ՀՀ ԿԲ կառույցը EFSE հիմնադրամի միջոցով 2 մլն եվրո աջակցություն կցուցաբերի ՓՄԲ վարկավորմանը

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեկ Երևանում համաձայնագիր է ստորագրվել Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Ֆոնդի և «Փոքր և Միջին բիզնեսների վարկավորման աջակցություն» ՓԲԸ-ի` Հայաստանի Կենտրոնական բանկի դուստր ընկերության միջև, համաձայն որի Ընկերությունը 2 մլն եվրոյի ներդրում է կատարել վերոնշյալ ֆոնդի  նորաստեղծ ՀՀ դրամով ֆինանսական պատուհանում, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

«Այս ներդրման շնորհիվ Հայաստանի Կենտրոնական բանկն իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերում փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորմանը Հայաստանում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ֆոնդը ստեղծել է ՀՀ դրամով ֆինանսական պատուհանը` աջակցելու և խթանելու Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններին տեղական արժույթով վարկավորմանը:

«Տեղական արժույթով վարկավորումը համարվում է ամենաարդյունավետ միջոցը արտարժույթային ռիսկերը նվազեցնելու գործում: Մասնավորապես, ներկայումս փոքր և միջին ձեռնարկությունները հնարավորություն կունենան ներգրավել երկարաժամկետ տեղական արժույթով վարկեր` խուսափելով արտարժույթային ռիսկից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այն նաև արդյունավետ մեխանիզմ է լրացուցիչ ֆինանսավորման միջոցներ ներգրավելու համար, մասնավորապես արդեն իսկ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը 5 մլն եվրոյի ներդրում է նախատեսել`  խթանելու տեղական արժույթով վարկավորումը Հայաստանում, ինչպես նաև Ֆոնդի այլ նպատակային երկրներում:

«Նոր ստեղծված ֆինանսական պատուհանի դռները բաց են նոր միջազգային դոնոր կազմակերպությունների և տեղական ֆինանսական ընկերությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Այն փաստը, որ Հայաստանի Կենտրոնական բանկը էական ներդրում է իրականացնում, մեծ վստահություն է ներշնչում Ֆոնդի և նրա երկրի տնտեսության զարգացման վրա հետագա դրական ազդեցության գործում», – ասել է Եվրոպական Ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Կլաուս Գլաուբիթթը:

Իր հերթին ներդրումային կոմիտեի նախագահ Մոնիկա Բեքը նշել է, որ չնայած փոքր և միջին ձեռնարկությունները կազմում են Հայաստանի տնտեսության ողնաշարը, նրանք չեն կարողանում համապատասխան արտարժութային եկամուտներ ձևավորել և դրանով ֆինանսավորել իրենց երկարաժամկետ արտարժույթային պարտավորությունները:

«Հետևաբար, ՀՀ Կենտրոնական բանկը հիանալի օրինակ է ծառայում` ներդնելով Ֆոնդի տեղական արժույթով ֆինանսական պատուհանում: Աջակցելով վարկային գործիքների տեսականու ընդլայնմանը, մասնավորապես տեղական արժույթով երկարաժամկետ վարկերը, ՀՀ Կենտրոնական բանկը խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը միաժամանակ նպաստելով բանկային համակարգի կայունությանը և զարգացմանը»,- ավելացրել է Բեքը:

Միաժամանակ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ֆոնդի հետ համագործակցությունը փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման բնագավառում:

«Բանկային համակարգի կայուն զարգացման համար չափազանց կարևոր է փոքր և միջին ձեռնարկությունների տեղական արժույթով ֆինանսավորման ևս մեկ աղբյուրի առկայությունը:  Կենտրոնական բանկի դուստր կառույցի կատարած ներդրումը ֆոնդի կապիտալում հնարավորություններ է ընձեռում Հայաստանի ֆինանսական  ինստիտուտներին լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավել միջազգային աղբյուրներից»,- ասել է նա:

Ըստ Ջավադյանի՝ հայկական երկու բանկեր` Կոնվերս բանկն ու Արարատ բանկը,  արդեն իսկ միջոցներ են ներգրավել ֆոնդից փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման նպատակով և ակնկալվում է, որ նորաստեղծ ֆինանսավորման պատուհանի շնորհիվ համագործակցող ֆինանսական ինստիտուտների թիվը կավելանա:

Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Ֆոնդի նպատակն է նպաստել Հարավային Եվրոպայի և Եվրոպական հարևանության արևելյան տարածաշրջանի երկրների տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը, այդ թվում` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսիան, Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Մակեդոնիան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան: Այս Ֆոնդն երկարաժամկետ ֆինանսական միջոցներ է տրամադրում փոքր և միջին ձեռնարկություններին, տնային տնտեսություններին` բնակարանների վերանորոգման վարկերի տեսքով, և այս ամենն իրականացնում է ֆինանսական հաստատությունների միջոցով:

Փոքր և միջին բիզնեսների վարկային օժանդակություն ՓԲԸ-ն ստեղծվել է 2010թ.-ի դեկտեմբերի 28-ին միջազգային մասնագիտացված ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության միջոցով` աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը Հայաստանում: Մասնավորապես Ընկերության հիմնական նպատակն է բանակցել փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման բնագավառում մասնագիտացված տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ապահովելու համար միջազգային ֆինանսական շուկաներից ֆինանսական միջոցների ներհոսք դեպի հայաստանյան վարկատու ինստիտուտներ: Ընկերության միակ սեփականատերը ՀՀ Կենտրոնական բանկն է: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ռուսական բանկերի նկատմամբ կիրառված պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում Հայաստանի բանկային համակարգի համար․ ԿԲ նախագահ

Ռուսական բանկերի նկատմամբ ԱՄՆ-ի և Եվրամիության պատժամիջոցները լուրջ խնդիրներ են ստեղծում հայկական բանկերի և ռուսական ֆինանսական կազմակերպությունների փոխգործակցության համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Visa-ն, Mastercard-ը և American Express-ը դարձել են OpenAI-ի նոր վճարային ծառայության գործընկերները

Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img