«Ամերիա» խումբը հովանավորել է գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Ամերիա» Խումբը Լոս Անջելեսում տոնել է իր անդամակցությունը ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատին (AACC) և հովանավորել Հայ-ամերիկյան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար ոլորտի 13-րդ մրցանակաբաշխությունը, երեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիաբանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, այդ արարողությունը  տարվա խոշորագույն իրադարձություններից է, որին մասնակցել է ավելի քան 400 սփյուռքահայ գործարար:

Միջոցառման ժամանակ մրցանակներ են շնորհվել ԱՄՆ-ի երեք հայտնի սփյուռքահայ գործարարների, որոնք առավելագույն հաջողության են հասել բիզնեսում և իրենց դրսևորել որպես համայնքի ակտիվ առաջնորդ:
Ըստ հաղորդագրության, «Տարվա լավագույն ընկերություն 2012» մրցանակը շնորհվել է «Տուրբո Թայերս» (Turbo Tires) ընկերությունը, «Տարվա կին գործարար» մրցանակը` իրավաբան Մարո Բուրունսուզյանին, «Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Էսթետ Ջուելրի Հաուս» (Estet Jewelry House) ընկերության նախագահ Գագիկ Գևորգյանը:

«Տարվա կազմակերպություն 2012» մրցանակը շնորհվել է Հայ-ամերիկյան բժշկական միությանը (Armenian American Medical Society), որի գործունեության մեջ մեծ ներդրում ունեն դոկտոր Վիքեն Սեփիլյանը` կազմակերպության նախագահը, և Ռամելա Մարգարյանը` նույն կազմակերպության կանանց կենտրոնի նախագահը (Armenian American Medical Society Ladies Auxiliary):

Ամերիայի այցեքարտի խաղարկության հաղթողը ստացել է հատուկ նվեր «Ամերիա» խմբի անունից:
Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից ստացված հասույթի մի մասն ուղղվելու է ԱՄՆ-ի և Հայաստանի հայ ուսանողներին կրթաթոշակ վճարելուն:

Որպես ԱՄՆ-ի Հայ-ամերիկյան առևտրի պալատի անդամ` ԱՄՆ-ում  Ամերիայի ներկայացուցչությունը` «Ameria Group Inc»-ը,  նախատեսում է 2012թ.-ի ընթացքում մի շարք շնորհանդեսներ կազմակերպել պալատի ավելի քան 1,800 անդամների համար` Հայաստանում ներդրումներ իրականացնելու և գործունեություն ծավալելու վերաբերյալ:

ԱՄՆ-ում «Ameria Group Inc» ընկերության խորհրդանիշ է դարձել խնձորներով շրջապատված ծիրանը (լատ. հայկական խնձորը), որը խորհրդանշում է այն, որ «Ամերիա»  ընկերությունների  խումբն ԱՄՆ-ում առանձնանալով այլ ֆինանսական և խորհրդատվական ընկերությունների շարքում, կոչված է ծառայելու որպես կամուրջ սփյուռքի և հայրենիքի միջև` իրավաբանական և կառավարչական խորհրդատվական համալիր ծառայություններ տրամադրելու միջոցով:

«Ամերիա» անվան և ապրանքանիշի ներքո գործող ընկերությունները հանդիսանում են հայաստանյան շուկայում առավել դինամիկ և արագ զարգացող, մասնագիտացված ծառայություններ մատուցող հաստատություններ, որոնք գործունեություն են ծավալում իրավական, կառավարման, ներդրումների և գործարար ծրագրերի իրականացման աջակցման և խորհրդատվության, ինչպես նաև ֆինանսական և բանկային ծառայությունների ոլորտում:

1998թ.-ին հիմնադրված «Ամերիա» ընկերությունը, որը խորհրդատվական ծառայությունների հայկական շուկայի առաջատար ընկերություններից մեկն է, առաջարկում է մասնագիտական ծառայություններ երեք հիմնական ուղղություններով՝ կառավարման, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն: Ընկերությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական և ռազմավարական խորհրդատու և գործընկեր հաճախորդների համար պետական և մասնավոր հատվածներում, ինչպես նաև Հայաստանում և Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպություններում: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img