Thu, 2 October
13.1 C
Yerevan
USD: 382.74 RUB: 4.68 EUR: 448.80 GEL: 140.69 GBP: 515.63

ՎԶԵԲ-ը 7 մլն դոլար գումարի չափով վարկ կտրամադրի Արարատբանկին՝ ՓՄՁ-ի և ՀՀ ագրոհատվածի զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և «Արարատբանկ» ԲԲԸ-ն հինգշաբթի 7 մլն դոլար գումարի չափով վարկային համաձայնագիր են ստորագրել՝ փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտի զարգացման (ՓՄՁ) և ագրոհատվածի խթանման ուղղությամբ։
«Այդ պայմանագիրը մի քանի բաղադրիչներ է պարունակում, որոնք այն տարբերում են Արարատբանկի և Հայաստանի այլ բանկերի հետ մեր նախորդ համաձայնագրերից։ Մենք այդ պայմանագրով նոր բան ենք բերում երկրի բանկային համակարգ»,- ասաց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։
Նա պարզաբանեց, որ հնգամյա վարկային պայմանագրի շրջանակներում Արարատբանկին հայկական դրամով պաշարներ ներգրավելու հնարավորություն կընձեռվի, ինչը թույլ կտա նրան արձագանքել ազգային արժույթով երկարաժամկետ պաշարներ հատկացնելու իր հաճախորդների պահանջին:
«Այդ գումարի մի մասը` 1 մլն դոլարը, Արարատբանկը կարող է հատկացնել ագրոհամալիրի փոքր ձեռնարկություններին, այդ թվում՝ ֆերմերային տնտեսություններին, վերամշակող արդյունաբերությանը և բոլոր օղակներին, որոնք կապված են գյուղատնտեսական ապրանքի վերամշակման հետ»,- ասաց նա:
Արարատբանկը նոր վարկային պաշարների հաշվին կֆինանսավորի տնտեսական սուբյեկտներին, որոնք գործում են շինարարության, արտադրության, ագրոհատվածի, ինչպես նաև առևտրի և սպասարկման ոլորտում: Վարկի առավելագույն չափը կկազմի 300 հազար դոլար:
«Մենք նաև կցանկանայինք նշել Եվրամիության՝ Neighborhood Investment Facilit, կողմից այդ նախագծով Արարատբանկին հատկացված տեխնիկական օգնությունը: Պաշարների հատկացման հետ զուգահեռ մենք կաջակցենք Արարատբանկին հատկապես ագրոհատվածի համար պաշարներ հատկացնելու ունակությունների բարելավման հարցում»,- պարզաբանեց Ռազլոգը:
Միաժամանակ նա նշեց, որ ՎԶԵԲ-ն արդեն երկար տարիներ արդյունավետ համագործակցություն է տանում Արարատբանկի հետ:
«Այսօրվա դրությամբ Արարատբանկին հատկացված միջոցների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 20 մլն դոլար: Սա ամենը չէ, մենք կաշխատենք նաև հետագայում»,- ասաց Ռազլոգը:
«Արարատբանկ» ԲԲԸ կառավարման նախագահ Աշոտ Օսիպյանն իր հերթին ասաց, որ տվյալ պայմանագրի շրջանակներում բանկը կստանա գյուղատնտեսության ոլորտի վարկավորման լավագույն տեխնոլոգիաները՝ նշելով նաև հայկական դրամով վարկավորման գրավչությունը:
«Այն բարենպաստ պայմաններ կստեղծի Արարատբանկի հաճախորդների համար, մեր քաղաքականության շրջանակներում մենք կփորձենք ազատել հաճախորդներին արժութային ռիսկերից»,- պարզաբանեց նա:
Ըստ Օսիպյանի՝ դրամով հատկացված վարկերի տոկոսադրույքը կկազմի մոտավորապես 14-15 տոկոս:
«Կապիտալ ներդրումների, այդ թվում տեխնոլոգիաների ներմուծման կամ օբյեկտների ձեռք բերման դեպքում, մարման ժամկետը կկազմի հինգ տարի, իսկ շրջանառու միջոցներ ձեռք բերելիս՝ երեքից մինչև չորս տարի»,- ասաց նա:
Կառավարման նախագահը հիշեցրեց նաև, որ անցյալ տարի Արարատբանկը փորձնական ծրագիր իրականացրեց 2 մլն դոլարին համարժեք գումարի չափով, որոնք ներգրավվել էին ՎԶԵԲ-ից:
«Արարատբանկ» ԲԲԸ-ն  «Հայկապբանկի» իրավահաջորդն է, հիմնադրվել է 1991թ.-ի սեպտեմբերի 20-ին:  Բանկի բաժնետերերի կազմի մեջ մտնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ 25 տոկոս մասնաբաժնով: Բանկի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի 74,1 տոկոսը պատկանում է հիմնական բաժնետեր, խոշոր ձեռներեց, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:
Ըստ առաջին կիսամյակի տվյալների՝ ՓՄՁ ընկերությունների բանկերի ֆինանսավորման ծավալը տարեսկզբին աճեց 21 տոկոսով՝ գերազանցելով 12,9 մլրդ դրամը:
ՎԶԵԲ-ը Հայաստանում սկսել է գործել 1992 թ.-ից: Երկրում իր գործունեության սկզբից՝ 1992 թ.-ից և մինչ 2012թ. մարտ ՎԶԵԲ-ը ներդրել է ավելի քան 516 մլն եվրո ֆինանսական, կորպորատիվ, էներգետիկ և ենթակառուցվածքային բնագավառներում իրականացվող ավելի քան 106 ծրագրերում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Ներդրումներ՝ առանց միֆերի․ CubeInvest–ի գլխավոր տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունների, ռիսկերի և հեռանկարների մասին

Cube Invest–ի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Միքայել Մարգարյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է գործունեության առանցքային ուղղություններին, Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման խոչընդոտներին և հեռանկարներին, ինչպես նաև ցրել է ներդրումների հետ կապված տարածված միֆերը

Հայաստանում ներդրումային բում է․ հնարավորություններ, խոչընդոտներ և մոլորություններ

«ԱՌԿԱ» գործակալությունը Sirius Capital ներդրումային ընկերության գործադիր տնօրեն և կառավարող մասնակից Արարատ Մկրտչյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես պետք է ճիշտ ձևավորել ներդրումային պորտֆելը, Հայաստանի ընթացիկ ներդրումային միջավայրի և ներդրումների հիմնական միֆերի մասին

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img