեկ ֆունտի դիմաց 3,95-4,25 ԱՄՆ դոլար:

Միքայել Վերդյան, Forex Club-ի վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը

Յունիբանկը՝ որպես Հայաստանի ազգային- պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բարերար, իր աջակցությունը ցուցաբերեց համալսարանի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոյի կազմակերպմանը

AMX-ում տեղի են ունեցել 78 մլրդ դրամի պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում հուլիսի 7-ին տեղի է ունեցել ընդհանուր 70 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և մոտ 8 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի հետգնման աճուրդներ։

Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր  (ՎԻԴԵՈ)

Իդրամն ու «Ծնողական համայնք» ՀԿ-ն համագործակցում են արդեն երկրորդ տարին՝  նպատակ ունենալով աջակցել ընտանիքներին և նպաստել ավելի գիտակից ու ֆինանսապես գրագետ սերնդի ձևավորմանը։

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը (ՎԻԴԵՈ)

Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

Հայաստանի շուկայում արտարժույթի առաջարկն ավելանում է. ԿԲ

Հայաստանի արժութային շուկայում արտարժույթի առաջարկի աճ է նկատվում, CivilNet-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img