Մետաղների շուկա. ոսկու և պղնձի գնանշումներն առաջիկա շաբաթվա ընթացքում կորոշվեն ԵԿԲ նախագահ Դրագիի մեկնաբանություններով

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /ԱՌԿԱ/. Հետտոնական շաբաթը, ինչպես և սպասվում էր, բավական հագեցած է: Հիմնական մասնակիցների վերադարձը շուկա, առքուվաճառքի ծավալների աստիճանաբար վերականգնումը, ինչպես նաև անցած շաբաթ հրապարակված մակրոտնտեսական վիճակագրությունը շուկայում էական փոփոխությունների են հանգեցրել:

Վերջին չորս առևտրային օրերին ոսկու արժեքը 3,32 տոկոսով աճել է՝ հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1616,64 ԱՄՆ դոլարի: Անցած շաբաթվա սկզբին ոսկու արժեքի աճի խթանող գործոն են դարձել Գերմանիայից և ԱՄՆ-ից ստացված բարենպաստ մակրոտնտեսական տվյալները: Ոսկու արժեքի աճի ևս մեկ գործոն է դարձել Իրանի և Արևմուտքի միջև աճող աշխարհաքաղաքական լարվածությունը: Արդյունքում՝ ոսկուն հաջողվել է հասնել շաբաթվա առավելագույնին՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1631,05 ԱՄՆ դոլարի:

Ոսկու արժեքի աճը զսպված էր երկրորդ կիսամյակում ամրապնդվող ԱՄՆ դոլարի համեմատ: Ամերիկյան արժույթն աճի հերթական ազդակը ստացավ ուրբաթ՝ հունվարի 6-ին, հրապարակված դեկտեմբեր ամսվա ընթացքում ԱՄՆ ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխության մասին  տվյալներից հետո: Տվյալ ցուցանիշն աճեց մինչև 200 հազարի՝ կանխատեսված 155 հազար աճի դիմաց: Ինչի հետևանքով ոսկու գինն անցած շաբաթվա վերջին առևտրային օրերին նվազեց:

Առաջիկա շաբաթվա ընթացքում ամերիկյան արժույթի ուժեղ դիրքերը նախկինի նման կխոչընդոտեն թանկարժեք մետաղի գնանշումների աճին: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի Աթենքին 130 մլրդ եվրո հատկացնելու հարցը՝ միջազգային օգնության երկրորդ փաթեթի շրջանակներում, առանց որի Հունաստանը կարող է արդեն մարտին դեֆոլտ հայտարարել: Մի քանի եվրոպական երկրների պարտքային շուկաների լարված իրավիճակը նույնպես սահմանափակում է ոսկու արժեքի աճը: Միաժամանակ, քանի որ ոսկին երկուհարյուրօրյա սահող միջինից ներքև է իջել՝ չկարողանալով հաղթահարել այն, թանկարժեք մետաղի գնանշումների որոշակի նվազում է հնարավոր: Առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում աջակցության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1585,0 ԱՄՆ դոլարի նշանակությունը:

Ընթացիկ շաբաթում ոսկու դինամիկայի վրա կարող է ազդել ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունը: Ամերիկյան նորություններից պետք է ուշադրություն դարձնել դեկտեմբեր ամսվա մանրածախ վաճառքների և նոյեմբեր ամսվա առևտրային հավասարակշռության, ինչպես նաև տնտեսության հարցերով Դաշնային պահուստային բանկերի ներկայացուցիչների ելույթների վրա: Եվրոպական նորություններից պետք է առաձնացնել երրորդ եռամսյակի ՀՆԱ-ի վերաբերյալ վերջնական տվյալները, ինչպես նաև տոկոսադրույքի վերաբերյալ ԵԿԲ նիստը և դրա նախագահ Մարիո Դրագիի ավանդական մամուլի ասուլիսը, որը նախատեսված է հինգշաբթի՝ հունվարի 12-ին: Սպասվում է, որ եվրոպական կարգավորիչն անփոփոխ կթողնի դրույքը՝ 1,0 տոկոսի մակարդակում: Այն դեպքում, եթե ակնկալիքներն աարդարացվեն, իսկ պարոն Դրագիի մեկնաբանությունները չափավոր դրական գտնվեն, ոսկին, հնարավոր է, շարունակի իր աճը: Առաջիկա շաբաթվա ընթացքում թանկարժեք մետաղի համար դիմադրություն կարող է հանդես գալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1652,0 ԱՄՆ դոլարը:

Անցած շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքը 0,02 տոկոսով աճել է՝ հասնելով մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,43 ԱՄՆ դոլարի: Դրա պատճառ է դարձել անցած շաբաթվա առաջին կիսամյակում ֆինանսական շուկաների մասնակիցների տրամադրության բարելավումը: Սակայն անցած հնգօրյակի երկրորդ կիսամյակում կարմիր մետաղի գնանշումներին չի հաջողվել պահպանել ձեռքբերած դիրքերը՝ եվրագոտու երկրների պարտքային ճգնաժամի նոր սրման ֆոնի ներքո ամերիկյան արժույթի արժեքի աճի պատճառով:

Անցած շաբաթ կարմիր մետաղի գնանշումների համար լրացուցիչ աջակցող գործոն է դարձել Լոնդոնի մետաղների բորսայում (ԼՄԲ) տյվալ ակտիվի նվազող բորսային պաշարը:

ԼՄԲ-ում պղնձի բորսային պաշարները
ԼՄԲ-ում պղնձի բորսային պաշարները

Առաջիկա շաբաթվա ընթացքում պղնձի արժեքը կորոշվի ԱՄՆ-ից և եվրագոտուց ստացվող տնտեսական նորություններով: Եթե այդ տվյալները չափավոր դրական գտնվեն, իսկ ԱՄՆ դոլարը ժամանակավորապես դադարեցնի իր ռալին, FOREX միջազգային արժութային շուկայում պղնձի գնանշումներն աճի ազդակ կստանան:

Այն դեպքում, եթե տվյալ վիճակագրությունը բացասական գտնվի, իսկ ԵԿԲ նախագահ Դրագիի մեկնաբանությունները չափավոր բացասական գտնվեն, պղինձը կարող է վերականգնել իր անկումը: Ընթացիկ շաբաթ ֆյուչերսային շուկայում պղնձի արժեքի տատանման ենթադրելի դիապազոնն է մեկ ֆունտ պղնձի դիմաց 3,36–3,55 ԱՄՆ դոլարը:-0-

Միքայել Վերդյան, Forex club-ի վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Բարդ հաշվարկներ, համառ պայքար և մեծ հաղթանակներ․ երեխաների շրջանում սիրված Junius ֆինանսական մրցաշարը մոտեցավ իր ավարտին

Ակբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն է

Ակբա բանկը Հայաստանի ֆոնդային բորսայում կիրականացնի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դրամային պարտատոմսերի շուկա ստեղծողի դերը՝ ապահովելով դրանց իրացվելիությունը երկրորդային շուկայում:

ՀՀ-ի սուվերեն վարկանիշի աճը պետք է նվազեցնի տոկոսադրույքները, բայց արտաքին գործոններն ճնշում են գործադրում գնաճի վրա. Փաշինյան

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի  ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամի ժամանակ անդրադարձել է վարկերի տոկոսադրույքների հնարավոր բարձրացման մասին հարցին։

ՀՀ  ԿԲ–ն ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը․ ինչպես է այն փոխվել 2022թ․–ի վերջից (ԳՐԱՖԻԿ)

Կենտրոնական բանկը նախօրեին ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img