Mon, 24 February
-7.9 C
Yerevan
USD: 394.41 RUB: 4.46 EUR: 412.67 GEL: 140.79 GBP: 498.77
spot_img

IFC-ի կողմից թողարկված դրամային պարտատոմսը կարող է երկարաժամկետ ներդրումային գործիք հանդիսանալ Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն դարձավ առաջին ոչ ռեզիդենտը որը Հայաստանի շուկայում թողարկեց 2 միլիադ ՀՀ դրամի (մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար) պարտատոմս: Այն նաև Հայաստանի կապիտալի շուկայում թողարկված առաջին օտարերկրյա պարտատոմսն է:  IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքը «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հետ բացառիկ հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպիսի նպատակների կծառայեն պարտատոմսի թողարկումից ստացված ֆինանսական միջոցները և նախատեսվում է արդյո՞ք նոր պարտատոմսի թողարկում:

«ԱՌԿԱ» – պարոն Լյուբեք, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում IFC-ի կողմից մեկնարկային պարտատոմսերի թողարկումը և ինչպիսի՞ նպատակների կծառայեն տվյալ արժեթղթերը:

Թ. Լյուբեք – Դեկտեմբերի 23-ին IFC-ն թողարկեց 2 միլիադ դրամի «Սևան» մեկնարկային պարտատոմսը: Այն IFC-ի կողմից իրականացվող 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի շրջանակներում կատարված առաջին թողարկումն է, ինչպես նաև  ՀՀ ոչ ռեզիդենտի կողմից թողարկված առաջին դրամային պարտատոմսն է: «Սևան» պարտատոմսը հանդիսանում է բարձր որակի ներդրումային այլընտրանքային տարբերակ ինստիտուցիոնալ ներդրողների համար, որը թույլ է տալիս ազատ միջոցները ներդնել տեղական տնտեսության զարգացման նպատակով: Մենք որոշում կայացրեցինք պարտատոմսը անվանել «Սևան», քանի որ տեղական կապիտալի շուկայում առաջին միջազգային թողարկողը սովորաբար ունի պարտատոմսն անվանելու արտոնություն: Շուկայի հիմնական մասնակիցների հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում ընտրվեց այս անվանումը: Հայաստանի բարձրալեռնային Սևանա լիճը հայտնի է իր մաքուր ու պարզ ջրով, և մենք ցանկանում ենք, որպեսզի այդ հատկանիշները ապագայում բնութագրեն հայկական կապիտալի շուկան:

«ԱՌԿԱ» – Սպասվում է արդյո՞ք նոր արժեթղթերի թողարկում մյուս տարվա ընթացքում, եթե այո, ապա ի՞նչ ծավալով և ինչպիսի՞ նպատակների համար է այն ծառայելու:

Թ. Լյուբեք – Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում նախատեսվում է թողարկել ևս 6 միլիարդ դրամի պարտատոմսեր: Դա կախված է շուկայի պահանջի ծավալից: Միջոցները ներդրվելու են Հայաստանում: Ինչպես գիտեք, IFC-ն ունի մի շարք ներդրումային պրոդուկտներ, որոնք նախատեսված են տեղական բանկերի և ընկերությունների համար, ինչպես նաև IFC-ի կողմից իրականացվում են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր: Մինչ այսօր, ներդրումային պրոդուկտները և  վարկերը տրամադրվում էին միայն ԱՄՆ դոլարով: Ներկայում, մենք արդեն կարող ենք առաջարկել վերոհիշյալ ծառայությունների ֆինանսավորումը ՀՀ դրամով: Օրինակ՝ տվյալ միջոցները կարող են տրամադրվել միկրովարկավորում իրականացնելու նպատակով, ինչը թույլ կտա մեզ վերացնել արժութային ռիսկերը փոքր և միջին ձեռնարկությունների համար: Սակայն, մենք դիտարկելու ենք նաև այլ ուղղություններ, օրինակ՝ տնտեսության իրական հատվածում ներդրումների իրականացում:

«ԱՌԿԱ» – Ինչպիսի՞ ազդեցություն կունենա IFC-ի կողմից թողարկված պարտատոմսը հայկական ֆոնդային և ֆինանսական շուկայի, ինչպես նաև ընդհանուր տնտեսության վրա:

 Թ. Լյուբեք – Իրականում շատ կարևոր է, որ IFC-ն մեկնարկեց տվյալ գործընթացը:  Մենք Հայաստանում սկսում ենք նոր ծրագրեր ուսումնասիրել և դա կարևոր է երկու պատճառներով՝ առաջինը, ինչպես գիտեք, կառավարությունը ավարտում է կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը և հունվարի 1-ից ի հայտ կգան կենսաթոշակային ակտիվները կառավարող մասնավոր ընկերություններ, որոնք երկարաժամկետ ներդրումային գործիքների կարիք կունենան:  Կենսաթոշակային ֆոնդերը կառավարող ընկերությունները հնարավորություն կունենան ներդրում կատարել IFC–ի պարտատոմսի միջոցով:

Մենք հույս ունենք, որ պարտատոմսի թողարկումը օրինակ կծառայի այլ միջազգային թողարկողների համար, որոնք նույնպես կսկսեն արժեթղթեր թողարկել տեղական շուկայում, որպեսզի ընկերությունների կողմից կառավարվող կենսաթոշակային կուտակումները ներդրվեն Հայաստանի ակտիվների շուկայում:

Երկրորդ կարևոր պատճառն այն է, որ պարտատոմսի թողարկումը դրական գործոն է նաև փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև իրական հատվածում գործող ընկերությունների համար: Մինչ այսօր Հայաստանի բանկային համակարգում իրականացվող ներդրումների մեծ մասը կատարվել է ԱՄՆ դոլարով: Որքան շատ լինի տեղական արժույթով ներդրումային գործիքների թիվը, այնքան ցածր կլինեն արժութային ռիսկերը:

Կցանկանայի առանձնահատուկ նշել, որ հայկական դրամը դարձավ 14-րդ ազգային արժույթը, որով IFC-ն պարտատոմս է թողարկել: Մենք իրականացրել ենք պարտատոմսերի թողարկում Բրազիլիայում, Մալայզիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Նիգերիայում և Զամբիայում: Ինչ վերաբերվում է ԱՊՀ տարածաշրջանին, IFC-ի կողմից տեղական արժույթով պարտատոմսեր են թողարկվել միայն Հայաստանում և Ռուսաստանում: –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ–ում կտրամադրվի 15մլրդ դրամի վարկ ժամանակակից ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար

Ընդունված որոշման շրջանակում ակնկալվում է, որ մինչև 2026 թվականի վերջը կստեղծվեն 35 հա ժամանակակից ջերմոցային տնտեսություններ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Հայաստանի ֆինանսական շուկան հաջողված է, բանկային համակարգն ուժեղ է․ փորձագետ

Հայաստանի բանկային համակարգը բավականին ուժեղ է։ Եթե համեմատենք հետխորհրդային երկրների հետ, բացառությամբ Բալթյան երկրների, Հայաստանի բանկային համակարգը շատ բարձր որակի է

Հայաստանն ու ՎԶԵԲ–ը քննարկում են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի

Հայաստանի ֆոնդային բորսան Global Banking & Finance Awards-ի կողմից արժանացել է երկու հեղինակավոր մրցանակների

Այս մրցանակները կարևորում են AMX-ի առաջատար դերը տարածաշրջանի ֆինանսական շուկայում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img