ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Visa, Mastercard և American Express միջազգային վճարային համակարգերը մասնակցել են ChatGPT Wallet-ի՝ OpenAI-ի նոր ծառայության մշակմանը, որը թույլ է տալիս ԱԲ գործակալներին օգտատերերի անունից գնումներ կատարել՝ առանց նրանց բանկային քարտերի իրական տվյալներին հասանելիություն ունենալու։
OpenAI-ն նոր լուծման գործարկման մասին հայտարարել է նոյեմբերի 13-ին։ Նոր պրոդուկտը միտված է գործակալային առևտրի զարգացմանը՝ մի մոդելի, որի շրջանակում արհեստական բանականությունը մասնակցում է ոչ միայն ապրանքների որոնմանն ու ընտրությանը, այլև վճարումների իրականացմանը։
ChatGPT Wallet-ի հիմքում ընկած է բանկային քարտերի տոկենիզացիայի տեխնոլոգիան։
Օգտատերն իր քարտն ավելացնում է պաշտպանված թվային դրամապանակում, որից հետո կարող է ԱԲ գործակալին հանձնարարել ձևակերպել գնումը։ Գործարքն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է ստուգել դրա պարամետրերը և հաստատել վճարումը կենսաչափական նույնականացման միջոցով։
Թույլտվությունը ստանալուց հետո վճարային ենթակառուցվածքը ձևավորում է փոխարինող վավերապայմաններով թվային վճարային տոկեն, որն օգտագործվում է քարտի փաստացի տվյալների փոխարեն։
Ընդ որում, գումարը գանձվում է ընտրված բանկային քարտից, իսկ գործարքն իրականացվում է գործող վճարային ենթակառուցվածքի միջոցով։
Ինչ է սա նշանակում բանկերի համար
Նոր մոդելի սկզբունքային առանձնահատկությունը բանկ-թողարկողների և միջազգային վճարային համակարգերի դերի պահպանումն է։
OpenAI-ի հրապարակած պայմանների համաձայն՝ ChatGPT Wallet-ը օգտատիրոջ համար առանձին բանկային հաշիվ չի բացում, դրամական մնացորդ չի պահում և վարկ չի տրամադրում։
Բանկ-թողարկողը շարունակում է որոշում կայացնել գործարքը թույլատրելու վերաբերյալ, իսկ վաճառողը՝ պատվերի կատարման։
Օգտատերերը նաև պահպանում են իրենց քարտերի պայմաններով նախատեսված պարգևատրման ծրագրերից օգտվելու հնարավորությունը և համապատասխան վճարային վեճերի դեպքում պաշտպանության մեխանիզմները։
OpenAI-ն չի դառնում բանկ կամ ինքնուրույն վճարային համակարգ։ Ընկերությունը տրամադրում է տեխնոլոգիական գործիք, որը թույլ է տալիս ԱԲ գործակալին գնում նախաձեռնել գործող վճարային ենթակառուցվածքի շրջանակում։
Վճարային համակարգերը զարգացնում են գործակալային առևտուրը
Mastercard-ի, Visa-ի և American Express-ի ներկայացուցիչները OpenAI-ի պաշտոնական հաղորդագրության մեջ ընդգծել են անվտանգության, վստահության և գործող վճարային մեխանիզմների պահպանման կարևորությունը՝ էլեկտրոնային առևտրում ԱԲ գործակալների ներդրման պայմաններում։
Մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ ավտոմատացված գործարքների ճիշտ ընկալումը. խարդախության դեմ պայքարի գործող համակարգերը կարող են ԱԲ գործակալների գործողություններն ընկալել որպես կասկածելի ակտիվություն։
OpenAI-ն վճարային և տեխնոլոգիական գործընկերների հետ աշխատում է նոր լուծման՝ վճարումների մշակման գործող համակարգերի հետ համատեղելիությունն ապահովելու ուղղությամբ։
Հասանելիությունն ու հեռանկարները
Սկզբնական փուլում ChatGPT Wallet-ն աստիճանաբար հասանելի է դառնում ԱՄՆ-ում ChatGPT Pro-ի չափահաս բաժանորդներին՝ Dots անհատական ԱԲ գործակալների միջոցով։
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ամերիկյան բանկի համապատասխան քարտ և վճարային հասցե ԱՄՆ-ում։ OpenAI-ի տեղեկատու փաստաթղթերում աջակցվող տարբերակների շարքում նշված են նաև Chase-ի համապատասխան քարտերը։
ChatGPT Wallet-ը Հայաստանում գործարկելու ժամկետների մասին ընկերությունը չի հաղորդել։
Բանկային հատվածի համար նոր տեխնոլոգիան հետաքրքրություն է ներկայացնում որպես քարտային վճարումների զարգացման պոտենցիալ ուղղություն, որի շրջանակում գնման նախաձեռնողը դառնում է ԱԲ գործակալը, մինչդեռ գործարքի թույլտվությունը, մշակումը և քարտապանի պաշտպանությունը շարունակում են իրականացվել բանկային և վճարային ենթակառուցվածքի շրջանակում։






